Հեղինակավոր նվագախմբերի եւ օպերային թատրոնների ցանկալի հյուր Կարեն Դուրգարյանն ամբողջովին կտրվի հայրենիքին
Շուրջ մեկ ամիս առաջ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան) 96-րդ համերգաշրջանի բացման հայտագիրը մեծ հետաքրքրություն էր առաջացրել մասնագետների եւ երաժշտասերների շրջանում։ Առիթը միանշանակ մեկն էր՝ տարիների ընդմիջումից հետո սեպտեմբերի 2-ին կայանալիք երեկոն ղեկավարելու էր ճանաչված դիրիժոր, հեղինակավոր նվագախմբերի եւ օպերային թատրոնների ցանկալի հյուր, ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանը։ Ինչպես տեղեկացրել ենք, արվեստագետը վերջերս նշանակվել է Երեւանի օպերային թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։ Հիշեցնենք՝ նա 2001-15թթ. օպերային թատրոնում վարել է գլխավոր դիրիժորի պաշտոնը, իսկ մինչ այդ՝ 1995-ից, հանդիսացել է ֆիլհարմոնիկ նվագախմբի դիրիժորը։ Այսօր էլ խիտ ստեղծագործական գրաֆիկով աշխատող դիրիժորը, ըստ մեր տեղեկությունների՝ սեպտեմբերի 6-ին մեկնելու է հյուրախաղերի։ Վերադառնալուն պես «Առավոտը» կփորձի հանդիպել արվեստագետի հետ, իսկ զրույցի թեման, բնականաբար, կլինի Երեւանի օպերային թատրոնի իր տեսլականը։
Անդրադառնանք ֆիլհարմոնիկ նվագախմբի կայացած համերգին։ Հնչեցին Ռախմանինովի դաշնամուրային 2-րդ կոնցերտը եւ Չայկովսկու 6-րդ սիմֆոնիան։ Մենակատարն էր երկրորդ անգամ հյուրախաղով հայրենիք այցելած բելգիաբնակ ճանաչված երիտասարդ դաշնակահար Աշոտ Խաչատուրյանը, որի հետ ժամանակին ունեցել ենք ծավալուն հարցազրույց (03.02.2021)։ Եվ քանի որ ներկայացնելու ենք երեկոյից ստացած մեր տպավորությունը, խոսենք միայն Դուրգարյանի մասին՝ որպես սիմֆոնիկ համերգների դիրիժոր։ Ինչպես օպերային, այնպես էլ այս ոլորտում լայն գործունեություն ծավալած արվեստագետը այնպիսի նվագախմբերի դիրիժորական վահանակի առջեւ է կանգնել, ինչպիսիք են Իտալիայի Teatro Lirico di Cagliari, Teatro Regio Torino, Teatro Carlo Felice, Teatro Verdi Sassari-ն, ղեկավարել է համերգներ Orchestra di Padova e del Veneto, Luigi Cherubini Orchestra-ն, հռչակավոր Ռավեննա փառատոնի շրջանակներում համագործակցել է Toradce Piano Studio-ի, ինչպես նաեւ Պալերմոյի եւ Միլանի Cimfonica Siciliana ու Pomeriggi Musicali նվագախմբերի հետ։ Կարելի է այս ցանկը շարունակել, բայց չի կարելի չհիշատակել, եթե չենք սխալվում՝ 2016թ., պրոկոֆեւյան երաժշտության ծրագրով Իսրայելի ֆիլհարմոնիկի հետ հայ երաժշտի բեմելը եւ այլն։
Իսկ հիմա երկու խոսք դիրիժոր եւ դաշնակահարի մեկնաբանությունների մասին։ 1901թ.՝ առաջին անգամ Ռախմանինովի դաշնամուրային 2-րդ կոնցերտը հեղինակի կողմից հնչեցնելուց հետո թեեւ մեկ դարից ավելի է անցել, բայց այն եղել ու մնում է դաշնակահարների նվագացանկում։ Բնականաբար, մեր երաժշտասերը քաջածանոթ է այս ստեղծագործությանը։ Այն, ինչ լսեցինք Դուրգարյան- Խաչատուրյան մեկնաբանմամբ, հակիրճ կարելի է ներկայացնել հետեւյալ կերպ. եռամաս կոնցերտի երաժշտությունն ընթացավ մեղեդիական անսպառ շնչով, լայն ալիքներով, որոնք ժամանակ առ ժամանակ հանգեցնում էին հզոր բարձրակետերի։ Կատարման ընթացքում կոնցերտում տեղ գտած քնարականությունն ու պաթետիկան, դրամատիզմն ու մտորումը եւ, ինչու ոչ՝ պոռթկումը համերաշխ փոխարինում էին մեկը մյուսին, իսկ դաշնամուրն ու նվագախումբը ներկայացան որպես դրամատիկական գործողության իրավահավասար մասնակիցներ։
Կարդացեք նաև
Անդրադառնանք նաեւ Չայկովսկու 6-րդ սիմֆոնիային, որը կրում է «Պաթետիկական» անվանումը։ Այս ստեղծագործությունն էլ հեղինակի ղեկավորությամբ առաջին անգամ հնչել է 1893թ.։ Մաեստրո Դուրգարյանի՝ այս սիմֆոնիայի մեկնաբանությունը փոքր-ինչ դժվար է ներկայացնելը. լարված, անհանգիստ, կարճ ասած՝ պայքար արտահայտող առաջին մասը աննկարագրելի դրամատիզմով էր հագեցած։ Չլինելով դիրիժոր, կարելի է պատկերացնել, թե դիրիժորական վահանակի առջեւ կանգնած արվեստագետի համար ի՜նչ դժվարություն, ինչու ոչ՝ մասնագիտական հմտություն ու փորձ է հարկավոր առաջին մասից անցումը երկրորդ մաս, որտեղ վալսի հնչյուններ են, ներկայացնել չափազանց երազկոտ, իսկ երրորդ մասում, որ արտահայտում է հիասթափություն, ցավ եւ, ի վերջո՝ մահ, անցնել համապատասխան հոգեվիճակի։
Ռախմանինովի եւ Չայկովսկու հիշյալ ստեղծագործությունների դուրգարյանական մեկնաբանությունների մասին մեր հակիրճ տպավորությունները, հնարավոր է, որոշ մասնագետներ չկիսեն, բայց մի բան անվիճելի է. երկու ստեղծագործություններն էլ ներկայացվեցին չափազանց գունեղ, ավելին՝ հնչյունների ողջ ներկապնակով, այն դեպքում, երբ երկուսին բնորոշ կերպարների աշխարհն անընդհատ փոփոխվում էր՝ ծորուն մեղեդուց մինչեւ կարծես իրական կյանքի բարձր բարոյական ու փիլիսոփայական խնդիրներ, մտորումներ ներկայացնող…
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
03.09.2021