Հայաստանի ամերիկյան համալսարանի «Ավետիսեան Օնանեան առողջապահական ծառայությունների հետազոտման եւ զարգացման կենտրոնը» առողջապահության նախարարություն պատվերով սոցիոլոգիական հարցում էր իրականացրել ՀՀ-ում առողջության համապարփակ ապահովագրության համակարգ ներդնելու վերաբերյալ ։
Առողջապահության նախարարության՝ երեկ այս հարցման արդյունքները հրապարակելուց հետո սոցիալական ցանցում ակտիվ քննարկում էր։ Շատերը հարցման արդյունքները կասկածի տակ են դնում։
Հեռախոսային այս հարցումներն իրականացվել են 2020թ-ի օգոստոսի 22-ից սեպտեմբերի 26-ն ընկած ժամանակահատվածում, հետազոտության մասնակցել են 18-65 տարեկան 787 քաղաքացի։
Նախարարության հրապարակած տվյալների համաձայն, հարցվածների 61%-ը կողմ է արտահայտվել առողջապահական ապահովագրությանը։ Ըստ նախարարության, 73%-ը պատրաստակամություն է հայտնել վճարելու իրենց ամսական եկամտի 2-6%-ը ապահովագրությունից օգտվելու համար։ Սակայն բուն զեկույցում այս 73%-ի մասին, որոնք պատրաստ են վճարել, որեւէ տող չկա։
Կարդացեք նաև
Հարցման համաձայն, 9%-ը նշել են, որ պատրաստ չեն վճարել, 13%-ը դժվարացել են պատասխանել այդ հարցին։
Ըստ զեկույցի, հարցման այն մասնակիցների շրջանում, ովքեր եւ կամ իրենց ընտանիքի անդամները ունեն քրոնիկ հիվանդություններ, առողջության համապարփակ ծառայությանը (ԱՀԾ) նախընտրության հավանականությունը 42%-ով բարձր է, քան այն մասնակիցների շրջանում, որոնք եւ կամ որոնց ընտանիքի անդամները չունեն քրոնիկ հիվանդություններ։ ԱՀԾ-ից օգտվելու համար ամսական եկամտի 4% վճարելու պատրաստակամություն են հայտնել մասնակիցների 52%-ը, 21%-ը նշել են, որ պատրաստ չեն վճարել, իսկ 27%-ը դժվարացել են պատասխանել այդ հարցին։ Սակայն այն մասնակիցների մոտ կեսը (49%), ովքեր պատրաստ չեն եղել վճարել ամսական եկամտի 4%-ը կամ դժվարացել են պատասխանել այդ հարցին, պատրաստակամություն են հայտնել վճարելու ամսական եկամտի 2%-ը։
«Հարկ վճարողների պաշտպանություն» ՀԿ ղեկավար Փայլակ Թադեւոսյանը արժանահավատ չի համարում այս հարցման արդյունքները։ Նա Aravot.am-ի հետ զրույցում ասում է՝ ապահովագրության համակարգին կողմ լինելը չի նշանակում, որ այդ նույն մարդիկ կողմ են վճարել համակարգի համար։ Պարոն Թադեւոսյանը նշում է՝ ոչ ոք դեմ չէ առողջության ապահովագրության ներդրմանը, բայց թե ինչպե՞ս են ներդնելու, ի՞նչ գործիքներ են լինելու, ի՞նչ դրույքաչափով, ո՞վ ում փոխարեն է վճարելու, սրանք են կարեւոր հարցերը։
ՀԿ-ի ղեկավարն ավելի պրակտիկ է ներկայացնում այս հետազոտության համար կիրառված հարցերն ու դրանց ազդեցությունը։ «Ոնց որ քաղցած մարդուն հարցնեն՝ դուք ուզո՞ւմ եք հաց ուտել։ Կասեն՝ իհարկե, այո։ Հետո հարցնեն՝ իսկ ուզո՞ւմ եք ձեր հարեւանը վճարի դրա համար։ Կասեն՝ իհարկե, ուզում եմ։ Հետո հարցնեն՝ իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կերած հացի արժեքից ավել գումար տալ ամեն ամիս։ Կպատասխանի՝ ոչ։ Այսինքն, շատ կարեւոր է՝ հարցն ինչպե՞ս են տալիս եւ ինչ հերթականությամբ։ Ես նույն իրենց հարցաթերթիկով, եթե հարցում անեմ, այլ պատկեր կլինի»,-ասում է Փայլակ Թադեւոսյանը։
