Լրահոս
Օրվա լրահոսը

Սեպտեմբերի 11-ը ՀՀ փաստաբանների համար համարվում է լռության օր

Սեպտեմբեր 06,2021 12:30

Բանավեճը կվարի ՀՀ փաստաբանների պալատի ներկայացուցիչը

2021 թվականի սեպտեմբերի 8-ին, ժամը 19:00-ին, «Կոնգրես» հյուրանոցի «Պիկասո» կոնֆերանս-սրահում նշանակվել է բանավեճ, որին հրավիրվել են ՀՀ փաստաբանների պալատի նախագահի 3 թեկնածուները՝ ՀՀ փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանը, փաստաբաններ Թամարա Պողոսյանը եւ Գեւորգ Գյոզալյանը:

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահի 05.08.2021թ. թիվ 159-Լ որոշման «Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի 2021 թվականի սեպտեմբերի 12-ի ընդհանուր ժողովի կազմակերպման եւ անցկացման գործընթացում օժանդակություն ցուցաբերելու մասին» կարգի 5-րդ կետի պահանջները՝ ՀՀ փաստաբանների պալատը հայտնել էր, որ Պալատի նախագահի թեկնածուների բանավեճի անցկացման համար ապահովում է դահլիճ եւ այլ պայմաններ: Պալատը բանավեճի անցկացման համար առաջ է քաշել ընդհանուր պայմանները՝ թեկնածուներին կտրամադրվի մինչեւ 30 րոպե ժամանակ՝ իրենց ծրագիրը ներկայացնելու համար. նրանց հարցեր կտան ներկա փաստաբանները, մյուս թեկնածուները, վարողը: Բանավեճը հեռարձակվելու է առցանց: Բանավեճի ընթացքում արգելվում է միմյանց վիրավորելը: Վիրավորանք պարունակող հարցերը հանվելու են վարողի կողմից:

Հիշեցնեմ, որ հաշված օրեր հետո՝ սեպտեմբերի 12-ին (կիրակի օր), ժամը 09.30-ից Երեւանի Զաքյան 7-2 հասցեում գտնվող ՀՀ փաստաբանների պալատի վարչական շենքի 2-րդ հարկի սրահում, հեռակա կարգով (առանց ընդհանուր ժողովի գումարման) տեղի է ունենալու Հայաստանի փաստաբանների պալատի հերթական ընդհանուր ժողովը՝ հետեւյալ օրակարգային հարցով. ՀՀ փաստաբանների պալատի նախագահի ընտրություն: Քվեարկությունը սկսվելու է սեպտեմբերի 12-ին, ժամը 09.30-ից եւ ավարտվելու է նույն օրը՝ ժամը 17.30-ին:

ՀՀ փաստաբանների պալատի նախագահի թեկնածուների առաջադրումը (ինքնառաջադրումը) սկսվել էր օգոստոսի 15-ից եւ ավարտվել օգոստոսի 20-ին:

Իսկ ՀՀ փաստաբանների պալատի նախագահի թեկնածուների քարոզչությունը սկսվել էր օգոստոսի 21-ից եւ ավարտվելու է սեպտեմբերի 10-ին, ժամը 18.00-ին։

Թեկնածուներից Գեւորգ Գյոզակյանն իր lex.am մասնագիտական կայքում ներկայացրել է նախընտրական ծրագիրը:

«Թիրախային խնդիրներ» խորագրի ներքո, նրա ծրագրում ասվում է. «Ստեղծել ՓՊ մարմինների միջեւ զսպումների եւ հակակշիռների մեխանիզմ: Ստեղծել կարգապահական հանձնաժողով, որն իրավասու կլինի քննել փաստաբանների վերաբերյալ հարուցված կարգապահական վարույթները եւ որոշում կայացնել: Այս որոշումը ենթակա կլինի բողոքարկման ՀՀ ՓՊ խորհրդին, իսկ խորհրդի որոշումը ենթակա կլինի բողոքարկման ՀՀ վերաքննիչ վարչական դատարան: Հանրային պաշտպանությունը պետք է լինի գրավիչ եւ մրցունակ: Փաստաբանական կրթությունն ու փաստաբանների վերապատրաստման դասընթացները չպետք է լինեն մի դեպքում լոկ արտոնագիր ստանալու համար ձանձրալի, բայց պարտադիր պրոցես, իսկ մյուս դեպքում կարգապահական պատասխանատվությունից խուսափելու միջոց»:

