Լրահոս
Օրվա լրահոսը

«Որոգայթ փառաց» – 250

Սեպտեմբեր 04,2021 14:30

«Սահմանադրություն», թե՞ «Որոգայթ փառաց»

«Սահմանադրություն» եւ «կոնստիտուցիա» բառերը մեզանում ընկալվում են որպես նույնիմաստ, մեկը մյուսի պարզ թարգմանություն:

Այսպիսի առօրեական ընկալմամբ հանդերձ, կարծում ենք, խորքային քննության պարագայում կարելի է նկատել դրանց բովանդակությունների ոչ ամբողջական նույնական լինելը կամ չհամընկնելը, անգամ` իմաստային էական տարբերությունը:

«Կոնստիտուցիա» բառը ներկայումս հասկացվող իմաստով ստեղծվել եւ եվրոպական հիմնական լեզուների բառամթերք է մտել 18-րդ դարում` Լուսավորականության ազատական գաղափարախոսության շրջանակներում՝ իբրեւ պետական որոշակի կարգի «սահմանման», կառուցարկման առանձնահատուկ իմաստն արտահայտող եզրույթ: Մինչդեռ «սահմանադրություն» հայերեն բառը մեր իրականությունում օգտագործվում է սկսած 5-րդ դարից եւ հայոց լեզվի ու մշակույթի դարավոր զարգացման ընթացքում ձեռք է բերել նորանոր իմաստներ ու իմաստային երանգներ, ստացել նաեւ գիտական եզրույթի (կատեգորիայի) կարգավիճակ: Հայոց ընկալմամբ` «սահմանադրությունը» գործածության շատ ավելի լայն շրջանակներ է ընդգրկում, քան եվրոպական ժողովուրդների համար «կոնստիտուցիան»: Օրինակ, ֆրանսերենում, անգլերենում, ռուսերենում այն օգտագործվում է մարմնի կազմվածք, կազմություն իմաստով նույնպես, մինչդեռ հայերենում այն բացակայում է:

Մկրտիչ Ավգերյանի, Գրիգոր Ճելալյանի, Ռուբեն Ղազարյանի եւ ուրիշների` գրաբարին վերաբերող մի շարք բառարաններում հանդիպում ենք «սահմանադրություն» բառի հետեւյալ իմաստների՝ կարգավորություն, վճիռ, օրենսդրություն, օրինադրություն, կետ, կետահարություն եւ այլն: «Նոր բառգիրք Հայկազեան լեզուի» բառարանում (հ. 1-2, Վենետիկ, 1836-37թթ.) բերվում են նաեւ բառիս հին հունարեն եւ լատիներեն համարժեքները, որոնք նույնպես հաստատում են «սահմանադրության» իմաստային բազմազանության առկայությունը:

«Սահմանադրությունը» ներկայումս ընդունված իմաստով, որպես պետության հիմնական օրենք, բարձրագույն իրավաբանական ուժ ունեցող առանձնահատուկ նորմատիվ ակտ, ինչը համարժեք է «կոնստիտուցիային», բյուրեղացել է Կոստանդնուպոլսում եւ Թուրքիայի հայկական հասարակա-քաղաքական եւ գիտամշակութային այլ կենտրոններում 19-րդ դարի կեսին սկիզբ առած բարեփոխական մի ժամանակաշրջանում, որը հայտնի է «Սահմանադրական շարժում» անվամբ: Ի դեպ, վերը հպանցիկ շարադրված հարցերին հակիրճ անդրադարձել եմ «Սահմանադրական զարգացումները հայ իրականությունում» հոդվածում (տես Վ.Պողոսյան, Սահմանադրություն եւ քաղաքականություն, հոդվածների ժողովածու, Ե., 2019):

Անհրաժեշտ է նկատել, որ միջնադարից հայտնի հայերեն «սահմանադրությունը», ինչպես բազմաթիվ այլ բառեր, ժամանակի ընթացքում ստացել է նաեւ այլ իմաստներ, ինչպես որ գրաբարյան շատ բառեր, անցնելով աշխարհաբար, ստացել են նոր, երբեմն` բոլորովին այլ իմաստներ: Բառերի հենց այս իմաստային փոխակերպումներն ու այլակերպումները նկատի ունենալով` բնական ենք նկատում «սահմանադրություն» եւ «կոնստիտուցիա» բառերի երբեմնի զուգահեռագիծ ճամփաների հեռացումը միմյանցից, որը ներկա հանգրվանում հանգեցրել է դրանց ավելի շատ տարբեր, քան նույնական լինելուն: Միջնադարյան հայ հեղինակների բազմաթիվ ձեռագրեր աշխարհաբարի վերածելիս, դրանցում օգտագործված «սահմանադրությունը» թարգմանված է ոչ միօրինակ, այլ հանդիպում են բազմաթիվ բառերով: Եթե նկատի ունենանք, որ բնագրերի աշխարհաբար թարգմանության հեղինակները եղել են գրաբարի փայլուն գիտակներ, ապա նման մոտեցումը անտեսել չի կարելի:

Ասվածը վերաբերում է նաեւ Շահամիր Շահամիրյանի «Որոգայթ փառաց» աշխատությանը (Մադրաս, 1773թ.), որը համարվում է սահմանադրական հանրապետության առաջին նախագիծը հայ իրականությունում: Այդ դեպքում ինչո՞ւ հեղինակն այն չի անվանել գրաբարից ժառանգված «Սահմանադրություն» կամ եվրոպական լեզուներում արդեն քաղաքացիություն ստացած նորահնար «Կոնստիտուցիա» բառերով: Կամ ինչո՞ւ գրքի վերնագրում, առավել եւս` շարադրանքում որեւէ կերպ չի օգտագործել «սահմանադրություն» կամ «կոնստիտուցիա» բառերը: Շահամիր Շահամիրյանին եւ «Մադրասի խմբակի» նրա համախոհներին վստահաբար ծանոթ էր եվրոպական ազատամիտ շրջանակներում շրջանառվող «կոնստիտուցիա» եզրույթը: Մասնավորապես, Ժան-Ժակ Ռուսոյի ազդեցությամբ` Պասկալ Պաուլին 1755թ. կազմել էր Կորսիկայի Կոնստիտուցիան, որը գործեց 14 տարի` 1755-69 թվականներին: Կրկնում ենք` այդ փաստին չէր կարող անտեղյակ լինել մեծ էրուդիտ եւ եվրոպական վաճառաշահ քաղաքների հետ առեւտրային լայն կապեր հաստատած Շահամիրյանը: Ավելին, նա տեղյակ էր եվրոպական լուսավորական զարգացումներին, ինչպես նաեւ գրաբարին եւ խորապես ըմբռնում էր թե օտարամուտ «կոնստիտուցիայի», թե հարազատ հայկական միջավայրում ծնված «սահմանադրության» նշանակությունը: Սակայն մերժեց դրանք եւ, իր ստեղծագործության էության պարտադրանքով, իր գիտական երախայրիքը վերնագրեց այնպես, ինչպես մեզ է այն հասել` «Որոգայթ փառաց»: Շահամիրյանի նման նախընտրության դրդապատճառը բովանդակային է, քանի որ «Որոգայթ փառաց»-ը բնորոշում է սահմանադրություն երեւույթի իր պատկերացրած բուն էությունը` որպես պետական իշխանության եւ այն կրող պաշտոնյաների հնարավոր փառասիրական շահարկումները զսպող իրավաքաղաքական փաստաթուղթ:

Ի դեպ, նույն կերպ են վարվել նաեւ` Աստվածաշունչը թարգմանելիս Մեսրոպ Մաշտոցն ու իր աշակերտները, երբ «Բիբլիա» բառը թարգմանեցին ոչ թե «Գիրք» կամ «Սուրբ գիրք» (ինչպես այն դարերով ամրագրված է քրիստոնեական աշխարհը կազմող հիմնական ժողովուրդների լեզվամտածողության մեջ), այլ` «Աստվածաշունչ»: Այսինքն՝ նրանք կարեւորեցին Բիբլիայի էությունը՝ որպես Աստծո խոսք, Աստծո շունչ, Աստծո ներշնչանք:

Պատմության ողջ ընթացքը ցույց է տվել, որ մեծ է իշխանության գայթակղության ուժը: Տարբեր տրամաչափի բռնապետները, բոլոր ժամանակների կրթված ու վայրենի հեղափոխականներն են ձգտել իշխանամոլության բացարձակ բավարարման` խճճվելով փառասիրության որոգայթներում:

Արդ, ի՞նչ է ուսուցանում եւ հուշում մեզ մեր ուրույն պատմությունը, երբ հայտնվել ենք հերթական ճգնաժամային շրջափուլում: Մեր կարծիքով, կասկածից վեր է ՀՀ Սահմանադրության բարեփոխման անհրաժեշտությունը: Այդ մասին փոփոխական աշխուժությամբ խոսում են շատերը:

