Լրահոս
Օրվա լրահոսը

«Ծրագիրը կօժանդակի Սևանա լճի շրջակա միջավայրի պաշտպանության ուղղված գործողություններին»

Սեպտեմբեր 03,2021 17:44

Այսօր Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն ընդունել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) Հայաստանի գրասենյակի տնօրեն Մ․ Ռաուշենբերգերի գլխավորած պատվիրակությանը։

Հանդիպմանը մասնակցել են «EU4Sevan» ծրագրի թիմի ղեկավար Ք․ Հենշելը, «Գետերի ափամերձ տարածքների վերականգնում Հայաստանում» ծրագրի ղեկավար Ա․ Բերբերյանը և ՇՄ նախարարության միջազգային համագործակցության վարչության պետ Ռ․ Գրիգորյանը։

Ողջունելով գործընկերներին Շրջակա միջավայրի նախարարությունում, նախարար Պետրոսյանը նախ շնորհավորել է տիկին Ռաուշենբերգերին նշանակման կապակցությամբ։Նախարարը պատվիրակությանը փոխանցել է, որ ՀՀ Կառավարությունը, ի դեմս Շրջակա միջավայրի նախարարության, չափազանց կարևորում է համագործակցությունը Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության հետ և տրամադրված է շարունակել այն՝ սահմանելով արդյունավետության ավելի բարձր նշաձող։

GIZ-ի հետ շրջակա միջավայրի նախարարությունը համագործակցում է 2007 թվականից` ստորագրվել է համագործակցության մասին Արձանագրություն, ինչի շրջանակում աջակցություն է ցուցաբերվել Հայաստանի կենսաբազմազանության պահպանմանը, ինչպես նաև բնական ռեսուրսների կայուն կառավարմանը։

Նախարարը մատնանշել է, որ համագործակցության համատեքստում նախարարությունը կարևորում է երկկողմ իրականացվող ընթացիկ ծրագրերը և նախանշվող ուղղությունները, որոնք այս պահին առկա են։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել «EU4Sevan» ծրագրին։
«Սևանա լճի շրջակա միջավայրի պաշտպանություն» (EU4Sevan) ծրագիրը (բազմադոնորային գործողություն) համատեղ ֆինանսավորվում է Եվրոպական Միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (ԳԴՀ ՏՀԶՆ) կողմից։ Այն «ԵՄ-ը հանուն էներգաարդյունավետության և շրջակա միջավայրի» ԵՄ գործողության և ԳԴՀ ՏՀԶՆ-ի կողմից ֆինանսավորվող «ECOServe» ծրագրի մաս է կազմում։ Ծրագիրն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 5.700.000 Եվրո, որից 700.000 Եվրոն ԳԴՀ ՏՀԶՆ-ի համաֆինանսավորումն է:

Ծրագիրը կհիմնվի առկա ձեռքբերումների և պլանների վրա և կլրացնի ու կօժանդակի Սևանա լճի շրջակա միջավայրի պաշտպանությանն (վերջնարդյունք) ուղղված գործողություններին։

Դա իրականացվելու է հետևյալ 5 արդյունքներով՝
բարելավել Սևանա լճի ջրահավաք ավազանի ջրի մշտադիտարկումն ու կառավարման կարողությունները,
բարելավել էկոհամակարգի համար բարենպաստ և ջուր խնայող հողօգտագործման ու մշակման գործողությունների իրականացման կարողությունները,
բարելավել կեղտաջրերի մաքրման, ներառյալ բնության վրա հիմնված լուծումների իրականացման կարողությունները,
բարձրացնել Սևանա լճի պաշտպանության վերաբերյալ իրազեկումն ու տեղեկատվության հասանելիությունն ավազանին կից համայնքների, մասնավոր հատվածի և այլ շահագրգիռ կողմերի շրջանում,
բարելավել Սևանա լճի էկոհամակարգի կառավարումը։

Արդյունք 1-4-ը իրականացվում է ԳՄՀԸ-ի, իսկ արդյունք 5-ը՝ ՄԱԶԾ-ի կողմից։ Քանի որ արդյունքներն իրար լրացնում են, ԳՄՀԸ-ն և ՄԱԶԾ-ն համատեղ կհամակարգեն պլանավորման և իրականացման գործողությունները:

Քննարկվել է կլիմայական օրակարգը, որին աշխարհի առաջադեմ երկրները, այդ թվում նաև Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը, մեծ ուշադրություն են դարձնում։ Նախարարը գործընկերներին ևս մեկ անգամ հայտնել է , որ ՀՀ Կառավարությունը նույնպես կարևորում է այդ ուղղությամբ ջանքերի ներդրումը և որ Հայաստանը մասն է համաշխարհային կլիմայական օրակարգի։

Լոռվա և Շիրակի մարզերում իրականացվում է ԳԴՀ տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (ՏՀԶՆ)(BMZ) կողմից ֆինանսավորվող «Բնական պաշարների կառավարում և էկոհամակարգային ծառայությունների պահպանություն Հարավային Կովկասում գյուղական տարածքների կայուն զարգացման համար» (ECOserve) տարածաշրջանային ծրագիրը, որի նպատակն է բնական ռեսուրսների կայուն կառավարման մոտեցումների կիրառմամբ ապահովել դրանց ողջամիտ և արդյունավետ օգտագործումը՝ դրանով իսկ նպաստելով կենսաբազմազանության պահպանությանը և կլիմայի փոփոխության ազդեցության մեղմմանը։

Կողմերը քննարկել են նաև Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության «Գետերի ափամերձ տարածքների վերականգնում» Covid 19-ի արձագանքման ծրագիրը, որն աջակցում է Կառավարության 15-րդ միջոցառմանը և դրա շարունակականությանը Գեղարքունիքի մարզում: Ծրագիրը նպաստում է Հայաստանում «կանաչ» վերականգնմանը (Green Recovery) և իրականացվում է Հայաստանում էկոհամակարգերի վերականգնմանն ուղղված 10 միլիոն ծառ նախագծի շրջանակներում: Ծրագիրը նաև աջակցում է ՀՀ կառավարության՝ Սևանա լճի պահպանության բարելավման նախաձեռնությանը, որին օժանդակում է Հայաստանում Եվրամիության կողմից ֆինանսավորվող EU4Sevan նախագիծը։

Գարնան ամիսներին ծրագրի շրջանակներում Սևանա լիճ թափվող 4 գետերի (Մասրիկ, Արգիճի, Գավառագետ, Կարճաղբյուր) ափամերձ տարածքներում տնկվել է 520,000 ուռենու կտրոն: Տնկման աշխատանքներին մասնակցել է հարակից համայնքների 249 բնակիչ:

Ապրիլ, մայիս և հունիս ամիսներին Գեղարքունիքի մարզի 10 համայնքի (Ծակքար, Լիճք, Արծվանիստ, Լուսակունք, Խաչաղբյուր, Կարճաղբյուր, Մարտունի, Ներքին Գետաշեն, Գեղհովիտ և Վարդենիկ) 253 բնակիչ մասնակցել է նշված համայնքների վարչական տարածքներով հոսող և Սևանա լիճ թափվող գետերի ափամերձ տարածքների մաքրման աշխատանքներին, ինչի արդյունքում հավաքվել է 229,364 կգ աղբ և 283 կգ վերամշակման ենթակա թափոն, որոնք տեղափոխվել են համապատասխան վերամշակման գործարաններ:
Մաքրման և տնկման աշխատանքներին մասնակցել է Գեղարքունիքի մարզի մոտ 20 համայնքի 502 բնակիչ:

Տիկին Ռաուշենբերգերն հետաքրքրվել է ջրային ոլորտի կառավարման և համակարգման ուղղությամբ Շրջակա միջավայրի նախարարության քաղաքականությամբ։

Նախարար Պետրոսյանը ներկայացրել է այդ համատեքստում իրականացված և նախանշված օրենսդրական բարեփոխումները և համալիր միջոցառումները։ Նա նաև նշել է, որ հաշվի է առնվում, որ աշխատանքների իրականացման ընթացքում ՀՀ Կառավարության կողմից ու Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության իրականացրած աշխատանքները չխաչվեն, այլ ընթանան զուգահեռ՝ ի նպաստ շրջակա միջավայրի կայուն կառավարման և զարգացման։

Ամփոփելով հանդիպումը՝ նախարարը տեղեկացրել է, որ Հայաստանը միջպետական և միջգերատեսչական մակարդակում մշտապես բաց է ցանկացած քննարկումների և համագործակցության համար, ինչը կարող է ավելի լավը դարձնել շրջակա միջավայրը։
Հանդիպման ավարտին նախարար Ռոմանոս Պետրոսյանը տիկին Ռաուշենբերգերին է նվիրել «Կովկասյան ընձառյուծ» արծաթե հուշադրամ։

Շրջակա միջավայրի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930