Տավուշի մարզի սահմանամերձ Բերդ քաղաքում ստեղծվել է համայնքային հոգեբանական կենտրոն, որը տեղակայվել է «Հույսի կամուրջ» ՀԿ -ի տարածքում:
«Պահապան զարգացման հիմնադրամի» տնօրեն Ինգա Հարությունյանը մեզ հետ զրույցում նշեց, որ կենտրոնի թիրախային խումբ են հանդիսանում պատերազմից տուժած զինվորներն ու նրանց ընտանիքները, Արցախից տեղափոխված ընտանիքները,սակայն ծառայություններից կարող են օգտվել բոլոր բնակիչները իրենց խնդիրներով․
«Ծրագիրն իրականացվել է Պահապան հիմնադրամի, Բերդի համայնքապետարանի, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, Ապագա հոգեբանական կենտրոնի և «Հույսի կամուրջ» ՀԿ-ի հետ համատեղ։
Կենտրոնն արդեն բացել է իր դռները և կարողանում է ընդունել ինչպես անհատներին, այնպես էլ ընտանիքներին, որոնք ունեն հոգեբանական աջակցության կարիք»:
Կարդացեք նաև
Կենտրոնում գործող մասնագետները մինչ այս արդեն տնայցերի միջոցով աշխատանքներ տարել էին պատերազմից տուժած, հարազատներ կորցրած ընտանիքների հետ, իսկ հիմա ընտանիքները կարող են այցելել կենտրոն և ստանալ անվճար հոգեբանական աջակցություն ինչպես անհատական տարբերակով, այնպես էլ՝ խմբային»։
Հարությունյանի փոխանցմամբ՝ այս պահին համագործակցություն կա դպրոցների և բուժհաստատությունների հետ, որպեսզի երբ հստակ լինի, որ խնդիրը հոգեբանական է, հենց այդ կառույցներից մարդկանց ուղղորդեն իրենց կենտրոն․
«Այս պահին կենտրոնում աշխատում են երկու հոգեբաններ, որոնք աշխատում են և՛ մեծերի, և՛ փոքրերի հետ, սակայն պահանջարկի ավելացման հետ մեկտեղ կլինի նաև մասնագետների համալրում:
Կենտրոնը նաև ունենալու է կրթական բաժին, որտեղ հոգեբանները կկարողանան վերապատրաստման դասընթացներ անցնել: Ապագայում նպատակներ կան, որ Երևանի պետական համալսարանի հոգեբանական կենտրոնը կկարողանա մեթոդական և գիտական աջակցության դասընթացներ կանցկացնել կենտրոնի հոգեբանների հետ, և կենտրոնում բացի հիմնական հոգեբանական աջակցություն տալու ծառայությունից կկարողանանք իրականացնել նաև հոգեբանական հետազոտություններ»:
Հարությունյանը տեղեկացրեց, որ կենտրոնը ծառայելու է ոչ միայն Բերդի բնակիչներին, այլ նաև մնացած բոլոր 16 համայնքների բնակիչներին:
Սաթենիկ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Լուսանկարները՝ Ինգա Հարությունյանի