Բացի դրանից, նա նաեւ նկատում է՝ եթե հարցվածների 61%-ը կողմ է արտահայտվել առողջապահական ապահովագրությանը, նշանակում է վճարելու պատրաստակամների թիվն առնվազն 61%-ից պետք է պակաս լիներ, չի կարող վճարելու ունակ քաղաքացիների թիվն ավելի շատ լինի, քան համակարգի ներդրման կողմնակիցների։
Նախարարությունը դեռ 2019-ին էր շրջանառության մեջ դրել Առողջության համապարփակ ապահովագրության հայեցեակարգը, որտեղ նաեւ ծառայությունների ցանկն ու տեսակներին էին նշված։ Վերջերս ոլորտի պատասխանատունները հայտարարել են, որ հայեցակարգը հնարավոր է ուժի մեջ մտնի 2024 թվականին։ Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանն էլ հայտարարել է, որ ապահովագրության համար վճարվող այդ տոկոսը կարող է փոփոխական լինել, եւ դեռ պետք է հստակեցվի, թե սկզբնական շրջանում որ խմբերն են ընդգրկվելու այս ծրագրում, ինչպիսի փաթեթ են առաջարկելու։
Այս փուլում շատերի համար բազմաթիվ խնդրահարույց հարցեր կան, օրինակ՝ ինչո՞ւ պետք է բարձր եւ ցածր աշխատավարձ ստացողներն իրենց աշխատավարձից նույն տոկոսի չափով վճարեն, ի՞նչ են անելու այն քաղաքացիները, որոնք արդեն կամավոր ապահովագրվել են մասնավոր ընկերություններում։
Փայլակ Թադեւոսյանն ասում է՝ 100-150 հազար աշխատավարձ ստացողներն, իհարկե, համաձայն կլինեն ամսական 4-6% վճարել իրենց աշխատավարձից, որը կկազմի ամսական 6-9 հազար դրամ, եւ ասենք ընտանիքի անդամներն էլ հնարավորություն կունենան օգտվել այդ նույն ապահովագրությունից․«Բայց 500-700 հազար դրամ աշխատավարձի դեպքում 4-6%-ը մեծ թիվ է եւ այս բարձր աշխատավարձ ստացողը կգերադասի այլ ապահովագրություն, քանի որ կհաշվարկի ու կհասկանա՝ եթե մասնավոր ապահովագրության դիմի ՝ գումարն անգամներով ավելի պակաս էր լինելու, քան պետության առաջարկածը։ Այսինքն՝ հարցվողների ընտրանքն էլ շատ կարեւոր է»։ Պարոն Թադեւոսյանը հարց է ուղղում պատասխանատուններին՝ ինչո՞ւ աշխատող մարդը պետք է վճարի չաշխատող, բայց աշխատունակ եւ աշխատել չցանկացող քաղաքացու համար, սա սոցիալական արդարություն չի ապահովում։
Փայլակ Թադեւոսյանն ասում է՝ մասնավոր ընկերություններում կամավոր ապահովագրված քաղաքացիները երկու անգամ են վճարելու, քանի որ պատասխանատուներն ասում են՝ կամավոր բժշկական ապահովագրությունը կլինի լրացնող առողջության համապարփակ ապահովագրությանը եւ կընդգրկի հիմնական ծառայությունների փաթեթից դուրս մնացած ծառայությունները։
«Առողջապահության նախարարությունը ոչ թե պետք է առաջնային զբաղի փող հավաքելով, այլ նախ ոլորտում առկա խնդիրները կարգավորի։ Պետք է ապահովեն որակով բուժծառայություններ, հետո ներդնեն այս համակարգը։ Մեր տնտեսությունում չպետք է լինեն կամ շատ քիչ լինեն չհայտարարագրված եկամուտները կամ չգրանցված աշխատողները, հակառակ դեպքում արդարություն չի լինի։ Քանի դեռ պետությունն այս հարցերը չի կարգավորել, ապա նրանց՝ մարդկանցից փող ուզելը նշանակում է՝ «քցել»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