Գ. Գյոզալյանի՝ նախագահ ընտրվելու դեպքում, նրա ծրագրի համաձայն, կստեղծվի որակավորման հանձնաժողով, որը պրոֆեսիոնալ հենքի վրա կարտոնագրի ապագա փաստաբաններին. «Անհրաժեշտ է վարքագծի կանոնագրքի փոփոխության միջոցով հստակեցնել փաստաբանի էթիկայի կանոնները եւ դրա կիրառման ոլորտը»:

Կար նաեւ խոսք պալատի ֆինանսական միջոցների տնօրինման կատարյալ թափանցիկության եւ վերահսկողության մասին: Ըստ Գ. Գյոզալյանի ծրագրի, խորհրդի անդամների թիվը ներկա պահին 12-ն է, չհաշված ՓՊ նախագահին. «Այս թիվը պետք է ողջամտության խողովակով անցնի եւ գնահատվի դրա արդյունավետությունը: Հարկ է նկատել, որ 12 անդամը նվազագույն շեմն է, որից պակաս չի կարող լինել Խորհրդի անդամների թիվը: Այս տեսակետից, նվազագույն շեմը պետք է 12-ից իջեցնել 7-ի: Ռեյտինգային ընտրության արդյունքում 7 տեղը կզբաղեցնեն առավել ձայներ ստացած առաջին յոթ փաստաբանները՝ նվազման սկզբունքով»:

Թեկնածուի դիտարկմամբ, ՓՊ խորհրդի անդամները որեւէ ձեւով չպետք է կապված լինեն ՓՊ այլ մարմինների հետ, ներառյալ փաստաբանական դպրոցի. «Վերջին տարիներին պատկերն այնպես է, որ ՓՊ խորհրդի անդամներ են հանդիսանում հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարը, նույն գրասենյակի փաստաբանը, փաստաբանական դպրոցի տնօրենը, ՓՊ նախագահի խորհրդականները, ՓՊ աշխատակազմի ղեկավարը եւ այլն: Այս պրակտիկան պետք է անմիջապես դադարեցվի, քանի որ այս խորհրդի անդամներն, ի սպառնալիք իրենց պաշտոնի կամ դիրքի, մշտապես կախված են ՓՊ նախագահից, ինչն էլ իր հերթին աղավաղում է զսպումների եւ հակակշիռների մեխանիզմը: Ավելորդ է ասել, որ այս մեխանիզմը հնարավորություն է տալիս անվերջ վերարտադրվել, ինչն ի վերջո պայթեցնելու է պալատը ներսից, զոհ գնալով մի խումբ փաստաբանների սուբյեկտիվ շահերին: Ջարդել այս մեխանիզմը՝ բավականին բարդ ջանքեր է պահանջում, բայց միանշանակ հնարավոր է»:

Անդրադառնալով ՓՊ նախագահի լիազորությանը, թեկնածու Գյոզալյանը նշել է. «Պալատի նախագահը չպետք է լինի ի պաշտոնե Խորհրդի նախագահ: Խորհրդի ընտրված անդամներն իրենց միջից որոշակի ժամկետով կամ առանց դրա պետք է ընտրեն Խորհրդի նախագահին: Խորհուրդը կարգապահական գործեր քննող մարմնից պետք է վերածվի կարգապահական գործերով կայացված որոշումները վերանայող մարմնի, միաժամանակ կարգապահական գործերը պետք է քննի Կարգապահական հանձնաժողովը եւ դրա վերաբերյալ որոշում կայացնի»:

