Լրահոս
Օրվա լրահոսը

Թեժ ընտրապայքար Սյունիքում․ Գորիսում իշխանության թեկնածուն Վլադիմիր Աբունցն է, Մեղրիում արդեն 3 կուսակցության անուն է շրջանառվում

Սեպտեմբեր 05,2021 12:28

Հոկտեմբերի 17-ին  Սյունիքի մարզի Գորիս, Մեղրի, Տեղ, Տաթեւ խոշորացված համայնքներում առաջին անգամ համամասնական ընտրակարգով կկայանան ավագանու անդամների ընտրություններ։

Սեպտեմբերի 2-ից կուսակցությունները կամ կուսակցությունների դաշինքները կարող են փաստաթղթերը ներկայացնել տարածքային ընտրական հանձնաժողովներ։  Նոր ընտրակարգով համայնքների ավագանիների անդամների թիվը  նախկին ավագանու կազմի համեմատ ավելանալու են։ Տեղ, Տաթեւ եւ Մեղրի համայնքները 11-փոխարեն կունենան ավագանու 15 անդամ, Գորիս համայնքի ավագանին 15-ի փոխարեն՝ 21 անդամ։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության Սյունիքի մարզային կառույցից  ասացին, որ դեռ չկա կուսակցության քաղխորհրդի որոշումը։ Մյուս՝ արտախորհրդարանական «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը մասնակցելու է Սյունիքում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, բայց ոչ բոլոր համայնքներում։

Սյունիքում հիմնադրված «Վերածնվող Հայաստան» կուսակցությունում, որը խորհրդարանական ընդդիմության «Հայաստան» դաշինքի անդամ է՝ նույնպես քննարկումները շարունակվում են։ Այստեղ չեն բացառում, որ  մեկ–երկու համայնքներում դաշինքով առաջադրվեն։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը  իր ուժերն է չափելու բոլոր համայնքներում։

Մեղրիում  արդեն թեկնածուների անուններ են շրջանառվում։ Հայաստանի առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի Մեղրիի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետի ժամանակավոր պաշտոնակատար Բագրատ Զաքարյանը, ըստ տեղեկությունների, առաջադրվելու է Արամ Սարգսյանի գլխավորած «Հանրապետություն» կուսակցության ընտրական ցուցակով․ «Այո , առաջադրվելու եմ ընտրություններում, բայց մնացած բոլոր հարցերին կպատասխանեմ սահմանված կարգով օրերի ընթացքում»,-ասաց Բագրատ Զաքարյանը։

Մեղրիի ավագանու համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցելու է նաեւ Երկրապահ կամավորականների միության անդամ, ագարակցի Խաչատուր Անդրեասյանը։ Նա գլխավորելու է Սամվել Բաբայանի «Ազատական» կուսակցության ընտրացուցակը։  Մեղրիում «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակի առաջին համարը համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արարատ Թումանյանն է։

Խաչատուր Անդրեասյան

Թեժ պայքար է սպասում Գորիսում։ Մեր տեղեկություններով, չի բացառվում խորհրդարանական «Հայաստան» դաշինքը սատարի գործող համայնքապետ Առուշ Առուշանյանին, որն ներկայումս կալանքի մեջ է։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, գորիսեցի Արմեն Խաչատրյանը դեռ չի նշում, թե ո՞վ է գլխավորելու իշխանության համամասնական ցուցակը Գորիսի ավագանու ընտրություններում։ Ըստ նրա, թեկնածուն պետք է կրի հեղափոխության արժեքները, պետք է ունենան այնպիսի հատկանիշներ,, որ կարողանա կառավարել համայնքը։  Արմեն Խաչատրյանի խոսքով, մինչեւ վերջնական որոշման գալը՝  քննարկումներ, հանդիպումներ ու սոցհարցումներ են անցկացրել համայնքում ու համոզվել, որ իրենք հաղթելու են ՏԻՄ ընտրություններում։

Վլադիմիր Աբունց

Նշենք, որ ի սկզբանե շրջանառվում էր Սյունիքի մարզպետի տեղակալ Կարո Ավանեսյանի անունը։ Սակայն նրա թեկնածությունը չհաստատվեց։  Ու չնայած դեռ գաղտնի են պահում Գորիսի իշխանական թեկնածուի ով լինելը, Aravot.am-ի աղբյուրների տեղեկություններով Գորիսի ավագանու ՔՊ–ի ընտրական ցուցակը  գլխավորելու է  46-ամյա Վլադիմիր Աբունցը։ Վերջինս Ագարակի մաքսատան նախկին պետն է եղել, հիմա չի աշխատում։  «Ժպտադեմ, նորմալ, քաղաքավարի, հասկացող մարդ է»,–այսպես գորիսեցիները բնութագրեցին Աբունցին, ի դեպ, անհանգստանալով, թե ինչու ենք հետաքրքրվում։

Ի դեպ, ըստ մեր աղբյուրների, մինչեւ համապատասխան փաստաթղթերը ընտրական տարածքային հանձնաժողով ներկայացնելը հնարավոր է ՔՊ–ի ընտրացուցակը փոփոխությունների ենթարկվի։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930