Լրահոս
Օրվա լրահոսը

«Պատասխանը կարող է տալ միայն Նիկոլ Փաշինյանը»

Սեպտեմբեր 04,2021 15:00
Mexak Gabrielyan

«Հայաստանը պետք է կարճ ժամանակամիջոցում դառնա ռազմականացված, ժողովրդավարական պետություն՝ 120 հազարանոց զորաբանակով, արդիական զինատեսակներով եւ մեծ կարգապահությամբ, որը իրատեսական է, եթե կառավարությունը նախաձեռնություն ցուցաբերի: Դրա փոխարեն խոսում են զինծառայության ժամկետը կրճատելուց, ինչ-որ անհասկանալի խաղաղության օրակարգ ընդունելուց եւ այլ անհեթեթություններից»,- «Առավոտի» զրուցակիցն է 1990-1995 թվականներին ԳԽ պատգամավոր Մեխակ Գաբրիելյանը:

– Պարոն Գաբրիելյան, ի՞նչ պետք է անել այս վիճակից դուրս գալու համար, ինչպես ապահովել Հայաստանի, այդ թվում՝ 2020թ. աշնանից Հայաստանի փաստացի մաս չկազմող Արցախի անվտանգությունը:

– Ստեղծված իրավիճակը իհարկե բարդ է, սակայն մեր ազգի համար դժվարությունները միշտ էլ հաղթահարելի են: Ուզում եմ հիշեցնել ոչ վաղ անցյալում տեղի ունեցած իրադարձությունները, որոնց ականատեսն ու մասնակիցն է եղել ավագ սերունդը, այդ թվում՝ եւ ես: Հայ ժողովուրդը 1990թ. իր պետական անկախությունը հռչակելուց հետո բախվեց դժվարագույն խնդիրների. սկսվել էր Արցախի ազատագրական պայքարը, 1988 թվականի սարսափելի երկրաշարժը տասնյակ հազարավոր զոհերի եւ տասնյակ հազարավոր տնազուրկների պատճառ էր դարձել: Այս ամենով հանդերձ հայ ժողովուրդը իր մեջ ուժ գտավ եւ Աստծո զորությամբ հաղթեց արցախյան պատերազմում եւ ձեռնամուխ եղավ պետականաշինության, վերականգնելու տնտեսությունը եւ թեւակոխելու խաղաղ գոյակցության ժամանակաշրջան:

Սակայն, հրադադար կնքելուց հետո մեր պետության հետագա ընթացքը ցույց տվեց, որ երկրի իրար հաջորդող իշխանությունները արցախյան հարցի «խաղաղ» լուծման նպատակով որդեգրել են մի քաղաքականություն, որը, մեղմ ասած, ճիշտ ընթացք չէր եւ չէ: Փաստացի լինելով պատերազմի մեջ, իրար հաջորդող իշխանությունները տնտեսությունը զարգացնելու եւ հաղթած բանակը էլ ավելի մարտունակ դարձնելու եւ երկրում արդար հասարակարգ հաստատելու խնդիրներով զբաղվելու փոխարեն, երկրում հաստատեցին քրեաօլիգարխիկ համակարգ, վաշխառուական տնտեսական կարգ, որի հետեւանքով երկիրը թալանվեց, ժողովուրդը կեղեքվեց, բանակը վերածվեց քրեական բարքեր հաստատելու եւ պետության հատկացրած գումարները մսխելու համակարգի: Դրա հետեւանքով 2020թ. աշնանը թշնամու լայնամասշտաբ պատերազմական գործողությունները՝ հարձակումը Հայաստանի վրա, հանգեցրին մեր պարտությանը, ազատագրված տարածքների մեծ մասի կորստին եւ Հայաստանի փաստացի մաս կազմող Արցախի օտարմանը:

Այս ամենը պետք է դաս հանդիսանա ներկա իշխանությանը, որպեսզի չշարունակի վերը թվարկած սխալներն ու իր իսկ արդեն թույլ տված սխալները չկրկնի: Իրավիճակից դուրս գալու երեւացող ճանապարհը երկրում արդարություն հաստատելն ու մեր ժողովրդին պատերազմի պատրաստելը, բանակի արագացված վերակառուցումն է: Խաղաղ պայմաններում կատարելիք հինգ տարվա աշխատանքը պետք է իրականացնել հինգ ամսում: Այս դեպքում մենք կստանանք Աստծու աջակցությունը: Առայժմ դա տեղի չի ունենում:

– Ինչո՞ւ:

– Պատասխանը կարող է տալ միայն Նիկոլ Փաշինյանը: Իմ կարծիքով, նա ինչպես պատերազմի օրերին մնաց անվճռունակ եւ անկարող, այժմ էլ շարունակում է նույն գործելաոճը: Պետք է փոխել քաղաքականություն իրականացնողների մտածելակերպը եւ աշխատելու ոճը, պետական համակարգում ընդգրկել բանիմաց եւ իրենց հայրենիքին նվիրված նվիրյալների, եւ ոչ թե շքեղ ապրելու հավակնություններ ունեցող տկարամիտ անբանների:

