«ՍՕՍ-Մանկական գյուղեր» ՀԲՀ-ի և «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հետ համատեղ իրականացվող «Լեռնային Ղարաբաղի պատերազմից տուժած երիտասարդների տնտեսական կայունացում» ծրագրի շրջանակում Դիլիջանում 18-35 տարեկան Տավուշի մարզի բնակիչների և արցախցիների համար անցկացվում են մասնագիտական անվճար դասընթացներ:
«ՍՕՍ-Մանկական գյուղեր» ՀԲՀ-ի կյանքի հմտության և զբաղունակության դասընթացների մասնագետ Անահիտ Ամիրխանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ծրագիրը երեք բաղադրիչներից է բաղկացած և առաջին փուլում մասնակիցները ստանում են կյանքի հմտության և զբաղունակության դասընթացներ, որից հետո մասնակիցներից մի մասը ընտրում է կամ մասնագիտական դասընթացները, կամ էլ ընտրում է Բիզնես դասընթացը և մասնակցում է դրամաշնորհային ծրագրին, որը շահելու դեպքում ստանում է ֆինանսավորում իր բիզնես գաղափարն իրագործելու համար:
Կարդացեք նաև
«Դասընթացները նախատեսված են 17-35 տարեկան Արցախցիների, Տավուշի մարզի այն բնակիչների համար, ովքեր մասնակցել են Արցախյան 44 օրյա պատերազմին և նրանց ընտանիքի անդամների, զոհված զինծառայողների ընտանիքի անդամների և պահեստային զինծառայողների համար:
Դասընթացները անցկացվում են ըստ մասնակիցների նախընտրությունների՝ սկսած համակարգչային հմտություններից, մինչև մատնահարդարում և լուսանկարչություն»:
Ամիրխանյանը նշեց, որ այս պահին ներգրավված են 76 շահառուներ, որոնց մի մասը, որոնք ընտրել են մասնագիտական դասընթացները, ստանալու են նաև գործիքակազմ աշխատելու համար․ «Իսկ այն մասնակիցները, որոնք ընտրել են բիզնես դասընթացները, կկարողանան մասնակցել դրամաշնորհային մրցույթին, որի ընթացքում ընտրված լավագյույն 8 գաղափարները կստանան 1 միլիոն 600 հազար դրամ գումար իրենց բիզնես գաղափարն իրագործելու համար»:
Համակարգչային գրագիտության, անգլերենի և լուսանկարչության դասընթացներն անցկացվում են Դիլիջանի համայնքային կենտրոնում, իսկ մատնահարդարման, վարսահարդարման և այլ դասընթացներն անցկացվում են այդ մասնագիտության համապատասխան կենտրոններում:
Սաթենիկ ՀՈՎՍԵՓՅԱՆ