Լրահոս
Օրվա լրահոսը

Ապրել Արցախում ու անել ամեն ինչ յանուն Արցախի յաղթանակի․ «Հայրենիք»

Սեպտեմբեր 04,2021 09:50

«Ազատ Արցախը ողջունում է Ձեզ»․ Ցուցանակը յուշում է՝ արդէն Արցախում ենք։ Սկսւում է անցակէտերի շարանը։ Թիւով 9 անցակէտ, որոնք անցնելուց յետոյ միայն կարող ես մտնել քո հայրենիք, քո տուն։

Հասնում ենք Աղաւնոյ, կանգնում հերթական անցակէտի մօտ, մեզ է մօտենում մի ռուս խաղաղապահ ու խնդրում անձնագրերը։ Նայում է փաստաթղթերին, հայեացքով զննում մեքենայում գտնուող միւս ուղեւորներին, ստուգում է բեռնախցիկը, մօտենում է դիմապակուն ու նկատում Հայաստանի դրօշը։ Շատ անտարբեր ասում է, որ հանենք դրօշն ու դնենք միայն Ստեփանակերտ հասնելուց յետոյ։ Հարցին, թէ ինչու՞ պէտք է հանենք դրօշը հնչում է աւելի անտարբեր պատասխան․ «Չի կարելի»։ Ստիպուած հանում ենք դրօշը ու շարունակում ճանապարհը։

Մի փոքր էլ ընթանալուց յետոյ հասնում ենք Շուշիի անցակետ։ Առաջին բանը, որ նկատում ենք մեծ ու կարմիր տառերով «Şuşa» գրութիւնն է։ Անցակէտում ռուսական ու ատրպէյճանական դրօշներն են, իսկ Շուշիում՝ Թուրքիոյ ու Ատրպէյճանի։ Բերդաքաղաքը պաշարուած է։ Կարծես վանդակի մէջ լինի։ Ներսում ազերի զինուորներն են։ Մի մասը նկարւում է, իսկ միւս մասը նստած է մեքենայի մեջ ու նայում է անցնող-դարձողին։ Նայում է վերեւից, նայում է քմծիծաղով, նայում է թշնամաբար, նայում է տիրոջ աչքով։ Տեսարանը սարսափեցնող է։ Ասես մղձաւանչ լինի։ Լրագրողական հետաքրքրութիւնս ինձ դրդում է ձեռքս վերցնել հեռախօսն ու նկարել, բայց նոյն պահին մտափոխւում եմ։ Ամէն բան կորցնում է իմաստը, ցաւը կրկնապատկւում է, անկարողութեան զգացումը թւում է, թէ քեզ կը հասցնի խելագարութեան։ Անցակէտում կանգնում ենք 1 կամ 2 րոպէ, սակայն թւում է, թէ մի ամբողջ յաւերժութիւն է տեւել։ Մնացած ճանապարհը անցնում է լուռ։ Միայն հասցնում ես աննկատ արցունքներդ մաքրել, իբրեւ թէ չես ուզում կողքիներդ տեսնեն, մինչդեռ բոլորը նոյն վիճակում են։

Ստեփանակերտի ճանապարհին հանդիպեցինք մի խումբ աշխատաւորների, կանգնեցինք․

-Տղերք, ո՞նց էք, հօ չէ՞ք վախենում, որ թուրքը ձեզնից մի քանի քայլ է հեռու (ծիծաղելով)։

-Որ վախենայինք էլ էստեղ ինչի էինք գալիս։ Թուրքից վախենալ չկայ։

Հասնում ենք Ստեփանակերտ։ Անցնում ենք շուկայով, յետոյ հասնում վերածնունդի հրապարակ, պտտւում ենք քաղաքում։ Այս քաղաքում պատերազմի շունչը դեռ օդում զգացւում է։ Այն իր հետքը թողել է։ Շէնքերի, սրճարանների, խանութների վրայ տեսանելի են կրակոցների հետքերը։ Սակայն մարդիկ փորձում են շարունակել ապրել, փորձում են վերագտնել կորցրած ուժն ու ժպիտը։

Խօսում ենք այգում նստած մարդկանց հետ, որոշներն ապրում են միայն ներկայով, չեն ուզում յաջորդ օրուայ համար ծրագրել, բայց Արցախից գնալու մասին չեն ուզում անգամ մտածել, ասում են․

-Ու՞ր գնանք, սա մեր հողն է։ Մենք այստեղ ենք ծնուել ու մեծացել են։ Դժուար ժամանակներ են, բայց սա էլ կ՛անցնի, ամէն ինչ լաւ է լինելու։

Չնայած պատերազմի ծանր հետեւանքների, Արցախը երիտասարդների պակաս չունի։ Ստեփանակերտի, Մարտունու փողոցներում տեսնում ենք երիտասարդ տղաների ու աղջիկների։ Իրենց հայեացքներում չկայ առաջուայ անհոգութիւնը։ Թէպէտ պատերազմը խլել է դա, բայց փոխարէնն աւելացրել է պատասխանատուութեան զգացումը եւ յանուն հայրենիքի օրն ի բուն աշխատելու ցանկութիւնը։ Նրանց համար կայ մէկ յստակ ու մեծ վերնագիր․ «ԱՊՐԵԼ ԱՐՑԱԽՈՒՄ ՈՒ ԱՆԵԼ ԱՄԵՆ ԻՆՉ ՅԱՆՈՒՆ ԱՐՑԱԽԻ ԳԱԼԻՔ ՅԱՂԹԱՆԱԿԻ»։

 

Գառնի ՄՈՒԹԱՖԵԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայրենիք» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930