Մեր գիտնականները , որոնք նախորդ դարի 60-ական թվականներին, հետեւելով ուկրաինացիների օրինակին, Խ. Հայաստանի կառավարության իսկ նախաձեռնությամբ սկսել էին հին հայկական տեղանունների վերականգման կամ թրքացվածների հայացման գործընթացը, հետագայում, ավելի բարենպաստ պայմաններում չշարունակեցին տեղանունների հայացման գործընթացը եւ բավարարվեցին, անկախության առաջին տարիներին, Երեւանի եւ մի քանի այլ քաղաքների փողոցները սովետական գործիչների անուններից «ազատագրելու» գործով, մինչդեռ, առաջին հերթին, անհրաժեշտ էր հայացնել թրքացված տեղանունները, ինչպես արել էին իրենց նախորդները՝ Դարաչիչակը դարձնելով Ծաղկաձոր, Բասարգեչարը՝ Վարդենիս, Ղալթախչին՝ Հարթագյուղ, Աղջըղալան՝ Ծաղկալանջ, հին ուրարտական Էլար տեղանունն անգամ (սխալմամբ կարծելով թուրքական)՝ Աբովյան, եւլն:
Ասենք նաեւ, որ սկզբից եւեթ աններելի բացթողում է եղել, երբ համապատասխան ֆիզիկական քարտեզներում չեն փոփոխվել կամ սրբագրվել լեռնագագաթների, գետերի ու լճերի անունները, որոնք գրեթե համատարած թուրք-պարսկական են: Այդ տեղանունները մեծամասամբ տրվել են Կովկասում թափառող թուրքական ու պարսկական խաշնարած ցեղերի քոչվորների կողմից եւ առ այսօր օգտագործվում են տարածաշրջանային զինվորական քարտեզներում, եւ, ինչպես տեսնում ենք, Ալիեւի կողմից՝ իբրեւ «ապացույց» այդ տարածքների «ադրբեջանականության», մինչդեռ բոլորին է հայտնի, որ թյուրքալեզու առաջին ցեղախմբերը մեր տարածքներում հայտնվել են 12-13-րդ դարերում: Ու պատկերացնել, որ այժմ, երբ օրակարգի վրա է սահմանազատման ու սահմանագծման հարցը, նման քարտեզներն են լինելու մասնագետների ուղեցույց ոչ միայն Հայաստանի, այլեւ ադրբեջանավրացական սահմանները ճշտելիս:
Եվ այս պայմաններում տարօրինակ, արտառոց է արձանագրումը, որ հայկական կողմից, արդեն պաշտոնական մակարդակով, ինքնամատույց ընդառաջ քայլեր են արվում դեպի թուրք-ադրբեջանական տեղանվանական բլեֆները: Այս պայմաններում ուրիշ ի՞նչ բացատրություն տալ, նմանօրինակ այլ քայլերի շարքում, Նիկոլ Փաշինյանի կողմից Էյվազլու եւ Չայզամի անունների բարձրաձայնմանը, որը, ինչպես հայտնի է, գորովանքով ընդունվեց Բաքվի կողմից: Միաժամանակ՝ այդ եւ նման ընդառաջ քայլերը ծաղրն են միջազգային իրավունքի, որը մերժում է, անհեթեթ է համարում «տարածքի անունը իմ լեզվով է, հետեւաբար ինձ է պատկանում» գոյություն չունեցող սկզբունքը:
Ոչ ոք իրավունք չունի, ինչ գույնի եւ ինչ մետաղից էլ լինի նրան տրված կամ չտրված մանդատը, հայ ժողովրդի հաշվին, այս անգամ էլ տեղանունների քողի տակ, զիջումների գնալ թշնամու հետ:
Կարդացեք նաև
Հակոբ ԱՎԵՏԻՔՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս համարում