Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ազգային գաղափարախոսության ձևավորման հիմնախնդիրները

Սեպտեմբեր 06,2021 00:02

Անկախ պետականության կայացման շուրջ երեք տասնամյակների ընթացքը ցույց տվեց, որ պետության քաղաքականության և ազգային շահերից բխող հիմնախնդիրները արդյունավետ լուծելու համար անհրաժեշտ է ապահովել հասարակության ակտիվ մասնակցությունը՝ ազգային գաղափարախոսության սահմանման և իրագործման միջոցով:

Չնայած ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորվում է գաղափարախոսական բազմակարծությունը, սակայն  նույնքան կարևոր է նաև համազգային առաջնահերթ խնդիրների լուծման համար ազգային գաղափարախոսության ձևավորումը և ներդրումը: Ազգային գաղափարախոսության անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով,  որ այսօրվա տեղեկատվության պայմաններում հնարավոր չէ ձևավորել ընդհանուր մտածողության, աշխարհընկալման և ինստիտուցիոնալ  այնպիսի համակարգեր, որոնք հնարավորություն կընձեռեն ավելի արդյունավետ իրագործել համազգային գաղափարներ և նպատակներ: Մարդկանց վարքագծի վրա նոր գաղափարների և խոսքի ազդեցությունն այնքան մեծ է, որ դեռևս հույն պատմիչ և փիլիսոփա Պլուտարքոսը գտնում էր, որ խոսքը և դրա հետ կապված նույնիսկ աննշան արարքները  երբեմն ավելի արտահայտիչ և ուսուցողական են, քան ճակատամարտերն ու պաշարումները։

Ըստ էության, ազգային գաղափարախոսության նպատակը կայուն և զարգացող պետության կառուցումն է,  որն ուղղված է բավարարելու մարդկանց նյութական և հոգևոր հարաճուն պահանջմունքները: Ազգային գաղափարախոսությունն ապագայի վերաբերյալ տեսական և կիրառական տեսակետների և մոտեցումների մի ամբողջական հայեցակարգ է, որը ձևավորվում է հետևյալ հենասյունների հիման վրա՝  ա)  հոգևոր-քրիստոնեական արժեքների և գաղափարների յուրացում և տարածում, բ)  հայրենասիրություն, գ) մշակույթ, դ)  ազգային սովորույթներ և ավանդություններ, ե) անվտանգություն, զ) աշխատանքի և կապիտալի միջև առկա հակասությունների (արտադրությունը՝ հասարակական, յուրացումը՝ մասնավոր) աստիճանական վերացում, հասարակության տարբեր շերտերի միջև սոցիալական լարվածության նվազեցում, սոցիալական արդարության հաստատում, ազգային համաձայնության և համերաշխության միջավայրի ստեղծում, սոցիալական կյանքի որակի բարելավում, է) շուկայական սոցիալ-տնտեսական համակարգերի զարգացում և հասարակության բարեկեցիկ կյանքի համար լավագույն պայմաների ստեղծում, ը) հայկական ընտանիքի ազգապահպան դերի ընդլայնում, թ) կառավարման ինստիտուցիոնալ համակարգերի զարգացում և արդյունավետության բարձրացում, ժ) աշխարհում կատարվող նորարարությունների և նորարարական տեխնոլոգիաների առավելագույն չափով յուրացում և դրանց հիման վրա ֆիզիկական, մարդկային և սոցիալական կապիտալի ընդլայնում և զարգացում, ի) հասարակական գիտակցության բարձրացում և շրջակա բնականոն միջավայրի պահպանում, լ) օտարերկրյա պետությունների հետ համագործակցության և բարեկամական հարաբերությունների ընդլայնում, խորացում  և զարգացում,  խ) Հայ ժողովրդի պատմական իրավունքների վերականգնում, ծ) Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի ընդլայնում և հետևանքների հաղթահարում:

Այստեղ, մասնավորապես, կարելի է  հստակեցնել և ձևակերպել. ա) հենասյունը որպես հոգևոր-քրիստոնեական արժեքների ընկալման, դերի, նշանակության և արդիականության վերաբերյալ մարդկանց և հասարակության տեղեկացվածության շարունակական բարձրացման հայեցակարգային հիմնախնդիր:  Մեր հոգեկերտվածքում և գիտակցության մեջ արմատացած է այն պնդումը և պատմագրությունը նաև վկայում է, որ հայկական պետականության սկզբնավորումն ունի աստվածային ծագում, հետևաբար այն օրինական է ու հավերժ:

Ըստ Եղիշեի՝ քրիստոնեությունն այն պատվարն է, որը պահպանում է հայերի ինքնությունը և անկախությունը: Ընդ որում ըստ մեր կողմից առաջարկվող մարդու էության փիլիսոփայական մոտեցման, մար­դու էու­թյան մի­ջու­կը կազ­մում է աստ­վա­ծա­յին ծա­գում ու­նե­ցող սուրբ հո­գին, ո­րի շուրջ ձևա­վոր­ված հա­ջորդ թա­ղան­թը կազ­մում է հոգևոր ու­ղե­ղը, այ­նու­հետև երկ­րորդ թա­ղան­թը` ֆի­զի­կա­կան ու­ղե­ղը, և եր­րորդ թա­ղան­թը կամ վեր­ջին ու­ղե­ծի­րը կազ­մում է մեր ֆի­զի­կա­կան մար­մի­նը (ցանկությունները): Դրան համապատասխան մարդու կողմից որոշումների կայացման գործընթացը տեղի է ունենում «սուրբ հոգի-հոգևոր ուղեղ-ֆիզիկական ուղեղ-ֆիզիկական մարմին-հասարակություն» շղթայի միջոցով:  Ըստ այդ մոտեցման ազգի հոգեկերտվածքը և խառնվածքը ձևավորվում է «սուրբ հոգի-հոգևոր ուղեղ» շղթայի միջոցով և հասարակության մեջ դրանք դրսևորվում են ֆիզիկական ուղեղի կողմից կազմակերպվող գործողություններով: Մարդու առօրյա նյութական և հոգևոր ցանկություններն իրականանում են «ֆիզիկական ուղեղ-ֆիզիկական մարմին» շղթայի միջոցով, որն ըստ էության, հանդիսանում է սոցիոլոգիական հետազոտությունների և վերլուծությունների առարկա: Այս առումով հիմնախնդիրների ձևակերպման մեջ կարևոր և նշանակալի դեր ունեն նաև այն ազգային գործոնները և առանձնահատկությունները, որոնք վերաբերվում են լեզվին, պատմական հիշողությանը, ազգային բնավորությանը, ինքնագիտակցությանը, ճաշակին և այլն: Ընդ որում, ազգային գաղափարախոսության ներդրումը հնարավորություն կընձեռի, կախված հայեցակարգի փոփոխությունից,  փոխել նաև մարդու վարքագիծը՝ նպաստելով ազգային գաղափարների իրականացմանը:

