Լրահոս
Օրվա լրահոսը

Քննիչին էր ներկայացվել տան վնասված փականի միջուկը՝ բանալիներով

Սեպտեմբեր 04,2021 14:00

Դատարաններն էլ քննում են այդ բողոքները՝ բողոքաբերից «սոցիալական հեռավորություն» պահպանելով

Հայրենի արդարադատությունը հնչեղ է համարում այն գործերը, որում ներգրավված են պատգամավորներ, կառավարության անդամներ, մեծածախ հեղինակություններ, օլիգարխներ: Նրանց գործերով ոչ միայն պարբերաբար տեղեկություններ են տարածում, այլ առանձին «հաշվետվություններ» են ներկայացնում պաշտպանները, նրանց ներկայացուցիչները:

Երկիրը բացվում եւ փակվում է հարուստներին, չինովնիկներին պաշտպանության տակ առնելու հայտարարություններով:
Շարքային քաղաքացիների գործերը տարիներով «լռվում» են քննիչների դարակներում, եթե մեկ-մեկ էլ ընդվզում են քաղաքացիները, ապա վերահսկողություն իրականացնող դատախազի դեմ բողոք են բերում, դատարաններն էլ քննում են այդ բողոքները՝ բողոքաբերից «սոցիալան հեռավորություն» պահպանելով: Որպես կանոն, խոսել ողջամիտ ժամկետների մասին, ավելորդ է…

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ավագ հետաքննիչ Տ. Ավետիսյանը ստացել էր Աննա Մարգարյանից դիմում, եւ կայացրել որոշում՝ քրեական գործ հարուցելու մասին: Աննա Մարգարյանը դիմումում հայտնել էր, որ 2019թ. հունիսից մինչեւ նոյեմբեր ամսվա վերջ, անհայտ անձը մուտք է գործել Երեւանի Հր. Ներսիսյան փողոցի իր բնակարան, հափշտակել ասեղնագործված բրդյա ծրարներ, բարձի ասեղնագործված երեսներ, կանացի իրեր՝ պատճառելով 61 000 դրամի վնաս:

Միայնակ ապրող այս աղջկա համար 61 000 դրամի վնասն իրոք զգալի է, ինչպես որ գրել էր հետաքննիչը:

Անցյալ տարվա օգոստոսի 3-ին նշանակվել էր դատահետքաբանական փորձաքննություն, գողություն կատարած անձը չի հայտնաբերվել: Աննա Մարգարյանը ճանաչվել էր տուժող:

Այս գործով խնդիրը միայն ասեղնագործված ձեռքի աշխատանքները չեն, այլ այն, որ դեռեւս 2015թ. սեպտեմբերի 3-ին Շենգավիթի ոստիկանության բաժում հարուցվել էր մեկ այլ գործ էլ, կապված այս նույն բնակարանից ժառանգության գործի միջից կարեւոր փաստաթղթերի անհետացման հետ՝ հարազատի մահվան վկայականը, տան սեփականության վկայականը:

Այդ փաստաթղթերն առնչվում էին Աննայի բնակարանային իրավունքին, իրեն, իսկ քննչական բաժնում գործը կարճվեց, մարվեց, սկիզբ դնելով մեկ այլ գողության:

Աննան ոստիկանությանը հայտնել էր, որ մի քանի անգամ իր դռան բռնակը հայտնաբերել է պոկված վիճակում, սակայն որեւէ ուշադրություն չի դարձվել ասվածին:

Նախաքննության փուլում էլ գումարի չափը քննիչը նշել է 74 000 դրամի նյութական վնաս:

Ավագ քննիչ Ա. Քոչարյանը ՀՀ ոստիկանության փորձագետին տվել էր հետեւյալ հարցերը՝ փորձաքննության ներկայացված փականի միջուկների վրա արտաքին ներգործության հետքեր առկա՞ են, թե՝ ոչ, ինչպիսի՞ն են դրանց առաջացման մեխանիզմը եւ եղանակը, ներկայացված բանալիները պատրաստված են գործարանայի՞ն եղանակով, թե՞ ինքնաշեն, դրանցից կրկնօրինակ պատրաստվե՞լ է, թե՝ ոչ, ի՞նչ եղանակով են բացվել մուտքի դռները:

Անցյալ տարվա սեպտեմբերի 15-ին քրեական գործով վարույթը կասեցվել է:

Աննա Մարգարյանն «Առավոտին» ասում է, որ պատշաճ քննություն չի կատարվել, իրեն չեն լսել, դռան փականը անցյալ տարվա նոյեմբերին էլ տեսել է բացված վիճակում, սակայն ոստիկանությունը կրկին որեւէ միջոց չի ձեռնարկել: Աննան մտահոգված է նաեւ իր անվտանգությամբ, հայտնել էր, որ իր տան դռան մոտ լսել է մի քանի անգամ, թե ինչպես մի կին, դիմելով ոմն Արմանի, ասում է՝ «Արման, տենաս, էսի տաննա՞», կամ՝ «էսի տանը չլիներ, մտնեինք էստեղ», անգամ տեսել է այդ կնոջն իրենց շքամուտքում, ու երբ նա հեռախոսով խոսելով իջել է, Աննան ճանաչել է նրա ձայնը:

Բայց Աննան ոստիկան չէ, որ այս ամենը համադրի, քննչական-իրավական գործողություններ ձեռնարկի, դրան կոչված են մարդիկ, ում դիմել էր, եւ ամենայն մանրամասնությամբ ներկայացրել իր բնակարանում կատարվածի մասին:

Այս գործով հարցաքննվել են շենքի բնակիչները՝ հարեւանները: Ըստ ավագ քննիչի. «Նրանք գործի համար էական նշանակություն ունեցող տվյալներ չեն հայտնել»: Եվ չէին էլ կարող հայտնել, քանի որ անցյալ տարի բոլորը գտնվում էին համավարակով պայմանավորված մեկուսացման մեջ, իրարից անտեղյակ, էլ չենք խոսում այն մասին, թե «հարեւանների կողմից տրված վկայությունները» խորհրդային տարիներից եկած դառը սովորույթ էր, երբ իրավապահները բողոքաբերի ընտանիքի մերձավորներին թողած՝ ապացույց էին ձեռք բերում օտարներից՝ դրկիցներից:

Գործով վարույթը կասեցվել էր՝ որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձ-անձինք հայտնի չլինելու հիմքով:
ՀՀ գլխավոր դատախազության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի այս տարվա հունիսի 8-ի գրությամբ, Աննա Մարգարյանին տեղեկացվել էր, որ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազ Ս. Խաչատրյանին է ուղարկվել տուժող Ա. Մարգարյանի դիմումը՝ «վարույթն իրականացնող մարմնի կողմից ոչ օբյեկտիվ քննություն իրականացնելու վերաբերյալ»:

Աննայի նույնաբովանդակ դիմումը երկու օր հետո էլ ուղարկվում է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնի պետի պաշտոնակատարին՝ արդարադատության երրորդ դասի խորհրդական Դ. Թովմասյանին:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
03.09.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930