Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ է ﬔղավոր, որ ազգային կինոկենտրոնը ﬕ քանի հարյուր ֆիլմ է ֆինանսավորում, որոնք չեն հասնում շուկա. բաց նամակ ԿԳՄՍՆ նախարարին

Սեպտեմբեր 06,2021 13:12

ՊԱՐԱԼԼԵԼՍ ՖԻԼՄՊՐՈԴԱՔՇՆ կինոընկերություն

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանին

Պարոն նախարար,
Ս․թ հուլիսի 27-ին Ձեզ ուղղված Բաց նամակում ես անդրադարձել էի 2017-21թ.թ.-ին հայկական կինոյի պետական անգրագետ կառավարման արդյունքում ձևավորված անմխիթար կինոիրականությանը և 6 հարց էի ուղղել Ձեզ, պատկերացում կազմելու համար՝ որքանո՞վ են Ձեր ղեկավարած գերատեսչությունում տիրապետում կինոյի առկա իրավիճակի, մասնավորապես, «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ի գործունեության մասին տեղեկատվությանը։

Ձեր գերատեսչության կողմից ստացել եմ պատասխան, որը գերազանցել է կինոյի կառավարմանը ԿԳՄՍ նախարարության անմասնակից լինելու, կինոարտադրության իրական պատկերին Ձեր չտիրապետելու ամենահոռետեսական կանխատեսումները։

Գրառման բովանդակության մասին պատկերացում կազմելու համար բավական է միայն մեկ մեջբերում՝ «Վերջին չորս տարում ՀՀ կառավարության կողմից ՀՀ պետական բյուջեից տարեկան ավելի քան 500 միլիոն ՀՀ դրամի հատկացումների» անտրամաբանական բաշխման վերաբերյալ հարցին պատասխանում եք՝

«2018-2021 թվականների ընթացքում «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ին խաղարկային և անիմացիոն ֆիլմերի արտադրությանը աջակցելու նպատակով պետական բյուջեից հատկացվել է 1.144.334.200 /մեկ միլիարդ հարյուր քառասունչորս միլիոն երեք հարյուր երեսունչորս հազար երկու հարյուր/ ՀՀ դրամ»: «Վերջին չորս տարիներին փոփոխվել է կինոկառավարման մշակույթը Հայաստանում, ձեռնարկվել են արմատական և համակարգային բարեփոխումներ, ստեղծվել են կանոնակարգային հարաբերություններ, որի արդյունքում կինոնկարների պետական ֆինանսավորման գործընթացը որդեգրել է թափանցիկ գործելաոճ և նոր մոտեցումներ, մասնավորապես՝ 2018 թվականից գործում է՝ «Կինոնկարների նախագծերի մրցույթների անցկացման և ֆինանսավորման» կանոնակարգ»։ «ՀՀ պետական բյուջեից, դրամաշնորհի կարգով կինոարտադրության աջակցությանը տրամադրված ֆինանսական միջոցների հաշվին ստեղծված կինոնկարների վերաբերյալ տեղեկատվությունը առկա է հետևյալ հղումով», մեջբերման ավարտը։

Պարոն նախարար, նախ հիշեցնեմ, որ «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ներկա ժամանակավոր պաշտոնակատարը իր պարտականությունների կատարումն սկսել է 2017թ-ի հունիսին, այսինքն` պատասխանատու է 2017-21թ.թ. ՀՀ պետական բյուջեից կինոկենտրոնին փոխանցված ամբողջ, ոչ միայն կինոֆիլմերի արտադրության համար տրվող գումարների արդյունավետ կառավարման համար։ Այդ գումարը գերազանցում է 2 միլիարդ դրամը։ Կինոկենտրոնը իրականացրել է հարյուրավոր ֆիլմերի ֆինանսավորում, տասնյակ միջոցառումներ, ուղևորություններ, գործուղումներ, որոնց արդյունավետությունը անհնար է դրական գնահատել՝ արդյունքների բացակայության պատճառով։ Ֆիլմերի մեծ մասը անավարտ են, ավարտվածները հայտնի չեն ոչ հայ, ոչ միջազգային հանրությանը, դրանք չկան ոչ հայտնի կինոփառատոնների մրցույթներում, ոչ շուկայում։

«Վերջին չորս տարում Հայաստանում փոփոխվել է կինոկառավարման մշակույթը, ստեղծվել են կանոնակարգային հարաբերություններ» հատվածից կարելի է եզրակացնել, որ մինչև 2017թ-ը կինոկենտրոնում չեն գործել «կանոնակարգային հարաբերություններ», սակայն վերջին քսան տարիներին «ոչ կանոնակարգային հարաբերությունների» միակ «բացահայտումը» իմ «Թողություն» ֆիլմի դեմ կինոկենտրոնի տնօրենի ժպ-ի մատնագրի հիման վրա հարուցած քրեական գործն է, որը խայտառակ ավարտ է ունեցել պետական կառույցի համար։ Այդ մատնագրում նշված ոչ մի փաստ չի ապացուցվել, «գործը» կարճվել է «հանցակազմի բացակայության հիմքով»։