Ազգային գաղափարախոսության հայեցակարգը, ի տարբերություն այլ հայեցակարգերի, ունի մի շարք առանձնահատկություններ, որոնցից առաջինը  կայանում է նրանում, որ այն  ընդգրկում է մեր կյանքի գրեթե բոլոր կողմերը և ոլորտները: Ազգային գաղափարախոսության հենասյուններից յուրաքանչյուրն ունի համակարգային բնույթ, դրանք փոխկապված են մեկը մյուսի հետ և կազմում են մեկ միասնական համակարգ: Ազգային գաղափարախոսության բոլոր հենասյուներն ունեն իրենց քանակական և որակական գնահատման չափանիշները և բնութագրվում են իրենց լուծման, ներդրման կամ տարածման հրատապությամբ: Դա պայմանավորված է նրանով, որ բավականին մեծ է հենասյունների փաստացի և ցանկալի մակարդակների միջև առաջացած տարբերությունը կամ ճեղքվածքը, որոնք կարող են նշանակալի և լուրջ համազգային հիմնախնդիրներ առաջացնել: Ընդ որում, ստեղծված հիմնախնդիրների արդյունավետ լուծման նկատմամբ հասարակության կողմից մշտապես առկա են  մեծ ակնկալիքներ և սպասումներ: Այստեղ ենթադրվում է, որ յուրաքանչյուր հիմնախնդրի լուծման համար առկա է առնվազն մեկ անկախ գործիք:

Ազգային գաղափարախոսության հայեցակարգի մյուս առանձնահատկությունը կայանում է նրանում, որ այս կամ այն հենասյան հետ կապված որոշ հիմնախնդիրներ հնարավոր չի լինում լուծել ձևավորված միտումների և ժամկետների պայմաններում, այլ դրա համար անհրաժեշտություն է առաջանում ձեռնարկել առանձնահատուկ միջոցառումներ:  Դրանք կարող են առնչվել համապատասխան նյութական, մարդկային և ֆինանսական միջոցների ստեղծման, կուտակման և ձեռքբերման, կազմակերպա-իրավական և կառավարման կառուցվածքային փոփոխությունների հետ:

Ազգային գաղափարախոսության հայեցակարգի երրորդ առանձնահատկությունը պայմանավորված է նրանով, որ առանձին հենասյունների հետ կապված հիմնախնդիրները հնարավոր չէ լուծել կոնկրետ որոշակի նախարարության շրջանակներում, այլ դրա համար անհրաժեշտ է համակարգել մի շարք նախարարությունների և կառուցվածքային ստորաբաժանումների գործառույթներ: Հաճախ գործող կառավարման համակարգը բավարար չափով  խթաններ չի ունենում, որպեսզի բացահայտի այս կամ այն հենասյան հետ կապված հիմնախնդիրը և դրանք դարձնել հասարակական լայն քննարկման առարկա: Ելնելով դրանից անհրաժեշտություն է առաջանում ստեղծել ազգային գաղափարախոսության հայեցակարգի ներդրման և կիրառման համակարգող անկախ հասարակական խորհուրդ: Այդ խորհրդի  որպես հիմնական գործառույթներ կարող են լինել յուրաքանչյուր հենասյան հետ կապված հիմնախնդիրների ձևակերպումները, լարվածության, հրատապության և  առաջացած ճեղքվածքի գնահատումը, դրանց վերաբերյալ տեղեկատվության հավաքագրումը, հենասյունների միջև փոխկապվածությունների և փոխազդեցությունների վերլուծությունները, ահազանգման  և կանխատեսման համակարգերի ստեղծումը և հիմնախնդիրների լուծման ուղենիշերի հրապարակումը: Դա միաժամանակ կնպաստի նաև բարձրացնել հասարակության տեղեկացվածության մակարդակը:

Ազգային գաղափարախոսության շրջանակներում այս կամ այն հայեցակարգային հիմնախնդրի ներառման և քննարկման համար կարող են ստեղծվել նաև տեղեկատվական այլ հարթակներ և ձևաչափեր: Ամփոփելով նշեմ, որ ազգային գաղափարախոսության  հայեցակարգի հիման վրա անհրաժեշտություն է առաջանում կազմել նաև ազգային գաղափարախոսության երկարաժամկետ ծրագիր և դրանից բխող միջոցառումներ, ինչպես նաև ներդնել դրանց իրականացման համար  անհրաժեշտ կազմակերպչա-իրավական ընթացակարգեր:

 

Ռոլան ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԹԵԿՆԱԾՈՒ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930