Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Այսուհետեւ գնալու ենք բոլոր ստերի հետեւից»․ 3-րդ նախագահի պաշտպանը Խաչատուր Սուքիասյանի դեմ հայց ներկայացրեց

Սեպտեմբեր 06,2021 12:19

ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Ամրամ Մակինյանն այսօր ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի դեմ դատական հայց մուտքագրեց Երեւանի ընդհանուր իրավասության դատարան՝ երրորդ նախագահի բարի համբավն արատավորող ակնհայտ զրպարտչական տեղեկությունները հերքելու պահանջով։

Հայցի հիմքում Խաչատուր Սուքիասյանի՝ վերջերս ԱԺ ամբիոնից արած հետեւյալ հայտարարություններն են․ «Բոլորդ լավ գիտեք 3-րդ նախագահը հարյուր միլիոն դոլարից ավելի կազինոներում կրվել է, նույն  Բադեն-Բադենում․․․
Պարոն Օհանյանը լավ գիտի, 3-րդ նախագահն եկել է Հայաստան, կոշիկներից մեկը մի համար մեծ է եղել, մյուսը՝ մի համար փոքր, ոնց ա եղել, որ «Ֆաբերժե» չգիտեմ ինչեր էր
․․․, որտեղի՞ց, ինչի՞ հաշվին, զենքերի հաշվին, մեր զինվորների հաշվին,   կրթության հաշվին, առողջապահության հաշվին ու համակարգ չենք ունեցել․․․»։

Հայցվոր կողմը պահանջում է, որպեսզի Խաչատուր Սուքիասյանը հերքումը ներկայացնի հենց ԱԺ ամբիոնից, որտեղից ասել է նշյալ նախադասությունները։

«Ներկայացրել ենք բոլոր հիմնավորումները, որոնց ուժով համոզված ենք՝ դատարանը մեր հայցը բավարարելու է եւ Խաչատուր Սուքիասյանին պարտավորեցնելու է այդ տեղեկությունները հերքել»,-լրագրողների հետ զրույցում ասաց Ամրամ Մակինյանը։

Նրա խոսքով՝ կարեւոր է այս իրավիճակի խորքային հիմքերը գնահատել․ «Գաղտնիք չի, որ այս իշխանությունը մինչեւ իշխանության գալը կենտրոնացրել է մեծ քանակի սուտ, որի արդյունքում կարողացել են հասարակությանը բաժանել սեւերի եւ սպիտակների։ Օրինակները շատ են։ Այսուհետեւ մենք գնալու ենք բոլոր ստերի հետեւից, եւ այս իշխանությունն այլեւս հնարավորություն չի ունենա օգտվել մեր համբերատարությունից եւ բարի կամքից»։

Ամրամ Մակինյանը հիշեցրեց, որ դեռեւս այս տարվա նախընտրական քարոզարշավի ժամանակ Սերժ Սարգսյանը 24 ժամ էր տվել Նիկոլ Փաշինյանին՝ ասածներն ապացուցելու, սակայն վերջինս դա չարեց․ «Այդ նույն սուտը հերքելու պահանջով ենք մենք հիմա հայց ներկայացնում։ Չի կարելի քարոզարշավները կառուցել ստերի վրա»։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն այդ ժամանակ ասել էր, թե Սերժ Սարգսյանը զինվորներից գողացած գումարները պարտվել է խաղատներում, Սերժ Սարգսյանն էլ արձագանքել էր՝ «ես այդ անբարոյականին 24 ժամ եմ տալիս»։

Aravot.am-ը Մակինյանից հետաքրքրվեց՝ Նիկոլ Փաշինյանի այդ ասածի հիմքով դատական հայց պատրաստե՞լ են։ Ամրամ Մակինյանը պատասխանեց․ «Փաշինյանի ասածների հիմքով մեր «հայցը» բավարարված է։ Դա նախագահի կողմից Նիկոլ Փաշինյանին տրված ժամկետն էր եւ վերջինիս քար լռությունը։ Այդ «հայցը» բավարարվել է ի լուր աշխարհի․ ես բարոյական հայցադիմում նկատի ունեմ»։ Հարցին՝ «այսինքն, դուք դա ավելի՞ ծանրակշիռ եք համարում, քան թե որ դատարանը որոշում կայացներ», նա արձագանքեց․ «Ոչ թե ծանրակշիռ եմ համարում, այլ դրանք տարբեր հարթություններում են։ Իրավականը բարոյականի հետ չի կարող նույն կշեռքի վրա դրվել, տարբեր են հարթությունները»։

Հավելենք, որ այս հայցով Սերժ Սարգսյանը Խաչատուր Սուքիասյանից պահանջում է նաեւ մեկ միլիոն դրամի փոխհատուցում, որը փոխանցելու են զինծառայողների ապահովագրության հիմնադրամին։

Խաչատուր Սուքիասյանի տեսակետը եւ պարզաբանումը կներկայացնենք շուտով

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930