Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիան ու Ադրբեջա՞նը պետք է թելադրեն՝ մենք մեր երկրում ինչպես ապրենք. Վահրամ Բալայան

Սեպտեմբեր 03,2021 19:01

«Ճիշտ կլինի հարցն ուղղել ՀՀ ղեկավարությանը, բայց իմ կարծիքով, քաղաքական ենթատեքստ կա այդ ամենում»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Արցախի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ խմբակցության պատգամավոր  Վահրամ Բալայանը՝ անդրադառնալով այն իրողությանը, որ Արցախի հանրապետության հռչակման օրը Հայաստանի իշխանական վերնախավն Արցախում չէր: Հիմնական տոնակատարությանը՝ Արցախի խորհրդարանի հատուկ նիստին, ներկա չէին նաեւ Արցախի ու Հայաստանի նախկին ու ներկա նախագահները:

Հիշեցնենք, 44-օրյա պատերազմի ավարտից հետո Արցախ այցելած ամենաբարձրաստիճան պաշտոնյան եղել է ՀՀ ԱԳ նախկին նախարար Արա Այվազյանը: Մեր զրուցակցի կարծիքով, 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, ապա 2021 թվականի հունվարի 11-ին, Մոսկվայում ստորագրված դարձյալ եռակողմ փաստաթղթում, հավանաբար, կան բաներ, որոնց մասին հանրությունը տեղյակ չէ. «Միգուցե, այդ ամենի հետեւանքն է դա. կարող ենք այդպես ենթադրել, բայց, որ ենթատեքստ կա՝ դա ակնհայտ է»:

Օրերս Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Թուրքիայից դրական ազդակներ կան եւ իր ղեկավարած կառավարությունն անպայմանորեն կգնահատի դրանք ու դրական կարձագանքի: Միաժամանակ, Թուրքիայի վարչապետը վերահաստատեց բոլոր նախապայմանները, որոնք տասնամյակներ շարունակ առաջադրվում են՝ Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար:

Դրանք ենթադրում են Թուրքիայի եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում՝ ներառելով Արցախն Ադրբեջանի կազմում, հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման դադարեցում, պահանջատիրությունից հրաժարում: Արցախցի ՀՅԴ-ական պատգամավորը դեմ չէ հարեւանների հետ հարաբերությունների կարգավորման, դեմ է այն տեսլականով կարգավորմանը, որն առաջ են քաշում թուրքական պետությունները. «Եթե այդ հարաբերությունները լինելու են ստրուկի եւ ստրկատիրոջ հարաբերություններ, ապա ո՞ւմ է պետք նման համագործակցությունը: Եթե նախապայմաններ են առաջարկում՝ ցեղասպանությունից հրաժարվելու, Արցախից հրաժարվելու, այսինքն, իրե՞նք պետք է թելադրեն, թե մեր երկրում մենք ինչպես պետք է ապրենք: Նման պարագայում ի՞նչ համագործակցության մասին է խոսքը: Այո, պետք է գնալ համագործակցության, բայց հավասար պայմաններով, առանց նախապայմանների, որոշակի սկզբունքներով»:

Հայաստանի վարչապետը հայտարարել է սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքներն արագացնելու մասին, այսօր էլ ԱԳ փոխնախարար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ է, սպասում ենք Ադրբեջանի արձագանքին: Ստացվում է, որ պաշտոնական Երեւանը դեմ չէ նախապայմաններին. նոր զիջումնե՞ր են հնարավոր, ո՞րն է այդ համագործակցության գինը՝ հարցին, մեր զրուցակիցը պատասխանեց. «Գիտեք, եթե իրենք այդպես են տրամադրված՝ ամեն ինչ էլ սպասելի է: Նման վերաբերմունքն անընդունելի է, անընդհատ պարտվողական դիրքից գործելը ստեղծում է այնպիսի հանրային տրամադրություն, երբ մարդն իր երկրում վտանգված է զգում իրեն, իր ընտանիքը: Նման պարագայում, կարծում եմ, որ ապագա չի լինի, չնայած իրենք ասում են՝ ապագա կա»:

Արցախցիներին ուղղված իր շնորհավորական ուղերձում Նիկոլ Փաշինյանը ընդգծել էր Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի անխախտ լինելու մասին. սա չի՞ հակասում պաշտպանական Երեւանից հնչած վերոնշյալ հայտարարություններին ու կեցվածքին: Վահրամ Բալայանը պատասխանեց. «Ձեր ասածի մեջ ինչ-որ բան կա. Արցախ չգալը, իրենց հայտարարությունները… Հայաստանի ղեկավարությունն ի վերջո, պետք է ճշտում կատարի՝ ի՞նչ է ուզում: Կառավարության ծրագրում էլ ծանոթացա Արցախի հատվածի եւ բանակաշինության հետ կապված… այսինքն, պետք է այդ ամենը ավելի շոշափելի եւ ըմբռնելի լինի ամենը, պարզ լինի, հստակ լինի, որովհետեւ մեր դժբախտությունների եւ անհաջողությունների պատճառներից մեկն էլ այն է, որ գերնպատակը բացակայում էր: Եթե առաջին պատերազմի ժամանակ հանրությունն ուներ գերնպատակ եւ դրան էր նպատակաուղղված հասարակության ողջ ներուժը, այսօր, ցավոք, դա չկա: Այս կողմից այն կողմ ցատկելով՝ դժվար թե մենք կարողանանք… գիտեք, մեր բարեկամների մոտ էլ է, երբեմն, տարակուսանք առաջանում, թե ի՞նչ ենք մենք ուզում, ի՞նչ ճանապարհով ենք ուզում գնալ: Այս ամենը պետք է հստակ լինի»:

Դիտարկմանը, որ Հայաստանի իշխանությունը հայտարարել է, կառավարության ծրագրում էլ ամրագրել, որ իր նպատակն ամեն գնով տարածաշրջանում խաղաղության հասնելն է, թեեւ գիտակցում են, որ դա միայն մեզնից կախված չէ, մեր զրուցակիցը հակադարձեց՝ խաղաղությունը լավ բան է, ամենալավ բանն է, բայց անարժանապատիվ խաղաղությունը դեռ խաղաղություն չէ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930