Լրահոս
Օրվա լրահոսը

Ցեղասպանության հականիշը

Սեպտեմբեր 06,2021 12:00

2015 թվականն էր, Նյու Յորքում մասնակցում էի «Ավրորա» մրցանակաբաշխությանը, որի համահիմնադիրներից Նուբար Աֆեյանը հարցրեց ինձ, թե արդյո՞ք գիտեմ՝ որն է «ցեղասպանության հականիշը»:
Տարակուսեցի, չկարողացա պատասխանել նրա հարցին:

Մինչ այդ պահը ես երբեւէ չէի մտածել, որ գոյություն ունի «ցեղասպանության հականիշ» արտահայտություն: Լինելով Հայոց ցեղասպանության երկու վերապրածի ժառանգ՝ ես ապրել էի ցեղասպանության հոգեցնցումն եւ մտածում էի, որ գիտեմ ցեղասպանությանը վերաբերող ամեն բան։ Լինելով Զորյան ինստիտուտի համահիմնադիրներից մեկը, որը ԱՄՆ-ում եւ Կանադայում գործում է 1982 թվականից եւ որի նպատակն է մարդու իրավունքների, ցեղասպանության եւ սփյուռք-հայրենիք հարաբերությունների խնդիրների վերաբերյալ հասարակության իրազեկման գործին ծառայելը, ես կարծում էի, թե գիտեմ՝ ինչպես մեկնել ցեղասպանության հականիշը։

Ավելին, ես կարծում էի, թե ազատվել եմ այն մեղքի զգացումից, որ ես ունեի տատիկ, մորաքույր եւ քեռիներ, իսկ մյուսները՝ ոչ։ Ես այլեւս արհամարհական վերաբերմունք չէի ցուցաբերում թուրք ժողովրդի նկատմամբ, չէի անարգում բոլոր թուրքերին, այլեւս դադարել էի տարբերել օսմանցի թուրքերին, ովքեր ծրագրել էին հայերի ոչնչացումը, այն թուրքերից, ովքեր օգնել էին վերապրողներին: Դեռահաս էի, երբ տատիկիցս իմացա, որ նա՝ 1915 թվականին լինելով հղի, իր քրոջ, վերջինիս երեխաների, մայրիկի, երկու մորաքույրների եւ հորեղբոր, բոլորը դեռահասության տարիքում, փրկվել էին եւ շուրջ 7 ամիս ապրել մի հոյակապ մարդու, բարեպաշտ մահմեդականի եւ իսկական հավատացյալի, թուրքի տանը։

Չնայած այն ամենին, ինչ ես սովորել էի ցեղասպանագիտության ճանաչված մասնագետներից, Զորյան ինստիտուտի գիտական խորհրդի եւ ֆակուլտետի անդամներից, ինչպիսիք են Ռոջեր Սմիթը, Վահագն Դադրյանը, Յաիր Աուրոնը, Ստեփան Աստուրյանը, Ջոյս Ապսելը, Ուիլյամ Շաբասը եւ Ուղուր Ումիթ Ունգյորը, ես չկարողացա պատասխանել Նուբարի հարցին:

Այնուհետ Նուբարը հանգիստ, գիտնականին վայել ճշգրտությամբ բացատրեց, թե որն է ցեղասպանության հականիշը.
«Նայիր, – ասաց նա,- մենք չենք կարող հետ բերել այն 1,5 մլն հայերին, ովքեր զոհ գնացին Ցեղասպանությանը, բայց մենք կարող ենք հետ բերել մեր գերազանցությունը մշակույթի, կրթության, երաժշտության ոլորտում, տարբեր մասնագիտություններում՝ բժշկության, իրավագիտության, ճարտարապետության, առհասարակ՝ գիտության մեջ, ինչպես նաեւ առեւտրային մեր ունակությունները՝ գլոբալ առումով: Ահա թե ինչպես են հայերը ճանաչվել Ցեղասպանությունից առաջ»: Ապա ավելացրեց նա. «Պարզապես վերադարձնելով մեր համբավը միջազգային մակարդակով, մենք կկարողանանք հակադարձել Հայոց ցեղասպանությանը: Դա է ցեղասպանության հականիշը»:

