Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վարչական ղեկավարները լռում են, Կապանում խոսում են, համայնքապետը չի արձագանքում

Սեպտեմբեր 04,2021 22:06

Կապանի  Վերին Խոտանան բնակավայրի վարչական ղեկավար Կարեն Հակոբյանը եւ Շիկահող բնակավայրի վարչական ղեկավար Նարե Ղազարյանը, իրենց դիմումների համաձայն, օրեր առաջ  ազատվել են աշխատանքից։ Ըստ շրջանառվող լուրերի՝ վերջիներիս Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանն է հորդորել դիմում գրել, քանի որ կասկածներ ունի՝ վարչական ղեկավարներն առաջիկա ընտրություններին չեն սատարելու նրան։

Հիշեցնենք, որ կառավարության որոշմամբ, նոյեմբերի 14-ին Կապան համայնքում համամասնական ընտրակարգով նշանակվել են ավագանու ընտրություններ։ Գործող ավագանու 15 անդամից 8-ը վայր են դրել մանդատները, եւ ըստ էության, Կապանի ավագանին վաղաժամկետ դադարեցրել է իր լիազորությունները։

Համայնքապետ Գեւորգ Փարսյանը, ըստ մեր աղբյուրների, առաջարկել է Վերին Խոտանանի վարչական ղեկավար Կարեն Հակոբյանին ընդգրկվել իր գլխավորած ցուցակի ավագանու կազմում։ Վարչական ղեկավարը հրաժարվել է, որից հետո Գեւորգ Փարսյանն ասել է՝ «դու իմ հետ չես, դիմումդ գրի, ազատվի աշխատանքից»։ Կարեն Հակոբյանը Aravot.am–ի հետ զրույցում չցանկացավ մանրամասնել աշխատանքից ազատվելու պատճառները։ «Ես իմ կամքով դիմում եմ գրել՝ ազատվել։ Մնացածը, թե ինչ են խոսում՝ ինձ չի վերաբերվում»,–ասաց Հակոբյանը։

Կարեն Հակոբյան

Շիկահողի արդեն նախկին վարչական ղեկավար Նարե Ղազարյանը նույնպես չպատճառաբանեց պաշտոնից հրաժարվելու շարժառիթները։ Մեր աղբյուրի համաձայն, Գեւորգ Փարսյանը նրան հարցրել է, թե առաջիկա ընտրություններին վարչական ղեկավարը իր հետ է, թե չէ։ Նարե Ղազարյանի բացասական պատասխանն էլ պատճառ է դարձել աշխատանքից ազատվելու դիմում գրելուն։ «Ժամանակ կգա, ես կխոսեմ այդ մասին, իսկ հիմա խնդրում եմ բավարարվեք այսքանով»,–ասաց Նարե Ղազարյանը:

Նարե Ղազարյան

Նկատենք, Նարե Ղազարյանը խորհրդարանական վերջին ընտրություններում «Հայաստան» դաշինքի վստահված անձն էր, իսկ Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանը կապանցիներին կոչ էր արել չընտրել Նիկոլ Փաշինյանին։

Aravot.am-ը փորձեց նաեւ պարզաբանումներ ստանալ  Կապանի համայնքի ղեկավար Գեւորգ Փարսյանից։ Նրա մամուլի քարտուղարը  խոստացավ ներկայացնել համայնքապետի  պատասխանը, սակայն մինչեւ այս պահը նա չարձագանքեց։  Պատրաստ ենք ներկայացնելու Գեւորգ Փարսյանի տեսակետը։

Ի դեպ, ըստ Aravot.am-ի տեղեկություններով, Կապան համայնքի բնակավայրերից մեկի վարչական ղեկավարը ոստիկանությանը հաղորդում է տվել այն մասին, թե իբր Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանն իրեն ապօրինի կերպով ազատել է աշխատանքից, քանի որ ինքը չի մասնակցել փետրվարին Կապանում կառավարության հրաժարականը պահանջող ցույցին։

Ըստ Կապանի համայնքապետարանի կայքի,  համայնքի ղեկավար Գեւորգ Փարսյանի 2021թ-ի փետրվարի 26-ի որոշմամբ, Սլավիկ Կարապետյանն ազատվել է Տավրոսի վարչական ղեկավարի պաշտոնից, իսկ ի մարտ 3-ի որոշմամբ՝ իր դիմումի համաձայն ազատվել է Շրվենանց բնակավայրի վարչական ղեկավար Արմինե Մանուկյանը։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930