Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սպենդիարյանը եվրոպական արժեքների փաստումն էր մեր երկրում և ապացույցը, որ ազգայինը և միջազգայինը համակեցության մեջ և անհակասականորեն գոյակցող արժեքներ են. Արա Խզմալյան

Սեպտեմբեր 06,2021 13:04

Հայաստանի մշակութային մայրաքաղաք Գյումրին մարդաշատ էր երեկ: Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանի բակում կայացավ աննախադեպ բացօթյա համերգ «Սպենդիարյան – 150» երաժշտական փառատոնի  շրջանակում:

Փառատոնի կազմակերպիչը Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանն էր՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ:

Մասնակիցներն էին ինչպես անվանի երաժիշտներ՝ դաշնակահարներ Սվետլանա Նավասարդյանը, Հայկ Մելիքյանը, օպերային երգիչներ Բարսեղ Թումանյանը, Մագդա Մկրտչյանը (նվագակցող՝ Վալերի Այվազյան), այնպես էլ պատանի երաժիշտներ, որոնք արդեն հասցրել են նվաճել համաշխարհային բեմեր: Նրանց թվում էին Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի սան Աիդա Ավանեսյանը, «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի (գեղարվեստական ղեկավար՝ Արմեն Բաբախանյան) անդամներ Արտյոմ Իոնիսյանը, Արթուր Գրիգորյանը, Էլեն Խաչիկյանը, Անդրեյ Կուրբետը, Պոլինա Շարաֆյանը, Դավիթ Բաբայանը: Համերգային ծրագրում կոմպոզիտորի կամերային ստեղծագործություններն էին: Ի դեպ, կայացավ երկու պրեմիերա․ Սպենդիարյանի երկու ստեղծագործություն՝  «Գուշակուհին»՝ քառաձեռն դաշնամուրի համար և «Ալմաստ» օպերայից «Ալմաստի պարը»՝ Հայկ Մելիքյանի դաշնամուրային փոխադրմամբ, հնչեցին համերգային առաջին կատարմամբ:

Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Մարինե Օթարյանի խոսքով՝ հոբելյանական միջոցառումների մշակման փուլում առաջնահերթություն է համարվել կոմպոզիտորի ստեղծագործությունների ճանաչելիության բարձրացումը ՀՀ մարզերում, որը նաև կնպաստի մարզերի մշակութային կյանքի ակտիվացմանը: «Գյումրին, լինելով երկրի մշակութային հենակետերից մեկը, չէր կարող անմասն մնալ այս նշանավոր հոբելյանի տոնակատարություններից»,- ընդգծում է Մարինե Օթարյանը:

Համերգին ներկա են ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդ Տեր Միքայել արքեպս. Աջապահյանը, Գյումրիում Գերմանիայի Դաշնային Հանրապետության պատվավոր հյուպատոս Ալեքսան Տեր-Մինասյանը, հյուրեր Գյումրի համայնքից, Երևանի և Գյումրու կրթական ու մշակութային հաստատությունների տնօրեններ, աշխատակիցներ և այլք:

Միջոցառումը վարում էր Հանրային հեռուստաընկերության մեկնաբան Կարեն Քոչարյանը:

Փառատոնի սկզբում ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակը։

Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը՝ նախ իր խոնարհումը բերելով վերջերս երկրային կյանքին հրաժեշտ տված կոմպոզիտոր, Ա․ Սպենդիարյանի տուն-թանգարանի հիմնադիր տնօրեն Վլադիլեն Բալյանի լուսավոր հիշատակին։ Նա նշեց, որ այսպիսի մշակութային միջոցառումները հանրային ինքնահաղթահարման ակցիաներ են, դրանով մենք գիտակցում ենք կյանքի շարունակականության անհրաժեշտությունը և պատասխանատվությունը մեր երեխաների ու միջավայրի առջև։ Արա Խզմալյանը նշեց, որ հոբելյանը մշակութային արժեքի հռչակում է, առավել ևս Ալեքսանդր Սպենդիարյանի դեպքում, քանի որ նրա միջոցով եվրոպական դասական չափանիշները մուտք գործեցին Հայաստան և հիմք դարձան հայ դասական սիմֆոնիկ երաժշտության, ավելին՝ Սպենդիարյանն իր կենցաղով, առօրյայով, կեցվածքով եվրոպական արժեքների փաստումն էր մեր երկրում և ապացույցը, որ եվրոպականը և արևելյանը, ազգայինը և միջազգայինը համակեցության մեջ և անհակասականորեն գոյակցող արժեքներ են։

Երեկոյի ավարտին տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը խորին շնորհակալություն  հայտնեց համերգի մասնակից բոլոր երաժիշտներին, համերգի իրականացմանն աջակցություն ցուցաբերած անձանց ու կառույցներին՝ նշելով, որ թեպետ աշխարհի և Հայաստանի համար ծանրագույն այս ժամանակաշրջանում կազմակերպիչների համար հոգեբանորեն դժվար էր իրականացնել այս ծրագիրը, սակայն փառատոնի մարդաշատությունը, Հայաստանի տարբեր քաղաքներից  համերգին մասնակցելու ժամանած մեր հայրենակիցները փաստում են, որ մեր ազգային իրական արժեքները կարևորելու, պահպանելու և արժանապատվորեն կրելու գիտակցություն կա, և այդ գիտակցությունը կարոտ է մեծանալու ու ծավալվելու։

Հիշեցնենք, որ փառատոնի գործընկերն էր «Ֆորմիկա Արթ Պրոդաքշնը» ընկերությունը, պրոդյուսեր՝ Շահեն Նազարենկո:

Դավիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930