Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Հայաստանը պետք է սկսի ուղիղ բանակցություններ Թուրքիայի, ինչպես նաև Ադրբեջանի հետ, ոչ թե ՌԴ միջոցով». Տիգրան Խզմալյան

Սեպտեմբեր 05,2021 16:55

«Այդ հարցը մի փոքր ավելի բարդ է, քան Ռուսաստանի դիրքորոշումը արցախյան հարցում: Այն, ինչ վերաբերում է Թուրքիային, լուծվում է ոչ այնքան և ոչ միայն Անկարայում, այլ, չմոռանանք, Անկարան առ այսօր հանդիսանում է ԱՄՆ-ի և ընդհանրապես արևմուտքի կարևոր դաշնակիցը»,- Aravot.am-ի դիտարկմանը՝ մի կողմից ՀՀ իշխանությունները խաղաղության օրակարգով են հանդես գալիս, ասում է, որ նման ազդակներ տեսնում են նաեւ Թուրքիայի կողմից, բայց մյուս կողմից Ադրբեջանի ԱԳՆ-ն «հիվանդ երևակայության արդյունք» է որակել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե Արցախի կարգավիճակը պետք է վերջնականապես հստակեցվի, ուստի Ադրբեջանի դիրքորոշումը հասկանալի է և հարցին՝ իսկ ինչպիսի՞ն է ՌԴ-ի դիրքորոշումը հայ-թուրքական հարաբերությունների հարցում, այսպես պատասխանեց  Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը:

Ըստ նրա՝ այն, ինչ վերաբերում է ՀՀ-ի հետ հարաբերություններին, ԱՄՆ-ն և արևմուտքն ընդհանրապես դիտարկում են նաև ՀՀ-Թուրքիա, այլ ոչ թե ՀՀ-ՌԴ-Թուրքիա եռանկյունում: Նա ասաց. «Այսինքն՝ Անկարան ակնհայտորեն կրկնակի խաղ է խաղում: Եթե Ադրբեջանը միանշանակ ՌԴ-ի հետ համագործակցում էր արցախյան հիմնախնդրի պատճառով, քանի որ ՌԴ-ի և Ադրբեջանի շահերը համընկնում են այնտեղ, Թուրքիան ստիպված է նկատի առնել ԱՄՆ-ի և ԵՄ տեսակետները: Այդ տեսակետները պահանջում են մեր երկրում վերլուծություն, հասարակական քննարկում, որը ցավոք, չկա: Մենք չափազանց հուզված և զգայական ենք ընդունում այդ խնդիրը, ինչը բնական է, և մեր երկրում չկա անկեղծության և փոխադարձ վստահության անհրաժեշտ մթնոլորտը, որ մենք սառնասրտորեն կարողանանք խուսանավել: Իսկ այդ քաղաքականությունը Թուրքիայի հետ կապված պահանջում է սառնասրտություն և  բարձր կարգի դիվանագիտություն: Սակայն երկուսն էլ չունենք»:

Տիգրան Խզմալյանի կարծիքով՝ խնդիրն այն է, որ Արևմուտքի համար գերխնդիր է ՀՀ-ի հետ կապված հարցերում դուրս բերել ՀՀ-ն ՌԴ-ի ազդեցության տակից: Նա պարզաբանեց. «Արևմուտքում հասկանում են, որ բոլոր խնդիրները ՀՀ-ի կապված՝ ռազմաքաղաքական, սոցիալական, տնտեսական, կապված են այն բանի հետ, որ ՀՀ-ն առ այսօր ՌԴ գաղութն է: Հետևաբար նրանք փորձում են օգտագործել անգամ Թուրքիայի գործոնը՝ փորձելով դեպի արևմուտք ճանապարհները դիվերսիֆիկացնել Հայաստանի համար»:

Տիգրան Խզմալյանի համոզմամբ՝ Հայաստանը պետք է սկսի ուղիղ բանակցություններ Թուրքիայի, ինչպես նաև Ադրբեջանի հետ, ոչ թե ՌԴ միջոցով: Նա մանրամասնեց. «Ուղիղ բանակցություններում Թուրքիայի հետ մենք կարող են և պարտավոր ենք հիմնվել Առաջին Հանրապետության իրավահաջորդության սկզբունքի վրա: Այ, դրանից է ամենաշատը խուսափում Ռուսաստանը»:

Ըստ նրա՝ հայ-թուրքական հարաբերությունները պետք է հիմնվեն այն սկզբունքի վրա, որ ԱՄՆ-ն չի ստորագրել և չի ճանաչել Լոզանի պայմանագիրը, որով 1923 թվականին Օսմանյան կայսրությունը պաշտոնապես դարձավ Թուրքիայի Հանրապետություն: Այս առիթով Տիգրան Խզմալյանը հավելեց. «Եվ թուրքերը շատ լավ գիտեն, և փաստացի Թուրքիան տասնամյակներ շարունակ գործում էր Սևրի պայմանագրի տրամաբանությամբ, քանի որ թուրքերը չէին զարգացնում և չէին բնակեցնում պատմական հայկական տարածքները՝ Սևրի պայմանագրի սահմաններից դեպի արևելք: Այդ բնակեցման գործընթացը թողեցին քրդերին, և մինչև հիմա արևելյան Թուրքիան կամ արևմտյան Հայաստանը թերզարգացած և կիսաամայի տարածք է հենց այդ  պատճառով»: Այս տեսանկյունից խնդիրը դիտարկելով՝ Տիգրան Խզմալյանը վստահ է՝ մենք հսկայական գործ ունենք անելու: Բայց նաև մտածում է. «Բայց ո՞վ պետք է դա անի. միայն ժողովրդավարության և արևմտյան դաշինքի հետ ընդհանուր արժեքները կիսող կառավարությունը կարող է ստանալ արևմտյան աջակցություն այս հարցերում: Եթե մենք մնանք միայնակ երեք կայսրությունների՝ Ռուսաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի դեմ, բնականաբար, մենք չենք կարողանա դիմակայել նրանց»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930