Իրականացել է հայաստանցի բիթբոքսեր Հայկ Սնխչյանի վաղեմի երազանքը
20-ամյա երաժիշտ, բիթբոքսեր Հայկ Սնխչյանը` Շեյդի բեմական անունով, առաջին հայն է, որը իբրեւ Հայաստանի ներկայացուցիչ մասնակցել է Աշխարհի բիթբոքսի առաջնությանը եւ առաջինն է, ում հոլովակը տեղադրվել է համաշխարհային հեղինակություն վայելող, բիթբոքսի թեմային վերաբերող ամենամեծ Swissbeatbox կազմակերպության բոլոր սոցիալական էջերում:
«Առավոտի» հետ զրույցում նշում է, որ շուրջ տասը տարի է, ինչ զբաղվում է բիթբոքսով, որտեղ մեծ հաջողությունների է հասել: Նա 2016-ին դարձել է Հայաստանի չեմպիոն, իսկ 2017-2018-ից սկսած Հայաստանի առաջնության ժյուրիի կազմում է:
Կարդացեք նաև
Հայկը պատմում է, որ մոտ 2 ամիս առաջ Swissbeatbox-ի տնօրենն իրեն հաղորդագրություն է ուղարկել ինստագրամով, ասել է, որ իր ակտիվությունը նկատելի է եւ ինքը որպես Հայաստանի բիթբոքսի ասոցիացիայի ներկայացուցիչ, կազմակերպում է տարբեր համերգներ, ուստի ցանկություն ունեն իր վիդեոն տեսնելու ու գնահատելու, եւ եթե իրենց չափանիշներին ամեն բան համապատասխանի, կքննարկեն ու կտեղադրեն Swissbeatbox-ի տարբեր հարթակներում:
Հայաստանցի բիթբոքսերն ասում է, որ դա 10 տարվա երազանք է եղել. «Ինչպես է, որ, օրինակ, Netflix-ը ֆիլմերի համար է համարվում ամենահզորներից մեկը, այդպես էլ Swissbeatbox-ն է բոլոր բիթբոքսերի համար: Օգոստոսի 29-ն էր, քնից արթնացա, տեսա հաղորդագրությունը, որ ընտրվել եմ ու իմ վիդեոն այդ հաղորդագրությունից մոտավորապես 6 ժամ հետո հայտնվեց Swissbeatbox կազմակերպության բոլոր հարթակներում, որոնք միասին վերցրած 10 միլիոն հետեւորդ ունեն: Հպարտ եմ, որ անվանս կողքին էլ Եռագույնն է, նշված է, որ Հայաստանի Բիթբոքսի ասոցիացիան եմ ներկայացնում, երկրի ամենաերիտասարդ չեմպիոնն եմ: Մենք պետք է հավատանք մեր երազանքներին ու աշխատասիրության շնորհիվ հասնենք դրանց»:
Հայ բիթբոքսերը ափսոսում է, որ հեռուստատեսությամբ, ռադիոյով, մամուլով հիփ հոփի 5-րդ էլեմենտը համարվող բիթբոքսի մասին քիչ է խոսվում, այն չի շեշտադրվում, դրա համար էլ տարածում չունի, չնայած իրենց ասոցիացիայով իրենք ամեն ինչ անում են դրա համար` համերգներ, մրցույթներ թե օնլայն, թե օֆլայն ձեւաչափերով: Ի դեպ, երբ 2018-ին Գերմանիայում պետք է մասնակցեր Բիթբոքսի աշխարհի առաջնությանը, տարբեր մարդկանց ու կազմակերպությունների է դիմել աջակցելու համար, սակայն աջակցություն ստացել է միայն հարազատ բուհից եւ Բիթբոքսի հայկական ասոցիացիայից:
Բիթբոքսի հայկական ասոցիացիայում, որի ղեկավարը Բագրատ Տերտերյանն է, այժմ ընդգրկված է շուրջ 50 բիթբոքսեր, ամենաերիտասարդը, Շեյդիի ասելով, 10-11 տարեկան է, մի քանի տարի առաջ նաեւ աղջիկ անդամ ունեին, որը զբաղվում էր բիթբոքսով:
Հայկ Սնխչյանը սովորել է Եղվարդ քաղաքի թիվ 2 եւ թիվ 1 դպրոցներում, զուգահեռ հաճախել է Քասթինգ Սքուլ դերասանական ստուդիա, ինչպես նաեւ նույն քաղաքի արվեստի դպրոց եւ դրանք ավարտել է գերազանցությամբ, ներկայումս սովորում է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի տուրիզմի բաժնում, նաեւ տուրիզմի ոլորտում է աշխատում: Ասում է՝ փորձում է տուրիզմը հնարավորինս մոտեցնել բեմին: Հայկը վերջերս է զորացրվել, նաւ հասցրել է ծառայել բանակում ու նորից շարունակում է ուսումնառությունը: Երազում է խաղաղության մասին. «Թող լինի կապույտ երկինք, ու բոլոր աշխատասեր մարդիկ հասնեն իրենց երազներին: Ուզում եմ, որ հաջորդ անգամ գնամ Եվրոպա, նիդեռլանդացի հայտնի մի բիթբոքսերի ասեմ` ես Հայաստանից եմ, հարցնի` որտեղ է գտնվում Հայաստանը, ներկայացնեմ իմ երկիրը ու ասեմ, որ այն ամենահզոր երկիրն է»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
03.09.2021