Փոխարենը, 2017թ-ից հետո մամուլը լցված է կինոյում տիրող «ոչ կանոնակարգային հարաբերությունների» մասին տեղեկություններով, հարուցված են մի քանի քրեական գործեր, ընթանում են դատավարություններ։ Կինոկենտրոնը 2017թ-ից ղեկավարում է տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, 5 տարիների ընթացքում ՊՈԱԿ-ի տնօրենի ընտրություններ չեն անցկացվել, ինչն ինքնին «ոչ կանոնակարգային հարաբերությունների» աղաղակող փաստ է և ըստ ՊՈԱԿ-ների մասին ՀՀ օրենքի, 2018թ-ից սկսած կինոկենտրոնի ամբողջ գործունեությունն է «ոչ կանոնակարգային»։

«Կինոնկարների պետական ֆինանսավորման գործընթացը որդեգրել է թափանցիկ գործելաոճ և նոր մոտեցումներ» պնդումը սարկազմի է նման, որովհետև հղումը, որ պատասխան գրառման մեջ ներկայացրել եք որպես «կինոնկարների վերաբերյալ տեղեկատվության» թափանցիկ աղբյուր, չի գործում։ Կինոկենտրոնի կայքում ընդհանրապես չկա տեղեկատվություն ֆիլմերի ֆինանսավորման չափի, կարգավիճակի մասին։ Վերջին անգամ նման փաստաթուղթ հրապարակել է կինոկենտրոնի նախկին՝ «ոչ թափանցիկ» ղեկավարությունը։ Պաշտոնական գրառման մեջ որպես տեղեկատվության հավաստի աղբյուր ներկայացված հղումը չի գործում ու սա կինոյի պետական կառավարման ոլորտում տիրող մասնագիտական վակխանալիայի, անգրագիտության ու անտերության ցցուն ապացույցն է։

Չցանկանալով երկար զբաղեցնել Ձեր և իմ ժամանակը, ես այս նամակով շարադրում եմ 7 կարճ հարց, ՀՀ հարկատուի կողմից ֆինանսավորվող կառույցի՝ «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ի 2017-21թ.թ.-ի գործունեության վերաբերյալ։ Հավաստիացնում եմ Ձեզ, որ լինելու եմ հետևողական այս հարցերի պատասխանները ստանալու խնդրում, որովհետև սրտացավ եմ իմ մասնագիտական ոլորտում տիրող խայտառակ իրավիճակի համար և համարում եմ պետական կառույցների հաշվետվողականությունն ու թափանցիկությունը ոլորտի առողջացման պարտադիր պայմաններից մեկը։

Որպես

–   ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե Մեդալին արժանացած կինոռեժիսոր,

–   «Հայակ» ազգային կինոմրցանակաբաշխության հաղթող,

–   Անկախության շրջանի ամենատիտղոսակիր խաղարկային ֆիլմի հեղինակ,

–   2017-21թ.թ.-ին կինոյի պետական կառույցների կողմից ապօրինի բռնաճնշումների ենթարկված կինոընկերության ղեկավար,

դիմում եմ ստորև շարադրված հարցերով, և ակնկալում եմ ստանալ պատասխանները հրապարակավ, կամ անձնական հանդիպման ընթացքում։

1)2017-2021թ.թ.-ին ՀՀ պետական բյուջեից որքա՞ն գումար է փոխանցվել «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ին։

2) Ո՞ր կինոնախագծերն են ստացել պետական աջակցություն (Ցանկ)։

3)Որքա՞ն է եղել պետական աջակցության չափը։

4)Արտադրության ո՞ր փուլում են գտնվում պետական աջակցությամբ ֆիլմերը։

5)Ո՞ր կինոփառատոններում են ցուցադրվել պետական ֆինանսավորում ստացած ֆիլմերը (նշել միայն FIAPF-ի կողմից «մրցութային» որակավորված փառատոնները), ի՞նչ մրցանակների են արժանացել այդ փառատոններում։

6)Ո՞ր երկրներում են պաշտոնական վարձույթ ունեցել պետական ֆինանսավորում ստացած ֆիլմերը։

7)Որքա՞ն գումար է վերադարձվել վարձույթից պետական բյուջե 2018-21թ.թ.-ի ընթացքում։

Եվ մի վերջին հարց։ Իմ նախորդ նամակից հետո մեր ընկերությունը Բենիլյուքսի երկրներում «Բեքսթեյջ» ֆիլմի վաճառքի Պայմանագիր է կնքել, ինչով ապահովել է հերթական միջազգային ներդրումը։

Հարց՝ Ո՞վ է մեղավոր, որ ազգային կինոկենտրոնը մի քանի հարյուր ֆիլմ է ֆինանսավորում, որոնք չեն հասնում շուկա, իսկ շուկայի կողմից ֆինանսավորման արժանանում է այն ֆիլմը, որի դեմ կինոկենտրոնն ու ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ամենանողկալի մեթոդներով պայքարում են՝ ահա արդեն չորս տարի։

Հարցն առանձնացրել եմ, որովհետև պատասխանն ինձ պարզ է, բայց ես հորդորում եմ, որ Դուք, որպես նախարար, ստանաք պատասխանը Ձեզ ենթակա ՊՈԱԿ-ի ղեկավարությունից։

Հովհաննես ԳԱԼՍՏՅԱՆ

Կինոռեժիսոր, պրոդյուսեր, «Պարալլելս Ֆիլմպրոդաքշն» ընկերության հիմնադիր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930