Այնուհետ, նա մի քանի օրինակ բերեց, թե ինչպես է հնարավոր իրականացնել այդ հակադարձումը։ Ցեղասպանությանը հակադարձելու Նուբարի ամենամեծ օրինակը իր իսկ մեծ նվաճումն է՝ որպես մարդ, ձեռնարկատեր, գյուտարար եւ բարերար, ով համահիմնադիրն է Մոդեռնա կենսատեխնոլոգիական ընկերության: Նա Մոդեռնա պատվաստանյութով օգնել է պայքարել միլիոնավոր մարդկանց ողջ աշխարհում COVID-19 համավարակի դեմ: Նա նաեւ մի շարք մարդասիրական նախագծերի՝ «Ավրորա» մրցանակի, Հայաստան 20/20 եւ վերջերս բացված The Future Armenian-ի (Ապագա հայկականի) համահիմնադիրն է:

Ցավոք, այսօր՝ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո, ցեղասպանության այդ հակադարձումը ավելի դժվար է, սակայն չափազանց հրատապ: Մեզ պետք է աշխարհասփյուռ հայության եւ պետական ապարատի հավաքական ջանքերը՝ դրան հասնելու համար: Հայաստանը կորցրել է իր ինքնիշխանության մի մասը եւ ազդեցությունը տարածաշրջանում։ Հայաստանը բանակցային սեղանին մասնակցելու համար դեռ պետք է սահմանի խաղի իր կանոնները։ Հետեւաբար, կարծում եմ, որ խելամիտ կլինի, եթե Հայաստանի ընտրված կառավարությունը իր քաղաքացիների շահերին եւ անվտանգությանը համապատասխան ընդհանուր ազգային ռազմավարություն եւ քաղաքականություն մշակի:

Այս ազգային քաղաքականությունը պետք է մշակվի հավաքական ջանքերի շնորհիվ` երկարաժամկետ տեսլական կառուցելու մտադրությամբ: Վերոհիշյալը ընդունելուց հետո հաջորդող կառավարությունները պետք է շարունակաբար համապատասխանեցնեն այդ ազգային քաղաքականությունը ներքին եւ արտաքին ուժերին, որոնք ազդեցություն ունեն մարդկանց տնտեսական եւ անվտանգային կայունության վրա։

Անդրադառնալով վերոբերյալին` կարծում եմ, որ ազգային քաղաքականությունը պետք է ներառի կարիքի եւ հաջողության հիմնական բաղադրիչները նկարագրող հինգ համապատասխան տարրերի մատրիցան՝

1. Մշակույթ եւ ինքնություն` նպատակ ունենալով միավորել ամբողջ ժողովրդին աշխարհում՝ պատմության եւ նպատակի շուրջ:

2. Աշխարհաքաղաքական իրազեկվածություն. կարեւոր է ամբողջական պատկերացում ունենալ աշխարհաքաղաքական իրականության եւ այն տարատեսակ վտանգների եւ հնարավորությունների վերաբերյալ, որոնք կապված են տարածաշրջանում հիմնական խաղացողների ուժային փոխհարաբերությունների հետ։ Օրինակ՝ ինչո՞ւ Թուրքիան ներքաշվեց Արցախյան երկրորդ պատերազմի մեջ եւ տարածաշրջան բերեց սիրիացի վարձկանների։ Ինչո՞ւ Պակիստանը աջակցեց Ադրբեջանին։ Ինչո՞ւ Իսրայելը մատակարարեց ժամանակակից ռազմական տեխնոլոգիաները Ադրբեջանին:

3. Կրթություն. կարեւոր է բարեփոխել կրթական համակարգը, որը կենտրոնացած կլինի կրթության բոլոր մակարդակների վրա՝ նախակրթարանից մինչեւ համալսարան (STEM – գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն եւ մաթեմատիկա)՝ ընդգծելով տեխնոլոգիական գրագիտությունը, քննադատական մտածողությունը եւ խնդիրների լուծման կարողություններն ու ձեռնարկատիրական մտածելակերպը։

