Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ստեղծել Հայաստանի բարեկամ պետությունների կոալիցիա»

Սեպտեմբեր 06,2021 13:30
Mexak Gabrielyan

Սկիզբը՝ այստեղ:

«Առավոտի» զրուցակիցն է 1990-1995 թվականներին ԳԽ պատգամավոր Մեխակ Գաբրիելյանը

– Զրույցի սկզբում խոսեցիք նոր անվտանգային համակարգեր ի հայտ բերելու եւ Հայաստանն այդ ուղեծիր դուրս բերելու մասին, ի՞նչ նկատի ունեք:

– Հայաստանը միջազգայնորեն ընդունված այնպիսի փաստաթղթեր ունի, որոնք Թուրքիայի եւ Ադրբեջանի համար դամոկլյան սուր են եւ կախված են նրանց գլխին: Հիշեցնեմ, Հայաստանը 1919-1920 թվականներին մասնակցել է առաջին համաշխարհային պատերազմի ավարտին տեղի ունեցած Փարիզյան Վեհաժողովին՝ հաղթող պետությունների շարքում: Վեհաժողովի ընդունած փաստաթղթերով Հայաստանը ստացավ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Վ. Վիլսոնի իրավարար վճիռը, որով գծվեց Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանը եւ Սեւրի դաշնագրով ամրացված պայմանագիրը: Իրավարար վճիռը եւ Սեւրի պայմանագիրը (1920թ. ռուս-թուրքական ագրեսիայի հետեւանքով Հայաստանը կորցրեց իր անկախությունը եւ այլեւս այդ հարցի տերը՝ հետամուտ լինողը բացակայում էր) տվյալ պահին չիրականացան, սակայն մնում են ուժի մեջ:

Ելնելով ներկայումս Հայաստանի շուրջը ստեղծված իրավիճակի հրամայականից, այն է, Հայաստանի անվտանգության խնդիրները ապահովելը, կարծում եմ հայ ազգը՝ հանձինս Հայաստանի կառավարության, ունի ոչ միայն բարոյական, այլեւ իրավական իրավունք՝ պահանջելու առաջին աշխարհամարտի հաղթող պետություններից ապահովելու Հայաստանի անվտանգությունը, որի համար էլ անհրաժեշտ է, որ Հայաստանը հանդես գա նախաձեռնությամբ. դիմի Վեհաժողովի անդամ հաղթող պետություններին՝ ստեղծելու Հայաստանի բարեկամ պետությունների կոալիցիա (ՀԲՊԿ), այդ կոալիցիայի մեջ կարող են ընդգրկվել նաեւ Հայոց ցեղասպանությունը ընդունած պետությունները:
Իսկ ինչով են զբաղված մեր իշխանությունները, բացի լուրջ խնդիրներից, երկրորդական հարցերով, իրենց աշխատավարձերը ավելացնելով, այսինչ ջերմոցային տնտեսությանը կամ անասնապահական ֆերմային արտոնություններ տրամադրելով, ծիրանենիները կաթիլներով ջրելով եւ այլն:

– Իսկ ինչու պետք է առաջին համաշխարհային պատերազմի հաղթող պետությունները՝ ներկայիս գերտերությունների հիմնական մասը, աջակցեն Հայաստանին:

– Դրանք միջազգային իրավունքի եւ միջազգային իրավահարաբերությունների ընդունված նորմեր են: Բացի այդ, պետք է համադրել նաեւ նրանց շահերը մերի հետ, որոնք ներկայումս շատերի հետ համադրելի են: Եվ ամենագլխավորը՝ հայ ժողովուրդը մարդկության արարչագործության հիմքում է, Աստված մեզ է տվել հայկական լեռնաշխարհը, եւ որպես դրախտավայր, եւ որպես մարդկության բազմացման եւ երկրորդ ծննդի՝ ջրհեղեղից հետո, օրրան:

