Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Արոնյան. «Էլինա Դանիելյանը հրաշալի խաղաց Եվրոպայի առաջնությունում, եւ բառերն այս պարագայում ավելորդ են»

Սեպտեմբեր 04,2021 19:46

Անհատական վարկանիշով աշխարհի հինգերորդ շախմատիստ, գրոսմայստեր Լեւոն Արոնյանն այսօր հանդիպեց «Լեւոն Արոնյանի եւ Գաբրիել Սարգսյանի շախմատի գրոսմայստերական հեղինակային ուսումնական կենտրոնի» սաներին: Այս կրթօջախը, որ 2018 թվականից զրկվել էր պետական ֆինանսավորումից եւ դադարեցրել գործունեությունը, վերջերս է «Վերածնվող միտք» հիմնադրամի աջակցությամբ դռները կրկին բացել առանձնապես օժտված սակավաթիվ երեխաների առջեւ:

Սիրված գրոսմայստերը բազմաթիվ օգտակար խորհուրդներ տվեց երեխաներին եւ նրանց ծնողներին, թե ինչպես հաջողությունների հասնել շախմատում, պատասխանեց նրանց հետաքրքրող բազմաթիվ հարցերին:

Օգտվելով հարմար առիթից՝ Aravot.am-ը Լեւոն Արոնյանին խնդրեց գնահատել Հայաստանի կանանց շախմատի առաջատար Էլինա Դանիելյանի նվաճած Եվրոպայի անհատական չեմպիոնի տիտղոսը եւ այս պահին ընթացող Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունում Հայաստանի հինգ ներկայացուցիչների մրցելույթը:

«Էլինան հրաշալի խաղաց եւ շատ մեծ հաջողություն ունեցավ, ինչով բոլորս շատ ենք հպարտանում: Արդյունքն արդեն ամեն ինչ ասում է եւ այստեղ նոր բան ասելու առանձնապես բան չկա: Բառերն ավելորդ են: Ես շատ եմ ուրախանում, որ Էլինան պայքարում է եւ հասնում է հաջողության:

Ինչ վերաբերում է մեր տղաներին, նրանք Եվրոպայի այս առաջնությունում այնքան էլ լավ չեն խաղում: Եվ ես խնդիրը հասկանում եմ: Քանի որ տղաները վակցինացված չէին ու գնացին Իսլանդիա, ստիպված էին ինքնամեկուսացվել հյուրանոցում եւ համարից դուրս չգալ: Պարզ է, որ անգամ առողջ մարդը մեկ շաբաթ բացի փոքր սենյակից ուրիշ ոչ մի բան չտեսնի, անառողջ կդառնա: Թերեւս, այս հանգամանքը բացասաբար է անդրադարձել նրանց խաղի որակի վրա: Բայց Հովհաննես Գաբուզյանն է լավ հանդես գալիս: Նա տաղանդավոր շախմատիստ է եւ կարող է մեծ արդյունքների հասնել: Դրա համար նա պետք է իր մեջ որոշ բաներ փոխել: Ինքը գիտե՝ ինչ: Եվ այդ ժամանակ նա աշխարհում կհասնի այն դիրքին, որին արժանի է»,-ասաց Արոնյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930