Լրահոս
Օրվա լրահոսը

Իմ կարծիքով մեր երկրում հողատարածք ձեռքբերողները ոչ թե իրանցի են, այլ՝ ազերիներ, ԱԱԾ-ն պետք է այս հարցով զբաղվի. Հրաչ Բերբերյան

Սեպտեմբեր 03,2021 20:10

Ֆերմեր Հարություն Մնացականյանը, որը երկար տարիներ է մեր երկրում գյուղատնտեսական բիզնեսով է զբաղվում, հողատարածքների առուվաճառքների կասկածելի գործընթացներ է նկատում:

«Բացի լիբանանյան արաբներից , որոնց մի մասը կոնկրետ այգիներ են հիմնում` հողեր գնելով , մնացածը մեր երկրի լավագույն մասերում, որտեղ հնարավոր է իդեալական այգիներ հիմնել, արտակարգ որակի բերք ստանալ` Եղվարդ, Արագյուղ, Արագածոտնի մարզ եւ այլն, մեծաքանակ հողեր են գնում ու ոչինչ չեն անում, թողնում են այդպես անմշակ»,-ֆեյսբուքի իր էջում այսպիսի մտահոգություն էր հայտնել Հարություն Մնացականյանը։

Նա մոտավոր հաշվարկ է արել եւ պարզել, որ 200 միլիոն դոլարով կարող են մեր երկրի գյուղատնտեսությանը բավականին հետ գցել. «Բացի այդ, նրանք հողեր գնելով արհեստական գները ուռճացրել են, օրինակ՝ Եղվարդում 1 հեկտար հողը արդեն արժե 20 000 դոլար, հավատացե՛ք այն Իսպանիայի գյուղնշանակության հողերից թանկ է, ինչը ենթադրում է, որ տեղացի գործարարը, երբ փորձի գյուղատնտեսության մեջ ներդրումներ կատարել, հողի չհիմնավորված բարձր գնի պատճառով, բավականին բարձր ինքնարժեքով է բերք ստանալու»,-նշում է պարոն Մնացականյանը: Նրա խոսքով. «Չգիտեմ ինչքանո՞վ են ճիշտ մտավախություններս, ինչքանո՞վ են համապատասխանում իրականությանը, բայց շատ կասկածելի գործընթացներ եմ տեսնում մեր երկրում գյուղատնտեսության հետ կապված։ Խիստ կասկածներ ունեմ , որ սա կոնկրետ միտում է , դրսից հստակ ծրագրված քայլ , այլապես գտնում եմ անիմաստ է գնել հող, մեծ կապիտալ քնեցնել ու ոչինչ չանել։ Հա ու ամենակարեւորը, լսել եմ , որ հողերը մասնատելու գործընթաց էլ է տեղի ունենում, ինչը կոնկրետ աղետ կլինի գյուղատնտեսության ոլորտում։ Պետությունը պարտավոր է օր առաջ հողային ռեֆորմներ անել , ստիպել բոլոր հողատերերին կամ մշակել, կամ հանձնել ցանկացողներին»։

«Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ ինքն էլ է նման միտում նկատել. Պարոն Բերբերյանի խոսքով՝ ոչ միայն հողատարածքներ, այլեւ, օտարազգիները անշարժ գույք են ձեռք բերում. «Օրերս ինձ հետ հանդիպել էին այլ ազգերի ներկայացուցիչներ, որոնք ցանկանում էին հողատարածքներ ձեռք բերել եւ առաջարկում էին բանջարեղեն ցանել, բայց այնպիսի բանջարեղեն, որը որ մեր շուկայում էլ կա, նշեցին, որ Մարտունու շրջանում արդեն մասնավոր բնակարաններ են գնել»:

Հրաչ Բերբերյանը չի բացառում, որ այն ինչ հիմա տեղի է ունենում հողատարածքների ու բնակարանների կասկածելի գնումների մասով, մեր երկրում մեկ տարի առաջ տեղի ունեցած գործընթացների շարունակությունն է. «Այն ինչ-որ մեր երկրի գլխին բերեցին, որոշ ծախվածներ, դա էլ շարունակությունը կլինի: Իսրայելի նման պետությունը հողերի առուծախն ընդհանրապես վերացրել է, որովհետեւ սակավահող երկիր է, եւ այդ հողը հրեաներինն է, ոչ թե այլ ազգերինը, եւ բնականաբար, այդ հողերը շատ բարձր են գնահատում: Մեր երկիրն էլ այդ մոտեցումը պետք է ունենա:

Իսրայելում գյուղատնտեսությունն ուրիշ հիմքերի վրա է դրված, ֆերմերները ժառանգաբար ստանում են հող, բայց առուվաճառքի իրավունք չունեն: Հնարավոր է՝ մի քանի միլիոն դոլար դնեն ու Հայաստանը գնեն՝ վերջացնեն՝ ինչպես Աջարիայի ճակատագիրն է»:
Նա նաեւ ասաց, որ տեղյակ է՝ Ապարանի տարածաշրջանում են իրանցիները հողեր ձեռք բերում. «Բայց, իմ կարծիքով իրականում նրանք ազերիներ են: Ընդհանրապես հողի հարցը պետք է մի անգամ լուծվի եւ այդ հարցը փակվի, բայց, քանի որ կառավարությունները գալիս են, գնում են եւ հողի շուկան չի ձեւավորվում, այդ շուկան ընդհատակյա գործում է»:

Հրաչ Բերբերյանի համոզմամբ, հողատարածքների գնման հարցով պետք է զբաղվի Ազգային անվտանգությունը. «Որովհետեւ մենք սակավահող երկիր ենք եւ մեր հողերը առեւտրի առարկա չպետք է լինեն: Ալիեւը մի քանի լիտր նավթ կվաճառի, Հայաստանը կառնի, հետո էլ կասի՝ իմ ժողովրդի հողերն են հետ եմ վերցրել»:

Հիշեցնենք, որ օգոստոսի 25-ին Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Իշխան Զաքարյանը կառավարությանն առաջարկեց, որպեսզի բոլոր համայնքապետերը մեկ ամսյա ժամկետում ներկայացնեն սեփականատեր ունեցող եւ չմշակվող խոշոր հողակտորների ցանկը: Սեփականատերերը մեկ ամսյա ժամկետում ներկայացնում են բիզնես ծրագիր: Այն չներկայացնելու կամ չիրագործելու դեպքում պետությունը հողը հանձնի ավելի բարեխիղճ ներդրողի:

Իշխան Զաքարյանի խոսքով, տարբեր գնահատականներով եւ վերլուծություններով Հայաստանի հողային ֆոնդի գրեթե 60 տոկոսը չի մշակվում:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Անուշ says:

    Իսկ ի՞նչ երաշխիք, որ բարեխիղճ տնտեսավարողը թուրք կամ թուրքի դրածո չի լինի։ Հարկավոր է արգելել հողի վաճառքը օտարերկրացիներին ։

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930