– Իսկ պատերազմը անխուսափելի է:

– Այո, պատերազմը անխուսափելի է եւ մեզնից կախված չէ: Պատերազմից կարելի է խուսափել մեկ պայմանի դեպքում, բանակը արագ հզորացնել, որը ի վիճակի լինի միայնակ դիմակայել թյուրքական աշխարհին: Հայաստանը պետք է կարճ ժամանակամիջոցում դառնա ռազմականացված, ժողովրդավարական պետություն՝ 120 հազարանոց զորաբանակով, արդիական զինատեսակներով եւ մեծ կարգապահությամբ, որը իրատեսական է, եթե կառավարությունը նախաձեռնություն ցուցաբերի: Դրա փոխարեն խոսում են զինծառայության ժամկետը կրճատելուց, ինչ-որ անհասկանալի խաղաղության օրակարգ ընդունելուց եւ այլ անհեթեթություններից: Իսկական զավեշտ է:

Արեւմտյան եւ Արեւելյան Թուրքիաները տարիներ շարունակ պատրաստվում էին պատերազմի եւ իրենց համար նպաստավոր միջազգային իրավիճակում հարձակվեցին Հայաստանի վրա` Արցախյան ճակատում, որքան էլ մենք անհասկանալի բանակցություններ վարեինք եւ ասեինք, թե Արցախը ինքնուրույն միավոր է եւ ինքնորոշվել է: Նույնիսկ կամք չունեցանք բնակեցնելու ազատագրված տարածքները ըստ ամենայնի: Թուրքերը գիտեն, որ եթե Հայաստանը այսուհետ նույնպես այսպես շարունակի, ապա մի քանի տարի հետո իրենք Արցախի տերը կդառնան: Իսկ Հայաստանը շարունակում է անհեթեթություններից խոսել՝ ճանապարհներ բացելուց, տեղի-անտեղի խաղաղությունից, խաղաղություն հաստատելուց եւ այլն, փոխանակ գործով զբաղվի՝ բանակը վերակառուցի, ամրացնի սահմանամերձ բնակավայրերը եւ սահմանային գոտին, ժողովրդին պատրաստի պատերազմի՝ ամենալայն իմաստով՝ եւ հոգեբանորեն, եւ տնտեսապես, իսկ տղամարդկանց զանգվածորեն, նաեւ ֆիզիկապես եւ զորավարժանքներով՝ ռազմական գործի ուսուցմամբ:

– Իսկ ինչի՞ց պետք է սկսել:

– Այսօրվա ամենահրատապ հարցը դե ֆակտո սահմաններից՝ խորհրդային միությունից մնացած վարչատարածքային բաժանումից (հետագայում, սահմանազատման եւ սահմանագծման գործում պետք է մասնակից դարձնել նաեւ միջազգային կառույցների ներկայացուցիչներին, հիմք ընդունելով 1919-1920 թվականներին ընդունած փաստաթղթերը), ադրբեջանական զինվորներին կամ քշելն է, կամ գերի վերցնելը: Գերի վերցնելը լավագույն տարբերակն է, որից հետո կարող ենք փոխանակել մեր պատանդների հետ:
Նույնիսկ այդ ծանր պարտությունից հետո էլ ժողովուրդը ընտրություններում հնից մեկընդմիշտ հրաժավելու իր վճռականությունը հայտնեց:

Այս փուլում անհրաժեշտ է ժողովրդավարությունը խորացնել, բանակը արագ վերակառուցել, սահմանամերձ բնակավայրերը անառիկ ամրոցների վերածել, տնտեսության զարգացում ապահովել եւ սկսել արդյունաբերական (կառավարության ներկայացվող հնգամյա ծրագրում արդյունաբերության զարգացման մասին գրեթե խոսք չկա) պետություն կերտելու գործընթացը, եւ պետության անվտանգությունն ապահովելու եւ նոր անվտանգային համակարգեր ի հայտ բերելու եւ Հայաստանը այդ ուղեծիր դուրս բերելու գործընթաց:

Հայ ժողովուրդը, որը միշտ ունեցել է աշխարհի լավագույն բանակներից մեկը, որը ապացուցեց նաեւ արցախյան առաջին պատերազմում, երբ կարճ ժամանակամիջոցում զրոյից ստեղծեց հաղթող բանակ, ի զորու է այսօր էլ իր բանակը ինքնուրույն վերակառուցելու եւ դարձնելու աշխարհի լավագույն բանակներից մեկը: Այդ նպատակով պետք է կառավարությունը պետության բոլոր օղակները դնի ռազմական ուղու վրա, ռազմական գործի մասնագետներին եւ նվիրյալներին ընդգրկի գործընթացում, զանգվածային զորահավաքներ եւ զորավարժանքներ կազմակերպի: Ոչ մի երիտասարդ առանց ռազմական ուսուցման չպետք է մնա: Դպրոցների բարձր դասարաններում ռազմական ուսուցումը պետք է մոտեցնել բանակային պահանջներին:

