Օգոստոսի սկզբին գումարված ՀՀ Ազգային ժողովի 8-րդ գումարման նստաշրջանի առաջին նիստն իր տարօրինակ ընթացքով՝ հատկապես որոշ պատգամավորների բռի պահվածքով շատ հարցեր առաջացրեց հանրության շրջանում: Հենց առաջին պահերից պարզորոշ զգացվեց, որ իշխանական եւ ընդդիմադիր պատգամավորները թույն են շնչում միմյանց նկատմամբ, որը լավ բանի չի բերելու: Հատկապես կառավարության 2021-2026թթ. գործունեության ծրագրի ներկայացման ընթացքում նրանց որոշ մասը չզսպեցին իրենց զգացմունքները եւ ցույց տվեցին իրենց իրական դեմքը:
Ազգային ժողովը մի շարք անգամներ ուղղակիորեն նմանվում էր մարտադաշտի, որտեղ ընթացող մարտերն անցնում էին առանց կանոնների: Բացարձակապես հաշվի չէր առնվում, որ նիստը հեռարձակվում է, ինչպես նաեւ դահլիճում մեծ թվով կանայք ու աղջիկներ կան: Մարտերն ընթանում էին հայհոյանքների ներքո, իսկ դատավարական կազմի դերը կատարում էին՝ մի քանի րոպեն մեկ դահլիճ հրավիրված անվտանգության մեծաթիվ աշխատողները: Այդ պահերին, բնականաբար, ընդհատվում էր նիստը եւ այնտեղ ընթացող իրադարձությունների հեռարձակումը: Լրագրողներին եւս մեկուսացնում էին եւ ընդամենը ով ինչ հասցնում, ֆիքսում ու տարածում էր սոցցանցերով: Ամեն հաջորդ անգամ պատգամավորներն ավելի ոգեւորված էին մասնակցում այդ մարտերին եւ դրանք ավելի մեծ թափ էին ստանում: Հազիվ թե Եվրախորհրդի կամ այլ նմանատիպ նիստերի ժամանակ, որտեղ նույն դահլիճում հավաքվում են հայ եւ ադրբեջանցի պատգամավորները, որեւէ լուրջ կոնֆլիկտի ժամանակ հայերն իրենց այդքան ագրեսիվ պահեն եւ փորձեն նույն կերպ անխնա ծեծել ադրբեջանցի պատգամավորներին: Կարծում եմ, ասվածն արդեն ամեն ինչի մասին խոսում է:
Ազգային ժողովում միմյանց նկատմամբ ատելությունը շատ ավելի ուժեղ է, քան ադրբեջանցիների նկատմամբ եւ դա գալիս է նրանից, որ այստեղ խորքում զուտ անձնական շահեր են գործում, իսկ մյուս դեպքում դրանք ուղղակի չկան: Բա ո՞ւր մնացին այն խոստումները, որ նրանք տալիս էին ժողովրդին՝ ոչ վաղ անցյալում տեղի ունեցած ընտրությունների քարոզարշավի ընթացքում, թե իրենք մոռանալու են իրենց անձերը եւ վերջին զոհողությամբ լծվելու են ժողովրդին հուզող հարցերի լուծմանը: Կարո՞ղ է այդ ամենը գալիս է նրանից, որ չեն կարողանում Հայաստանի որոշ տարածքներ գրաված ադրբեջանցիներին, որոնք մեծ անհանգստություններ են պատճառում ժողովրդին, դուրս վռնդել Հայաստանի սահմաններից, այդ իսկ պատճառով այնքան շատ են նյարդայնանում, որ չեն կարողանում իրենց տիրապետել ու անկարողությունից դարդոտված եւ հանուն ժողովրդի, մուռը թափում են միմյանց վրա: Դե, այս դեպքում ի՞նչ կարող ենք ասել նրանց, առավել եւս՝ մեղադրել, երբ նման պարագայում օրենքն է անգամ անձին ազատում աֆեկտի ժամանակ կատարած հանցագործության պատասխանատվությունից: Առավել եւս, որ նրանք հանուն ժողովրդի են գնում նման քայլերի, իսկ մենք գիտենք, թե ժողովուրդն ինչ մեծագույն արժեք ունի սույն պատգամավորների համար:
Նրանք հաշվի չեն առնում նույնիսկ, որ նիստերը հեռարձակվում են եւ երեխաները եւս կարող են դիտել այդ ամենը, էլ չեմ ասում, որ խոսքը գնում է բարձրագույն օրենսդիր մարմնի մասին, որը բացի օրենսդրական աշխատանքից, պետք է իր պահելաձեւով, միմյանց նկատմամբ հարգալից վերաբերմունքով, կիրթ խոսքով օրինակ ծառայի մատաղ սերնդին: Բա, եթե դրանք ընտրյալներն են, ապա մնացածից ի՞նչ կարելի է սպասել: Այս բոլորի միակ պատճառը նրանց անձնական ամբիցիաներն են, հանուն ինչի նրանք կարող են կործանել ամեն ինչ: Այլ բացատրություն ուղղակի չկա: Նրանք անգամ չեն հասկացել, որ Ազգային ժողովը եւս աշխատանքային կոլեկտիվ է, ինչպես մնացած կոլեկտիվները՝ դպրոց, մանկապարտեզ, գործարան, սուպերմարկետ, ռեստորան… եւ այլն, եւ այլն, ուստի թող բարի լինեն գոնե օրինակ վերցնել դպրոցներից, մանկապարտեզներից …, թե ինչպես պետք է պահել կոլեկտիվում: Սա ի՞նչ աշխատաոճ է, երբ մի քանի ժամը մեկ հայտարարում են. անջատել, դադարեցնել հեռարձակումը … անվտանգության աշխատակիցներ, արագ եկեք ու մի թողեք, որ մենք իրար ծեծենք:
Կարդացեք նաև
Փաստորեն, պետք է Ընտրական օրենսգրքում կետ ավելացնել. «Ազգային ժողովը բաղկացած է պատգամավորներից եւ անվտանգության աշխատակիցներից»:
Այս Ազգային ժողովին մնում է երկու ճանապարհ. կամ այն կլուծարվի (կինքնալուծարվի), որի դասերը հետագայում՝ նոր ընտրությունների պարագայում ուղեցույց կդառնան մեր ժողովրդի ճիշտ կողմնորոշման համար, թե ինչպես չի կարելի ընտրություն կատարել եւ երկրորդ տարբերակը. ԱԺ-ի աշխատանքները պետք է շարունակվեն հետեւյալ կերպ. քանզի ծեծուջարդերը պարբերաբար շարունակվելու են, ընդդիմությունը բավականին հաճախ փորձելու է բոյկոտել Ազգային ժողովի աշխատանքները, իսկ իշխանական ֆրակցիան անելու է այն, ինչ անհրաժեշտ է իրեն, քանզի խմբակցությունը հիմնականում ունի միայնակ որոշումներ կայացնելու համար անհրաժեշտ քվեները:
Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ
Հայաստանի Ճարտարագիտական ակադեմիայի թղթակից անդամ
«Առավոտ» օրաթերթ
03.09.2021