Շվեդական լեգենդար ABBA խումբը 40 տարի անց որոշել է նոր ալբոմ թողարկել: Նոր ալբոմը խմբի անդամներն անվանել են Voyage և կթողարկեն արդեն նոյեմբերին: Դրանում կլինի 10 երգ: Խումբն արդեն իր հանդիսատեսին դատին է հանձնել մի քանի երգ:
Ավելին, խմբի անդամները որոշել են մայիսին հանդես գալ համերգային շոուով: Իհարկե, բեմ կվերադառնան ոչ թե կենդանի տեսքով, այլ ժամանակակից տեխնոլոգիաների օգնությամբ:
«Մենք կերգենք մի քանի երգ, որոնք մեծ հիթեր չեն եղել, բայց մեզ դուր են գալիս: Կլինի 22 ստեղծագործություն, համերգը կտևի մեկուկես ժամ: Կլինեն նաև այս նոր թողարկված երգերը»,- ասել է խմբի անդամներից Բեննի Անդերսոնը:
Այնուամենայնիվ, խմբի անդամները, որոնք այժմ 71-76 տարեկան են, բեմ դուրս չեն գա: Փաստացի, կերգեն նրանց զգալիորեն երիտասարդ, թվային կրկնօրինակները: Դրանք ստեղծելու համար երաժիշտները հինգ շաբաթ անցկացրել են հատուկ կոստյումներով՝ վիզուալ էֆեկտների հոլիվուդյան վարպետների թիմի հետ:
Խմբի անդամների յուրաքանչյուր շարժում գրանցել է 160 տեսախցիկ, որից հետո կստեղծեն այսպես կոչված «աբբատարները»:
Համերգներ նրանք կտան շաբաթը վեց օր: Ամենաէժան տոմսը կարժենա մոտ 30 դոլար: Տոմսերի վաճառքը կսկսվի մի քանի օրից:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