– Ալիեւը պատերազմի ժամանակ անթույլատրելի զենքեր կիրառեց, քաղաքացիական ենթակառուցվածքներ ոչնչացրեց եւ դեռեւս մնում է անպատիժ, նրա հետ այլ պետությունների ղեկավարները հարաբերվում են, նույնիսկ շնորհակալություն են հայտնում, օրինակ, Ռուսաստանի նախագահը: Այժմ էլ հոխորտում է, որ Սյունիքը, Սեւանը, Երեւանը, այսինքն՝ Հայաստանը դա ադրբեջանական տարածք է: Ինչ պետք է անի Հայաստանը:

– Արեւելյան Թուրքիան՝ Ադրբեջան անվանումով, 1980-ականների վերջին սկսեց ներկայիս Ադրբեջանի տարածքում՝ Հայաստանի պատմական տարածքներում բնակվող հայերի կոտորածներ կազմակերպելով՝ վտարել եւ Ռուսաստանի օժանդակությամբ հաջողացրեց Ադրբեջանի ներկայիս մեծ մասը մաքրել նրա բնիկ ժողովրդից՝ հայերից: Մինչ այդ նա արդեն հայաթափել էր Նախիջեւանը: Սակայն դա նրան չհաջողվեց Արցախում՝ զինված դիմադրություն ցույց տալու՝ հայ ժողովրդի հավաքական կազմակերպվածության շնորհիվ: Ներկայումս Ադրբեջանը դարձել է Թուրքիայի հիմնական գործիքը հայ ժողովրդի դեմ սանձազերծած՝ մարդկության պատմության մեջ եզակի հանդիպող անմարդկային գործողություններով: Սանձազերծում է պատերազմներ, տարածաշրջան է բերում աշխարհի կողմից ահաբեկչական ճանաչված կազմակերպությունների գրոհայինների, իր նկրտումների մեջ ընդգրկում է արմատական իսլամական պետությունների՝ Պակիստանի, Աֆղանստանի կանոնավոր եւ ոչ պետական ծայրահեղական ռազմականացված զորամիավորումների գրոհայինների:

Հայաստանի կառավարությունը հրադադարից հետո պետք է արագ հայց ներկայացներ միջազգային դատարան՝ Ալիեւին, որպես պատերազմի հանցագործ՝ մեղադրանք առաջադրելու: Ինչու մինչեւ այժմ հայց չի ներկայացվել միջազգային դատարան, կարծում եմ մեր կառավարության ամենամեծ բացթողումներից մեկն էլ դա է: Եթե մենք չենք ներկայացնում, մեր փոխարեն որեւէ մեկը դա չի անի: Ահավասիկ, միջազգային հանրությունը՝ համապատասխան կազմակերպությունները եւ պետությունների կառավարությունները, ցավոք սրտի, դեռեւս Թուրքիային եւ Ադրբեջանին համապատասխան գնահատականի չեն արժանացրել եւ չեն էլ արժանացնի, քանի դեռ մենք անհրաժեշտ քայլեր չենք ձեռնարկում:

Հայաստանը պետք է տեր կանգնի իր պատմությանը եւ իր պատմական տարածքներին, քանի դեռ Հայաստանը չի որդեգրում այս քաղաքականությունը, Ալիեւներ միշտ էլ կլինեն, որոնց նախնիները հարյուր տարի առաջ փորձեցին տեր դառնալ մեր տարածքներին, մեր տարածքների վրա ստեղծեցին պետություն եւ այն լիովին մաքրեցին բնիկ հայ ժողովրդից եւ հարյուր տարի հետո փորձում են այն ավարտել Էրդողանը եւ Ալիեւը: Իսկ դրա հիմնական մեղավորը մեր իշխանություններն են եղել՝ անցյալ եւ ներկա: Ցավոք սրտի, այժմ էլ իշխանության գլխին են մարդիկ, որոնց հետաքրքրում է միայն նյութականը, այն էլ իրենց ապրելու շրջանում, ապագան նրանց բացարձակ չի հետաքրքրում, որովհետեւ ինքնասիրահարված, մեծամիտ, տգետ, թերուս, մեր պատմությունից նվազ գիտելիքներ ունեցող, անհավատ սերունդ է: Խորհուրդ կտամ նրանց կարդալ Սբ. Մ. Խորենացու «Ողբը» եւ դասեր քաղել, եթե ունակ են: Ապացույցը, նրանց ընդունած հնգամյա ծրագիրը, որը բացարձակապես կապ չունի հայ ժողովրդի հետ, այն նույն հաջողությամբ կարող էր լինել ցանկացած այլ, արժանապատվություն չունեցող երկրի ծրագիր:

Շարունակությունը՝ հաջորդ համարում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
03.09.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930