Մեզանում չձեւավորվեց հարգանք Սահմանադրության եւ սահմանադրականության նկատմամբ: Այդ մեծագույն բացի հիմնական պատասխանատուները իշխանություններն են, որոնք ճամարտակելով Սահմանադրության դրույթների պահպանման կարեւորության մասին, գործնականում մշտապես շրջանցել ու շրջանցում են դրանք, արհամարհում մարդու եւ քաղաքացու իրավունքները: Սահմանադրությունը այդպես էլ չդարձավ քաղաքական միասնության, ազգային համաձայնության եւ հասարակական առաջընթացի կռվան: Մեր հասարակությունը եւ իշխանությունները Սահմանադրությունն ընկալել եւ շարունակում են ընկալել ընդամենը որպես բարի ցանկությունների հռչակագիր, որն իրավունք ունեն շրջանցել կամ բացահայտ անտեսել ըստ իրենց քաղաքական քմահաճույքի:

Եվ ուրեմն, եթե ճիշտ է, որ պետք է ընդունել նոր Սահմանադրություն, ապա հարկավոր է ստեղծել դրա անհրաժեշտության գիտակցման մթնոլորտ, բոլոր քաղաքական հոսանքների ընդգրկմամբ յուրատեսակ Սահմանադրական շարժում` բացառելով իշխող եւ իշխանության շուրջը խմբված ուժերի թելադրանքը: Այս խնդիրը լուծելու համար արժե մտածել նաեւ Սահմանադիր ժողով գումարելու մասին: «Սահմանադրությունը շատ լուրջ գործ է այն իրավաբաններին վստահելու համար». գերմանացի սահմանադրագետ, պրոֆ. Գ. Տոյբների խոսքը հուշում է` իրավաբաններից զատ, Սահմանադրության մշակմանը պետք է մասնակցեն քաղաքագետները, պատմաբանները, փիլիսոփաները, արվեստագետները, մշակութաբանները, ազգագրագետները եւ այլք: Առանց մասնագետների լայն շրջանակների ընդգրկման հնարավոր չէ ձեւակերպել ազգային արժեքներին եւ ինքնությանը վերաբերող սահմանադրական սկզբունքներ ու դրույթներ:

Այս համատեքստում, կարծում եմ, տեղին կլինի նոր Սահմանադրությունը կոչել «Որոգայթ փառաց», որպեսզի այն անդադար հնչի նախագահների ու վարչապետների, նախարարների ու պատգամավորների, դատավորների, ավագանիների ու համայնքապետերի, բոլոր-բոլոր պաշտոնյաների ականջներում որպես ոչ միայն հորդոր, այլեւ հրաման` հեռու մնացեք իշխանության փառքի որոգայթներից, ծառայեք միայն ժողովրդին ու Հայրենի պետությանը:

Ի դեպ, 2023 թվականին լրանում է «Որոգայթ փառաց»-ի հրատարակման 250-ամյակը եւ անհրաժեշտ է նշել այդ հոբելյանը` որպես հայ ժողովրդի անցած ճանապարհի կարեւորագույն իրադարձություն, որպես անանց գիտամշակութային արժեք, քաղաքակրթական հուշարձան: Կառավարությունը դրանով կցուցաբերի իր դրական վերաբերմունքը առ Սահմանադրություն եւ իրավունք, կնպաստի մեր հասարակության իրավագիտակցության բարձրացմանը, սահմանադրության արժեւորմանը, հայ ինքնության բացահայտմանը, հայ ժողովրդի միջազգային հեղինակության բարձրացմանը: Ընդ որում, «Որոգայթ փառաց»-ի 250-ամյակը նշելիս անհրաժեշտ է միշտ նկատի ունենալ, որ այն հայ իրավունքի ստեղծած քաղաքակրթական արժեքների ժառանգորդն է ու շարունակողը: Այդ մասին դեռեւս 19-րդ դարի վերջին նշել է իրավունքի միջազգային պատմության գիտակ, գերմանացի պրոֆ. Յո. Կոհլերը, ընդգծելով, որ «առանց չափազանցության կարելի է ասել, որ միայն Հայը ունենալով սեփական քաղաքակրթություն, կարողացավ օտար աշխարհի մեջ աշխարհի դեր կատարել»: Միաժամանակ հոբելյանի տոնակատարությունը պետք է վերաճի եւ դառնա նոր Սահմանադրական շարժման ելակետը:

Հոդվածում չանդրադարձա նոր Սահմանադրության բովանդակության վերաբերյալ հարցերին, որքանով այն չափազանց տարողունակ է եւ կարիք ունի առանձին, բազմակողմանի քննարկման: Միայն նշեմ, որ թիվ մեկ խնդիրը իշխանությունների տարանջատման սկզբունքի իրացումն է, ինչը բոլոր սահմանադրությունների եւ առաջին հերթին ՀՀ Սահմանադրության աքիլլեսյան գարշապարն է: Պատահական չէ, որ Մարդու եւ քաղաքացու իրավունքների ֆրանս. հռչակագրում հատուկ ընդգծվում է. եթե չկա իշխանությունների տարանջատում` չկա սահմանադրություն:

Վալերի ՊՈՂՈՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
03.09.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930