Ինչ վերաբերում է կարգապահական վարույթների մեխանիզմին, ապա նա պատկերացնում է այսպես. «Կարգապահական վարույթ է հարուցում ՓՊ նախագահը եւ այն հանձնում կարգապահական հանձնաժողովին, կարգապահական հանձնաժողովը քննում է գործը եւ որոշում կայացնում, որը կարող է բողոքարկվել ՓՊ խորհրդին, ՓՊ խորհուրդը բողոքի շրջանակներում վերանայում է կարգապահական հանձնաժողովի որոշումները, ՓՊ խորհրդի որոշումը կարող է բողոքարկվել վերաքննիչ վարչական դատարան, որով եւ ավարտվում է կարգապահական գործը:

Վերաքննիչ վարչական դատարանի որոշումը ենթակա չի լինի բողոքարկման»:

Ըստ նրա, փաստաբանի գործունեության հետ կապված հարցերով դատական պաշտպանությունը չպետք է լինի չափազանց երկարատեւ եւ այն չպետք է ենթակա լինի ընդհանուր իրավասության: Գ. Գյոզալյանը նշել էր, որ պետք է ստեղծվի մասնագիտացված դատարան, որը բողոքի հիման վրա կվերանայի ՓՊ խորհրդի որոշումը: «Ես առաջարկում եմ Վերաքննիչ վարչական դատարանում կազմավորվի երեք դատավորից կազմված դատարան, որն իրավասու կլինի քննելու ՓՊ խորհրդի դեմ բերված որոշումները»: Անդրադառնալով կարգապահական վարույթների ողջամիտ ժամկետներին, Գ. Գյոզալյանը նշել էր, որ փաստաբանի վերաբերյալ կարգապահական գործընթացը պետք է տեւի ոչ ավելի մեկ տարուց, սկսած հարուցման փուլից, վիճարկումից մինչեւ որոշման ուժի մեջ մտնելը: Վերաքննիչ վարչական դատարանի որոշումը պետք է ուժի մեջ մտնի կայացման պահից եւ ենթակա չլինի բողոքարկման: Իսկ փաստաբանի էթիկայի վերաբերյալ գործերը քննող դատավորները նվազագույնը պետք է խորը գիտելիքներ ունենան փաստաբանական վարքագիծը կանոնակարգող նորմերի վերաբերյալ:
Մինչ լռության օրը, կներկայացնենք նաեւ մյուս երկու թեկնածուների ծրագրերից:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Հ.Գ.– Գ. Գյոզալյանն աշխատել է «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հ/կ-ում եւ «Լիգլ Ըլայնս» ՍՊԸ-ում որպես իրավաբան-դասախոս, ՀՀ կենտրոնական բանկում որպես իրավաբանական վարչության ֆինանսական համակարգի վերահսկողության իրավական սպասարկման երկրորդ բաժնի իրավախորհրդատու: 2008թ.-ից հիմնել է «Գեւորգ Գյոզալյան» փաստաբանական գրասենյակը, որը 2013թ.-ին փոխել է իր կազմակերպա-իրավական ձեւը՝ դառնալով «Գյոզալյան եւ գործընկերներ» փաստաբանական գրասենյակ ՍՊԸ: 2013-ին դասավանդել է ՀՀ փաստաբանների դպրոցում: 2019թ.-ին «Գյոզալյան եւ գործընկերներ» փաստաբանական գրասենյակ ՍՊԸ-ն դադարեցրել է իր գործունեությունը, միացել է «ԹԻՔԵՅ ԸՆԴ ՓԱՐԹՆԵՐՍ» ՓԲԸ թիմին՝ որպես դատավարական գործերով գործընկեր: 2011-2017թթ. հանդիսացել է ՀՀ ՓՊ խորհրդի անդամ:

«Առավոտ» օրաթերթ
04.09.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930