Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր հանրապետության տնտեսության մեջ մեծածավալ օտարերկրյա ներդրումների էական հոսքեր չեն կարող ակնկալվել․ «Փաստ»

Սեպտեմբեր 04,2021 10:14

Համաշխարհային տնտեսությունը հետճգնաժամային փուլում սկսել է բավական արագորեն աճել, ինչին նպաստում են նաև աշխարհի խոշոր տնտեսություններում հսկայածավալ ֆինանսական ներարկումները, որոնք մինչ օրս դեռ շարունակվում են, օրինակ՝ ԱՄՆ-ում, ԵՄ-ում և այլն: Այս իրավիճակում բոլոր երկրների տնտեսություններում նշմարվում է իներցիոն աճի միտում, այդ թվում՝ Հայաստանում: Սակայն, միևնույն ժամանակ, մեծանում են նաև գնաճի տեմպերը:

«Փաստի» հետ զրույցում այս մասին նշեց տնտեսագետ, կառավարման փորձագետ, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Կարեն Սարգսյանը: Նա հիշեցրեց, որ գնաճի զսպման համար Կենտրոնական բանկը մի քանի անգամ արդեն բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը, ինչը, տնտեսագետի խոսքով, բացի գնաճից, զսպում է նաև տնտեսական աճը. «Այս իրավիճակում մեզ համար, որպես տնտեսության վիճակի իրական ցուցիչ, պետք է հանդիսանա ՀՆԱ-ի աճը՝ ճշգրտված գնաճով, կամ, այլ կերպ ասած, իրական ՀՆԱ աճը»:

Խոսելով 2021 թ. հունվար-հուլիս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրված 5,2 % տնտեսական աճի մասին ու մեջբերելով մի շարք այլ ցուցանիշներ՝ նա ընդգծեց. «Փաստացի, չնայած բացարձակ աճի ցուցանիշներին, իրական ՀՆԱ անկում ունենք: Ինչ վերաբերում է կառավարության ծրագրում նշված 7 %-անոց աճի ապահովմանը, ապա պետք է վերապահում կատարվի՝ իրակա՞ն, թե՞ անվանական ՀՆԱ աճի մասին է խոսքը:

Իսկ ինչ վերաբերում է տնտեսական աճի ապահովման ներուժին, ապա, ինչպես նշեցի, համաշխարհային տնտեսությունը և աշխարհի առաջատար տնտեսությունները բավական արագ կերպով աճում են, ինչն էլ, բնականաբար, իր որոշակի ազդեցությունն է ունենում նաև Հայաստանի վրա: Բացի այդ, մեր տնտեսության մեջ համախառն պահանջարկը բավական արագ կերպով վերականգնվում է, ինչն էլ իր հերթին է նպաստում տնտեսության աստիճանաբար վերականգնմանը:

Զբոսաշրջության ոլորտն է սկսել աստիճանաբար ակտիվանալ ինչպես ներգնա, այնպես էլ արտագնա ուղղություններով՝ միջպետական սահմանների վերաբացմանը զուգընթաց: Առկա է նաև առևտրի և ծառայությունների ոլորտում որոշակի աճ: Այս ամենը նպաստում է տնտեսության աստիճանական վերականգնմանը, այլ հարց է՝ վերջինիս տեմպերը գոհացուցի՞չ են, թե՞ ոչ: Կարծում եմ, որ եթե աշխարհաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում կայունանա, բարելավվի ներդրումների հոսքը դեպի տնտեսության իրական հատված և միաժամանակ նշված ուղղություններով հետևողական քաղաքականություն որդեգրվի, ապա հնարավոր կլինի հասնել նախատեսված ցուցանիշներին»:

Հայաստանի տնտեսության իրական վիճակին տնտեսագետը «հետճգնաժամային փուլում իներցիոն ձևով դանդաղ վերականգնվող» բնութագրումն է տալիս. «Տնտեսության արագ վերականգնման և աճի խթանման համար մեծածավալ ներդրումներ են անհրաժեշտ: Ներկայիս աշխարհաքաղաքական բավական բարդ իրավիճակում, երբ առկա է սահմանային նոր լարվածության աճ և դեռևս փաստացի չկարգավորված հակամարտություն, սպասվող սահմանազատման և սահմանագծման գործընթացներ, մեր հանրապետության տնտեսության մեջ մեծածավալ օտարերկրյա ներդրումների էական հոսքեր չեն կարող ակնկալվել:

 

Աննա ԲԱԴԱԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930