Մեր զրուցակիցը «Բարեւ, հայրիկ» նամակների գրքի հեղինակ Հեղինե Խաչատրյանն է
– Առաջին տողիդ ծնունդը, խնդրեմ, ներկայացրու եւ ասա՝ ինչպե՞ս ծնվեց քո նամակների գիրքը։
– Ինձ հարազատ մարդկանց Ամանորին նամակ գրելու ավանդույթ ունեմ, կարծում եմ բովանդակությունը մանրամասնելու կարիք չկա: Հորս մահվանից հետո առաջին Ամանորը ծանր էր, քանի որ պապիկս էլ այդ ընթացքում մեզ լքեց: Առաջին նամակը ծնվեց հորս մահից մեկ տարի անց՝ կեսգիշերին, երբ գիտակցեցի, որ կյանքս նմանվել է բնակարանի, որը քիչ-քիչ դատարկվում է: Շատ բաներ անարդար են թվում, ընդվզում ես, փորձում հասկանալ։ Հորս կենդանության ժամանակ հաճախ էինք զրուցում կյանքի մասին։ Որոշեցի, որ այդ զրույցները չպետք է դադարեն՝ առանց պատասխանների ակնկալիքի։ Բայց կյանքը ոչինչ անպատասխան չի թողնում, յուրաքանչյուր նամակից հետո հարցերիս պատասխանները գալիս էին այս կամ այն իրավիճակի տեսքով, երբեմն պատասխանները իմ կյանքում հայտնվող նոր մարդիկ էին: Եղել են պատասխաններ՝ ստացել եմ մի քանի տարի անց: Նամակներից մեկը հերթական ծանր օրերի ժամանակ ուղարկեցի Երեւանյան էսքիզ, հավանաբար դա պոռթկում էր նամակը մի տեղ ուղարկելու։ Անսպասելի էր բացահայտել, թե շուրջս որքան մարդ է լուռ նույն ճանապարհով անցնում։ Քսան տարեկան Հեղինեն կցանկանար, որ որեւէ մեկը բռներ ձեռքը եւ ասեր, որ ամեն բան լավ կլինի: Ես բռնում եմ նրանց ձեռքը այս գրքի միջոցով: Նամակները այս ոճի մեջ են, քանի որ յուրաքանչյուր խնդրի ժամանակ մենք անդրադառնում ենք հիմնականում աշխարհիկ, արտաքին իրերին կամ խնդիրներին եւ շատ հազվադեպ՝ մեր ապրումներին ու ներքին հակասություններին։ Այստեղ նկարագրված է մերժումից մինչեւ ընդունում անցած իմ ուղին, որով բոլորն են անցնում, սակայն քչերը բարձրաձայնում։ Սա միայն զրույց չէ հոր հետ, սա ներքին տրանսֆորմացիաների մասին գիրք է, որը, հուսով եմ, շատերին ի նպաստ կլինի, կօգնի միայնակ չզգալ իրենց եւ հավատալ, որ ամեն կորուստ մի նոր բանի սկիզբ է: Առհասարակ, ես կարծում եմ՝ ի վերուստ յուրաքանչյուրին մի ձիրք տրված է, որի միջոցով մարդկանց մեջ լուսավորը պետք է արթնացնեն: Կյանքի այս փուլում ես դա փորձում եմ անել իմ գրականության միջոցով:
– Հաճա՞խ ես երկրից դեպի երկինք բարեւում հայրիկին…
Կարդացեք նաև
– Երկրից դեպի երկինք հաճախ եմ հորս բարեւում եւ որքան էլ տարօրինակ թվա՝ ուրախության պահերին եմ ամենից շատը նրան հիշում: Միշտ հայացքս հառում եմ վերեւ ու մտովի ժպտում նրան, փորձում կռահել, եթե կողքս լիներ` ինչ կասեր: Դժվար օրերի հետ սովորել եմ գործ ունենալ, բայց հատկապես հաջողության պահերին փնտրում եմ նրան, որ հույզերս կիսեմ:
– Ի՞նչն է կյանքում հիասթափեցնում քեզ։
– Ես դեռ փորձում եմ տիրապետել չհիասթափվելու արվեստին, որովհետեւ կարծում եմ՝ գնահատական տալ կյանքին եւ մարդկանց սեփական սպասումների ու պատկերացումների պրիզմայից մի փոքր ճիշտ չէ: Մարդիկ պարտավոր չեն լինել այնպիսին, ինչպիսին մենք ենք ցանկանում նրանց տեսնել, կյանքը՝ նույնպես: Բայց պետք է ասեմ, որ դեռ խոցվում եմ ստից, որովհետեւ այլեւս ոչինչ չի կարող ետ բերել կորսված հավատը մարդու հանդեպ:
– «Երջանկությունը պետք է անպայման տրտնջալո՞վ վաստակես, ինչո՞ւ… Ինչո՞ւ». քո տողերն են։ Քեզ համար ո՞րն է երջանկությունը։ Դու վաստակե՞լ ես:
– Երջանկությունը, կարծում եմ, հավիտենական չէ, եւ ողջ կյանքի ընթացքում մենք իրականում կերտում ենք այդ երջանկությունը: Ես ամեն օր փորձում եմ երջանիկ լինել նորովի, կարծում եմ՝ դա ստատիկ բան չէ, ինչ- որ տեղ գուցե, այո՛, մենք այն վաստակում ենք, թեպետ կարծում եմ չկա մարդ՝ ով արժանի չէ երջանկության: Բայց երջանիկ լինելը արվեստ է, պետք է սովորել երջանիկ լինել կարողանալուն, որովհետեւ հաճախ այնքան ենք տարված անհեթեթ մտքերով, որ բաց ենք թողնում երջանկության պահը: Այսօր ես երջանիկ եմ փողոցում ինձ ժպտացող անծանոթ մանուկից, վաղը գեղեցիկ ծաղիկներից, հաջորդ օրը մեկ այլ բանից, կարեւոր է գնահատել այն ամենը, ինչ ստիպում է քեզ ժպտալ՝ ոչ շրթունքներով, այլ սրտով: Ես այս տարիների ընթացքում փորձել եմ չկորցնել անկեղծ ժպտալու կարողությունս: Ինձ թվում է՝ մարդկանց խնդիրը հաճախ այն է, որ նրանք լավ գիտեն՝ ինչ բան է ուրախությունը, սակայն իրական երջանկության մասին պատկերացում չունեն, գիտեն ինչպես զվարճանալ, բայց չգիտեն՝ ինչպես վայելել: Երջանկությունը ընտրություն է, եւ ես ամեն օր կատարում եմ այդ ընտրությունը:
Զրուցեց Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
03.09.2021