Երեկվանից սկսվել են Գյումրիի ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար կուսակցությունների կամ դաշինքների ավագանու անդամների թեկնածուների առաջադրումները։ Սակայն ո՛չ երեկ, ո՛չ էլ այսօր ոչ մի առաջադրում չի եղել։
Քիչ առաջ թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Ղազարյանն Aravot.am-ին ասաց․ «Այսօր էլ ամբողջ օրը ոչ մի հոգի չի եկել։ Ես հիմա էլ տարածքային հանձնաժողովում եմ, նիստ ենք անցկացրել, տեղամասային կենտրոնների ցանկն ենք հաստատել ենք, որ ուղարկենք կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Ամբողջ հանձնաժողովով հավաքված ենք, սպասում ենք, մարդ չկա, էսօր էլ չկա, երեկ էլ չկար, միշտ էլ այդպես է, նախորդ ընտրություններին էլ վերջին օրերին նոր ակտիվացան, այնպես չէ, որ արտառոց բան է կատարվում»,-ասաց Տիգրան Ղազարյանը։
Հիշեցնենք, որ Գյումրու ՏԻՄ ընտրությունները նշանակված են հոկտեմբերի 17-ին։
Ինչպես արդեն գրել ենք, չնայած իշխանությունների հորդորներին, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը մտադիր չէ մասնակցել ՏԻՄ ընտրություններին, իսկ սա նշանակում է, որ Գյումրիում իշխանափոխություն է սպասվում։
Ի դեպ, այս անգամ պայքարը նոր դեմքերի միջև է ընթանալու, ըստ շրջանառվող տեղեկությունների, քաղաքական հին դեմքերից քաղաքապետի պաշտոնի հավակնորդ գրեթե չկա։
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