Վանաձորում արդեն որոշակի ժամանակ է կարող ենք տեսնել թափառող շների, որոնց ականջներին փակցված են հատուկ տարբերանշանով «կլիպսեր»:
Դա նշանակում է, որ շները ստերջացված եւ կատաղության դեմ պատվաստված են: Նախկինում թափառող կենդանիների վնասազերծումը կատարվում էր կրակելու եղանակով: Այժմ օրենքով այլեւս կրակել չի թույլատրվում. «Ընդհանուր ամբողջ քաղաքով արվում է ստերջացում, նաեւ բնակիչներն են դիմում: Ուղղակի խնդիր է լինում այն, որ կարող է բնակիչը դիմել, աշխատակիցը մի քանի անգամ գնա, բայց չկարողանա կենդանուն բռնել, որպեսզի տանի լաբորատորիա: Այդ ժամանակ շները բակում չլինեն: Մի քիչ տեխնիկական խնդիրներ են առաջանում, բայց հնարավորին չափ փորձում ենք լուծել»,- մեզ հետ զրույցում ասաց Վանաձորի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության, բարեկարգման եւ շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետ Կարեն Պառավյանը:
Կարդացեք նաև
Թեեւ կատարվում է ստերջացում, սակայն բնակիչների կողմից բողոքներ համայնքապետարանում շարունակում են ստանալ: Մեր այն հարցին, թե ավելի հաճախ որ թաղամասերից են ահազանգեր լինում, բաժնի պետը պատասխանեց. «Բոլոր թաղամասերից կարող է լինել՝ կենտրոնից էլ, ծայրամասերից էլ: Բոլոր տեղերում էլ կա խնդիրը, որը հնարավորինս լուծվում է: Քանակն է ուղղակի շատ: Աղբն են թափում, աղբարկղերի կողքերն են կեղտոտում: Մարդը վախենում է, վախեցողի համար ինչ տարբերություն՝ շունը կատաղության դեմ պատվաստում ստացել է, թե ոչ»:
Նա նաեւ նշեց, որ խնդրի լուծման համար այլ ծրագրեր են մտածում. «Տարբեր ծրագրեր ենք մտածել, որ կացարաններ կառուցվի, որովհետեւ թափառող կենդանիների քանակը շատ է: Ինչքան էլ ուզում է լինի, որ շունը կատաղության դեմ սրսկված է, բայց վերջիվերջո մարդիկ են, երեխաներ են, որոնք վախենում են: Ուղղակի բյուջեով այս պահին հնարավորություն չունենք, որովհետեւ կացարանը հետագա սպասարկում է պահանջում, բավականին մեծ ֆինանսական միջոցներ,- ասաց Կարեն Պառավյանն ու տեղեկացրեց, որ տարբեր կառույցների հետ հարցը քննարկել են, սակայն թե երբ կարող է ծրագիրը կյանքի կոչվել, ոչ ոք դեռեւս չգիտի. «Դա միայն Վանաձորով չի կարող լիներ, ընդհանուր Հայաստանով պետք է հարցը լուծվի: Օրինակ, ենթադրենք միայն Վանաձորի թափառող կենդանիները հավաքվեն ու կացարաններում տեղավորենք, կողքի գյուղերից նորից գալիս են շները: Հետեւաբար պետք է բոլոր համայնքներով իրականացվի, որպեսզի արդյունք տա»:
Իսկ մինչ այդ, այս տարի ստերջացման համար բյուջեից հատկացվել է 10 մլն դրամ:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