Խախտվել է համաշխարհային անվտանգության համակարգը, պետք է հաստատվի նոր համաշխարհային կարգ: Թուրքիան անում է ամեն ինչ, նույնիսկ իր ուժերից վեր, որպեսզի դառնա այդ համակարգը կերտողներից մեկը, որի դեպքում կչեզոքացնի հայկական վտանգը: Հայաստանը պետք է վճռական լինի, այն, ինչ այժմ անում է մեր կառավարությունը, հեռու է այդ մարտահրավերներին դիմակայելու եւ մասնակից դառնալու հավակնություններից: Հայաստանը պետք է հայտ ներկայացնի, որ որպես պետություն եւ հավաքականորեն որպես ազգ ի զորու է իր շահերը պաշտպանել եւ մաս կազմել ապագա աշխարհակարգի կերտմանը:

Առաջին աշխարհամարտի հաղթող պետությունները պարտավոր են այժմ իրականացնել այն, ինչը չհաջողվեց հարյուր տարի առաջ: Այս փուլում, կազմելով կոալիցիա, ապահովել Հայաստանի անվտանգությունը՝ սահմանափակելով Թուրքիայի զավթողական եւ ցեղասպան քաղաքականության (որը մեծի մասամբ իրականացրեց 20-րդ դարի առաջին քառորդում) միտումները հայ ժողովրդի նկատմամբ, ինչը նա ցույց տվեց 2020 թվականի հոկտեմբեր-նոյեմբերին Արցախում, որպես սկիզբ` 21-րդ դարում ավարտելու կիսատ թողածը՝ հիմնովին բնաջնջելու հայ ազգին, եթե ստեղծվի միջազգայնորեն հարմար պահ, ինչպիսին անցյալ տարվա աշնանն էր, երբ Էրդողանը պայմանավորվեց Թրամփի եւ Պուտինի հետ եւ ստանալով նրանց համաձայնությունը՝ հարձակվեց Հայաստանի վրա՝ Արցախի ճակատում, իսկ Վրաստանն էլ փակեց Հայաստանի ռազմական օգնություն ստանալու ճանապարհները:

Ի դեպ, այդ կոալիցիային կարող է միանալ նաեւ Ռուսաստանը, քանի որ այսօր փաստացի նա է առկա Հայաստանում ռազմական առումով եւ Մինսկի խմբի եռանախագահներից մեկն է: Հայաստանը այն առանցքն է, որի շուրջ համագործակցում են Արեւմուտքն ու Ռուսաստանը, եւ որը կարող են էլ ավելի խորացնել:

– Կարծում եք, այդ, կոալիցիա կազմելու գաղափարը իրականանալի՞ է:

– Իհարկե, իրականանալի է, բայց պետք է Հայաստանի կառավարությունը տքնաջան աշխատի, այնպիսի ջանասիրությամբ, ինչպես իրենց աշխատավարձերը բարձրացնելու հարցում են: Առաջին հերթին կառավարությունը պետք է որդեգրի այս նոր քաղաքականությունը եւ նախաձեռնի, գործի, եւ երկրորդ, ներգրավի ամբողջ հայության ներուժը: Այս պարագայում երաշխավորում եմ, որ հաջողությունը ապահովված է: Շատ պետություններ կերազեին ամերիկյան հայկական համայնքի նման կազմակերպված համայնք եւ հայկական լոբիի պես ուժ ունենային աշխարհի թիվ մեկ պետությունում:

Այդ կոալիցիայի նպատակը պետք է լինի. առաջնայինը՝ աջակցել Հայաստանին` ապահովելու Հայաստանի անվտանգությունը, եւ երկրորդ՝ պետականաշինության, Վիլսոնի իրավարար վճիռը իրականացնելու եւ կենսունակ պետություն կերտելու գործում:

Կարծում եմ, պետք է գործել արագ եւ նպատակասլաց, քանի որ համաշխարհային եւ տարածաշրջանային իրադարձությունները զարգանում են մեծ արագությամբ, իսկ մենք դեռեւս պատրաստ չենք միայնակ դիմակայելու թյուրքական աշխարհին:

Միեւնույն է, վաղ թե ուշ, հայ ժողովուրդը հաղթահարելու է այս դժվարությունները, տեր է դառնալու իր ամբողջական հայրենիքին եւ կերտելու է արդար, քրիստոնեական արժեքներով առաջնորդվող կենսունակ պետություն:

Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
04.09.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930