Լրահոս
Օրվա լրահոսը

Հոկտեմբերի 1-ից հանրային պաշտոնյաները կարող են ազատվել ծառայությունից՝ կորոնավիրուսի դեմ պատվաստման սերտիֆիկատ կամ թեսթի արդյունքներ չներկայացնելու դեպքում

Սեպտեմբեր 06,2021 12:53

Արդարադատության նախարարությունը շրջանառության մեջ է դրել նախագիծ «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին: Ըստ այդմ՝ նախատեսվում է 2021 թվականի հոկտեմբերի 1-ից սահմանել Հանրային պաշտոն զբաղեցնող անձին կամ հանրային ծառայողին աշխատանքի (ծառայության) չթույլատրելու, պաշտոնից կամ ծառայությունից ազատելու (լիազորությունները կամ ծառայությունը դադարեցնելու) առանձնահատուկ հիմքեր:

Մասնավորապես. «Հանրային պաշտոն զբաղեցնող անձի կամ հանրային ծառայողի կողմից սույն օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով սահմանված պարտականությունները չկատարելու դեպքում նրան չի թույլատրվում գտնվելու աշխատավայրում, կատարելու իր աշխատանքային (ծառայողական) պարտականությունները և չի տրամադրվում վարձատրություն՝ մինչև սույն օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով սահմանված պարտականությունները կատարելը»:

Վերոնշյալ 19-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով լրացումն է. «Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին օրենսդրությամբ սահմանված՝ վարակիչ հիվանդությունների տարածման կանխարգելմանն ուղղված սանիտարահամաճարակային անվտանգության կանոններով սահմանված` աշխատանքի (ծառայության) ներկայանալու անհրաժեշտ պայման հանդիսացող փաստաթղթեր ներկայացնելը աշխատանքի (ծառայության) ներկայանալիս։»։ Նախագծի հիմնավորումներում պարզաբանված է, որ «աշխատողն ինքը կարող է ընտրել կանխարգելման այն միջոցը, որը անհրաժեշտ կլինի իր աշխատանքի ներկայանալու համար՝ դա կլինի հետազոտության արդյունքը հավաստող փաստաթուղթը կամ իր ցանկության դեպքում՝ պատվաստման սերտիֆիկատը, իսկ հակացուցումների դեպքում՝ բժշկական տեղեկանքը»:

Ընդ որում «ավելի քան 30 օր անընդմեջ կամ վերջին տասներկու ամսվա ընթացքում` ավելի քան 50 օր աշխատանքային (ծառայողական) պարտականությունները չկատարելը հանրային պաշտոն զբաղեցնող անձին պաշտոնից ազատելու կամ հանրային ծառայողի լիազորությունները դադարեցնելու (ծառայությունից ազատելու կամ ծառայությունը դադարեցնելու) հիմք է»:

Այս կարգավորումները տարածվում են նաև քաղաքացիական աշխատանք կատարող կամ տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց վրա: Հիմնավորման մեջ պարզաբանված է. «Մի շարք հանրային պաշտոնների դեպքում սահմանվել է այս կարգավորումների կիրառումից բացառություն այն հիմնավորմամբ, որ այդ ցանկում ներառվեն այն անձինք, որոնց պաշտոնը կամ ընտրովի պաշտոն է կամ վերջիններս նշանակվում են սահմանադրական գործընթացների արդյունքում կամ նրանք, ելնելով իրենց կարգավիճակից և զբաղեցրած պաշտոնի առանձնահատկություններից, ըստ էության, չունեն վերադաս մարմին կամ պաշտոնատար անձ, որը միաժամանակ վերջիններիս նշանակում կամ ազատում է պաշտոնից:

Բացառություն է արված «Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի պատգամավորի, վարչապետի, համայնքի ղեկավարի և համայնքի ավագանու անդամի, Մարդու իրավունքների պաշտպանի, Սահմանադրական դատարանի դատավորի, անկախ պետական մարմնի անդամի, ինքնավար մարմնի անդամի, Վիճակագրության պետական խորհրդի անդամի, վճռաբեկ, վերաքննիչ և առաջին ատյանի դատարանի դատավորի, գլխավոր դատախազի» պաշտոնները զբաղեցնողների համար։

Նախագծի հիմնավորման մեջ հիշեցված է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը զգուշացնում է աշնանը աշխարհում կորոնավիրուսային հիվանդության նոր ալիքի սպառնալիքի մասին՝ խորհուրդ տալով պետություններին ձեռնարկել միջոցներ նոր ալիքի դեմ պայքարելու և վարակի տարածման տեմպերը կանխելու համար

Նշված է, որ հանրային իշխանության մարմիններում աշխատանքային հարաբերությունների շրջանակներում անհրաժեշտ են գործուն մեխանիզմներ, որոնք հնարավորություն կտան ապահովել սահմանված սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների պատշաճ պահպանումը այդ մարմիններում ծառայող և աշխատող անձանց կողմից. «Հանրային իշխանության մարմիններում աշխատող անձինք իրականացնում են հանրության և պետության համար կարևոր նշանակություն ունեցող գործառույթներ, որպիսի պարագայում նրանց կողմից վարակիչ հիվանդությամբ վարակվելը կարող է տևական ժամանակով խոչընդոտներ ստեղծել այդ գործառույթների պատշաճ իրականացման համար` վտանգելով նաև այդ գործառույթների իրականացմամբ հետապնդվող հանրային շահերը»:

Նշենք, որ իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում մեծամասնությունը դեմ է քվեարկել այս նախագծին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930