Լրահոս
Օրվա լրահոսը

Ամայի, ձյունածածկ, անպետք հողերի մասին

Սեպտեմբեր 04,2021 15:10

Իշխանության ներկայացուցիչներն ու մերձիշխանական վերլուծաբանները տարբեր առիթներ են փնտրում արդարացնելու պարտությունն ու Արցախի կորուստը։

Արդեն պարտությունից հետո նրանց կուռքը Շուշին հանձնելն արդարացրեց՝ այն անվանելով «դժբախտ ու դժգույն», հավելելով, թե այն «նախկինները» չեն վերակառուցել։ Եվ այսպիսի պարզունակ քարոզչությունը շարունակվեց, շարունակվում է և զարմանալիորեն բավականին ազդեցիկ է։

Քիչ առաջ էլ աչքիս ընկավ մի ականավոր վերլուծաբան, պարտության քարոզիչի գրառումը։ Վերջինս հիացմունքով տեղադրել է Ադրբեջանի կողմից կառուցված Վարակնա (Ֆիզուլի)-Շուշի ավտոմայրուղու լուսանկարը։ Լուսանկարի տեղադրման մտայնությունը նույնն է՝ տեսե՛ք, տեսե՛ք Ադրբեջանը կառուցում է, իսկ մենք․․․  ու սկսվում է ՝ կոռուպցիա, դղյակներ և այլն։ Նկատենք, որ այս գործիչներն իրենց կուռքի հետ միասին, բառացիորեն կրկնում են Ադրբեջանի նախագահի խոսքերը․ «Եթե հայերը Շուշին համարում են հայկական, ապա ինչու չեն կառուցել»։

Կրկնեմ, այս ամենը քողարկված ձևով արդարացնում է պարտությունն ու Արցախի կորուստը։

Այժմ, ըստ էության․

Այն որ, հատկապես Արցախի շուրջ ազատագրված տարածքները (իրականում Արցախի Հանրապետության տարածքները), Հայաստանի ոչ մի իշխանություն չի համարել հայրենիքի մաս, անժխտելի է։ Դրանք համարվել են բանակցությունների ժամանակ սակարկության առարկա: Հիշենք, Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիների, պաշտպանության նախարար  Սերժ Սարգսյանի հայտնի խոսքերը «Աղդամը մեր հայրենիքը չի»։ Էլ չեմ խոսում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի դիրքորոշման մասին։ Ի դեպ, այսօր այդ տարածքների համար, իբր կոկորդիլոսի արցունքներ թափող նույն գործիչներն ու վերլուծաբանները, մշտապես եղել են միակողմանի զիջումների կողմնակիցներ, բայց այժմ պարտությունն ու տարածքների  հանձնումը արդարացնելու համար մեղադրում են նախկիններին այնտեղ ներդրումներ չանելու համար։

Ի դեպ, ներդրումների մասին։ Ամեն դեպքում ողջ Արցախում կատարվել են հսկայական ներդրումներ՝ կառուցվել են  տասնյակ ՀԷԿ-եր, զորամասեր, բնակավայրեր, գինու գործարաններ, հիմնվել և մշակվել մրգատու այգիներ, ցորենի դաշտեր, և այլն։ Նույն Շուշիում բացված էին հրաշք թանգարաններ, կառուցվել հյուրանոցներ։

Իսկ արդյո՞ք նույն Ադրբեջանը զերծ է կոռուպցիայից։ Կարծում եմ բոլորին է պարզ, որ՝ ոչ։ Ուղղակի Ադրբեջանն իր նավթադոլարների շնորհիվ ցուցադրաբար  առավել մեծ ծախսեր է անում։

Եվ վերջապես, ենթադրենք այս 30  տարիների ընթացքում, իսկապես Արցախում լուրջ ներդրումներ չեն եղել և տարածքի մեծ մասը եղել է ամայի։ Ուստի՞․․․ Ուստի այն մեզ բնավ պետք չէ՞ր և կարելի էր նվիրել թշնամուն, որ նա ծաղկեցնի՞։ Բազմաթիվ ամայի, չմշակված տարածքներ, չկառուցված, քայքայված ճանապարհեր առկա են հենց Հայաստանի Հանրապետությունում։ Եվ եթե Ադրբեջանը պատրաստ է դրանք մշակել, կառուցել, ապա նույն հոգեբանությամբ կարելի է և դրանք հանձնել՝ պատերազմով, թե խաղաղություն մուրալով, արդեն կարևոր չէ։ Այստեղ կարևորը հոգեբանությունն է, պարտվողի, հանձնողի, հայրենիքի զգացողությունից զուրկ լինելու հոգեբանությունը։

Այդ հոգեբանության արգասիք են վարչապետի և նրա մանկուրտներից մեկի խոսքերը՝ ձնածածկ  և ամայի տարածքների մասին։ Իսկապես զարմանալի հայկական հոգեբանություն։ Ցանկացած այլ ժողովուրդ, պետություն «հանուն խաղաղության» չի զիջի, կկռվի, կպատերազմի ամեն մի սմ, թեկուզ բացարձակապես անպետք, ավազուտ, ճահճոտ հողակտորի համար։ Եվ ցանկացած ժողովրդի համար այդ մեկ սմ անպետք ավազաթումբը հայրենիքի մաս է։ Հանձնեցի՞ր այդ մեկ « անպետք» սմ-ն, կհանձնես ողջ երկիրդ․․․ ինչին մենք ականատես ենք լինում։

 

Ավետիք ԻՇԽԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930