Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախի խնդիրը վարչապետ Փաշինյանի քաղաքական առաջնահերթությունների թվում չի եղել ի սկզբանե»

Սեպտեմբեր 06,2021 13:00

«Առավոտի» զրուցակիցն է ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը:

-Ադրբեջանի ԱԳՆ-ն «հիվանդ երեւակայության արդյունք» է որակել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե Արցախի կարգավիճակը պետք է վերջնականապես հստակեցվի, սակայն մյուս կողմից ՀՀ իշխանությունները խաղաղության օրակարգով են հանդես գալիս, ասում են, որ նման ազդակներ տեսնում են նաեւ Թուրքիայի կողմից: Այս հակասությունն ինչպե՞ս կմեկնաբանեք:

-Կողմերից յուրաքանչյուրն իր խաղն է առաջ տանում եւ հրապարակային քաղաքականության տիրույթում ձգտում է իր համար առավել շահեկան դիրքը զբաղեցնել: Առայժմ Բաքվին անհամեմատ ավելի հաճախ է հաջողվում ցուցադրել իր խոսքի ու գործի նույնական լինելը:

-Պուտին-Փաշինյան հեռախոսազրույցից, Լավրով-Արարատ Միրզոյան հանդիպումից եւ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովայի «ամփոփումից» հետո կարծիքներ են հնչում, թե Հայաստանի դեմ ահագնացող ճնշումներ են նկատվում: Մինչեւ ո՞ւր կարող են հասնել ճնշումները եւ ինչպե՞ս պետք է փորձել դիմակայել:

-Ճնշումներին դիմակայելու միջոցների մասին որեւէ բան չեմ ասի, քանի որ դա պարապ հրապարակային քննարկման թեմա չէ: Գտնում եմ, որ թե՚ Թուրքիայի ու Ադրբեջանի, թե՚ նրանց հիմնական գործընկեր-պետությունների նպատակն այն է, որ Հայաստանը տեղավորվի ՀԽՍՀ սահմաններում, համակերպվի այդ սահմանների հետ եւ իր պահանջներով այլեւս որեւէ մեկին անախորժություններ չպատճառի: Այսօր սա է վիճակը:

-Մարդու իրավունքների պաշտպանն ահազանգել էր, որ ադրբեջանցի զինծառայողները դիտավորյալ հրդեհել են Սոթք եւ Կութ գյուղերի հարեւանությամբ գտնվող հայկական արոտավայրերը։ Սակայն այս առիթով ՀՀ իշխանությունները կարծես կրավորական կեցվածք են ընդունել, սուր եւ հասցեական հայտարարություններ չենք լսում, պարզաբանումներ չկան: Ինչպե՞ս կբացատրեք այս պահվածքը:

– Սուր հայտարարությունները պետք է նաեւ ոչ-բառային շարունակություն ենթադրող գործողությունների պոտենցիալի վրա հիմնված լինեն: Եթե ՀՀ իշխանությունները չեն ցանկանում դիմել գործողությունների, քանի որ անհրաժեշտ պոտենցիալի չեն տիրապետում կամ ինչ-ինչ պատճառներով նպատակահարմար չեն գտնում դա, ապա նաեւ հայտարարություններով հանդես գալու իմաստն է կորչում: Եթե պետք է ինչ-որ բան հայտարարես, բայց դժգոհությունդ փարատելու որեւէ միջոց չգործադրես, ապա հայտարարությունդ արժեզրկվում է, իսկ ինքդ ծաղրի առարկա ես դառնում ներսում էլ, դրսում էլ: Լռությունը լավ թաքստոց է նաեւ:

-Սեպտեմբերի 2-ին Արցախի Հանրապետության հռչակման 30-ամյակն էր, սակայն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չայցելեց Արցախ: Այս առիթով եւ ընդհանրապես Արցախի Հանրապետության հռչակման առիթով ՀՀ իշխանությունների պահվածքի ու դիրքորոշումների մասով քննադատություններ շատ հնչեցին: Այդ պահվածքը Ձեզ համար ընդունելի եւ տրամաբանակա՞ն էր:

– Արցախի խնդիրը վարչապետ Փաշինյանի քաղաքական առաջնահերթությունների թվում չի եղել ի սկզբանե: Դա տեսանելի էր ինչպես նախընտրական շրջափուլերի ժամանակ, այնպես էլ իր գլխավորած կառավարությունների ծրագրերն ուշադիր ընթերցելիս: Կարելի է ասել, որ վարչապետ Փաշինյանը հավատարիմ մնաց իր սկզբունքներին նաեւ այս դեպքում:

-Շատ է խոսվում այն մասին, որ ՀՀ իշխանություններն առաջիկա երկու ամիսներին պատրաստվում են ստորագրել խաղաղության համաձայնագիր եւ ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Դո՞ւք ինչ զարգացումներ եք կանխատեսում:

-Միանգամայն հավանական տարբերակ է: Գուցե ժամկետների առումով գործընթացն ավելի երկար տեւի, բայց ներկայումս պաշտոնական Երեւանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումն իրոք ժամանակի հարց է: Հենց այդ պատճառով էլ Արցախի կարգավիճակի հարցը կարող է կրկին դառնալ նաեւ մեր տարածաշրջանում միջազգային քաղաքական օրակարգի զգայուն հանգույցներից մեկը:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
04.09.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930