Այսoր գիշերն արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 02։20-ի սահմաններում հրդեհ է բռնկվել Նոր Խաչակապ գյուղի անասնագոմերից մեկում: Հրդեհի հետևանքով 300 գառ ծխահարվել ու սատկել է։
Հրշեջ-փրկարարների ու գյուղացիների օգնությամբ վառվող անասնագոմից կարողացել են դուրս բերել միայն 20-ից ավելի խոշոր եղջերավոր անասուն: Անասնագոմը պատկանում է նույն գյուղի բնակիչ Գուրգեն Աբգարյանին. «Մտանք գոմը, որ ոչխարներին հանենք, արդեն ծուխն ամեն կողմից էր, ոչ էլ կարեցանք, ոչխարները գոմում մնացին: Առավոտը լույսը բացվել է, նոր գոմից հանել ենք»:
Կարդացեք նաև
Իսկ հրդեհի առաջացման պատճառն ընտանիքի անդամների համար պարզ չի. «Հոսանքից հաստատ չէ, որովհետեւ հոսանքի լարերն ինչպես կային մնում են, թե չէ գոմի մեջից կվառվեին: Այրվել է խոտը, որը հոսանքից շատ հեռու է գտնվում»,- ասում է տան տիկինը՝ Նարինե Սահակյանը:
Համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Աշոտ Պռազյանը ասում է, որ պատրաստվում են դիմել մարզպետարան, վնասի չափը հաշվելու համար, միաժամանակ ակնկալելով նաեւ որոշակի աջակցություն. «Կփորձենք մեր միջոցներով ուսումնասիրենք, եթե հնարավոր լինի օգնություն կցուցաբերենք: Նաեւ դիմելու ենք մարզպետարան, որ տեսնենք, թե ինչով կարող են աջակցել»:
Հրդեհի արդյունքում ընտանիքը կրել է մոտ 60.000 ԱՄՆ դոլարի վնաս: Բացի այդ, որ վերջիններս մտածում են նաեւ այրված կենդանիների վարկը փակելու մասին: Գառներին գնելու համար բանկից վարկ էին վերցրել:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