4. Գենդերային հավասարություն եւ հավասար հնարավորություն. փոխկապակցված գլոբալ տնտեսության մեջ խիստ անհրաժեշտ է տրամադրել հավասար հնարավորություններ երկու սեռերի համար, որպեսզի նրանք դառնան հասարակության ակտիվ մասնակիցներ, ապահովել հավասար հասանելիություն անհրաժեշտ վերջին հմտություններին եւ գիտելիքներին, ինչպես նաեւ դպրոցում հաջողության հասնելու եւ մրցակցային առավելություններ զարգացնելու հնարավորություն։ Միայն բոլոր քաղաքացիների լիարժեք մասնակցությամբ հնարավոր կլինի բարելավել երկրի արտադրողականությունը, տնտեսական կայունությունը եւ անվտանգությունը:

5. Ռազմական. կարեւոր է ազգի ռազմական պատրաստվածության վերազինումը եւ բանակի արագ արդիականացումը գերժամանակակից գիտությամբ եւ տեխնոլոգիայով` ժամանակակից ինքնավար պատերազմի պահանջները բավարարելու համար: Զորակոչի ժամկետը բոլոր աշխատունակ քաղաքացիների համար երկարաձգելը՝ ընդ որում ինչպես արական, այնպես էլ իգական, կնպաստի զինծառայողների թվի ավելացմանը, ինչը իր հերթին կբարձրացնի սահմանների ապահովությունը։

Այս նպատակներին հասնելու համար, իմ խորին համոզմամբ, պետությունը պետք է ներդնի համապատասխան ծրագրեր՝ փոխելով մարդկանց վերաբերմունքը ազատ եւ արդար ընտրվող կառավարությունների հանդեպ, որոնք պարտավոր են կառավարել, իսպառ վերացնել կոռուպցիան, ապահովել օրենքի գերակայություն, որը կհանգեցնի արդար սոցիալական պայմանագրի:

Ավելին, չափազանց կարեւոր է ժողովրդի ըմբռնումը երկրի առջեւ ծառացած մարտահրավերների վերաբերյալ` լինեն դրանք համաշխարհային, թե տարածաշրջանային, քանզի դրանց պատճառները վճռորոշ նշանակություն ունեն: Հայաստանի պես փոքր երկիրը կոչված է պահպանել իր սահմանները համաձայն սահմանադրության։ Դա, անշուշտ, չի բացառում տարածաշրջանի արտաքին ուժերի ազդեցությունը երկրի ինքնիշխանության վրա, հատկապես այն ժամանակ, երբ երկիրը ռազմական առումով խոցելի է:

Բանակի կողքին ամենակարեւոր ինստիտուտներից մեկը, որը կոչված է բարելավել երկրի անվտանգությունն ու տնտեսական զարգացումը, երկրի դիվանագետներն են եւ նրա արտաքին քաղաքականությունը, որը սովորաբար պետությունը վարում է անկախ նրանից, թե ով է ընտրված կառավարությունը:

Աֆեյանի հարցը Ցեղասպանության հակադարձման վերաբերյալ ինձ ստիպեց մտորել կարեւոր ճշմարտությունների եւ մտավախությունների վերաբերյալ, որոնք թաքնված են մտքերի խորքում։

Գուրգեն (ԳՐԵԳ) ՍԱՐԳՍՅԱՆ
Զորյան ինստիտուտի նախագահ

Սույն հոդվածում արտացոլված մտքերը պատկանում են միմիայն հեղինակին եւ չեն արտահայտում Հայաստանի Զորյան ինստիտուտ. հետազոտությունների եւ զարգացման միջազգային հիմնադրամի պաշտոնական դիրքորոշումը։

Զորյան ինստիտուտի մատրիցա
Ռազմավարություն եւ գրանցման քարտ Հայաստանի եւ սփյուռքի համար

«Առավոտ» օրաթերթ
04.09.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930