Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրենք ԱԺ-ում իրար ուտում են, մենք այստեղ գյուլլի բերանն ենք, ինչի՞ կռիվ եք տալիս, աթոռակռի՞վ եք տալիս». Կութեցիները սպառնում են լքել գյուղն ու գնան լցվեն Սեւան, պրծնեն (տեսանյութ)

Սեպտեմբեր 03,2021 18:00

«Կրակոցների ձայները շատ հաճախ ու մոտիկից լսում ենք: Տեսնում եք, էլի, ինչքան է արդեն սահմանը մոտեցել մեզ, խոտն էլ վառում են: Ոչ արոտը կա, ոչ էն կա, երեխեքը վախենում են: Չնայած ինչի՞ մենակ երեխեքը, մենք էլ ենք վախենում»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Կութ գյուղի բնակիչ Թամարա Մելքումյանը:

Կութի բնակիչների կյանքը պատերազմից սկսած մղձավանջի է վերածվել, հակառակորդի դիրքերը անզեն աչքով տեսանելի են, կրակոցներով ու հրդեհներ կազմակերպելով՝ ադրբեջանցիները մեր սուվերեն տարածքում ամեն կերպ իրենց ներկայության մասին հիշեցնում են:

Թամարա Մելքումյանն ասաց, որ կրակոցների ժամանակ պատսպարվում են իրենց տներում. «Վերջին անգամ, որ կրակել էին, անցել էր երկու գյուղացու միջով ու տվել գոմի պատին: Գոմի պատը ծակվել էր: Ասենք այդ պահին երեխա լինի հայաթումը, երեխեքին կկպնի»:

Հարցին՝ դրանք թիրախավորվա՞ծ կրակոցներ են, թե՞պատահական կրակում են, ում կպավ-կպավ՝ Կութի բնակիչը պատասխանեց. «Չէ, անմիջապես գյուղի վրա են կրակում: Բնակիչների վրա են կրակում: Եթե այդ տարածքի վրա կրակոցը գալիս է, պարզ է, որ այդտեղ անասունն էլ է, տունն էլ է, այդտեղ ապրող էլ կա»: Կութեցին վստահեցրեց, որ չեն կարողանում իրենց հողամասերը ազատ մշակել, անասուններին տանել արոտավայր. «Իրենք որ կրակում են, տներն անմիջապես այդտեղից էլ սկսում են: Մշակելու հողերն այդ տարածքներում են: Ուրիշ տեղ որտե՞ղ գնանք, ի՞ն չ անենք»:

Թամարա Մելքումյանն ասաց, որ եթե այսպես շարունակվի ու կառավարությունը որեւէ բան չձեռնարկի, իրենք կլքեն գյուղը. «Կլքենք: Բայց տեղ էլ չունենք գնալու: Էթանք լցվենք միանգամից Սեւան՝ պրծնենք: Պետք է ժողովրդին նայեն: Տղամարդ չկա, երեխաները վախենում են: Հաշմանդամ երեխա կա, մեծահասակներ կան ու տունը տղամարդ չկա, շարժվելու միջոց չունեն, մեքենա չկա: Ասենք, մի քանի հոգի գյուղում մեքենա ունեն, բայց հազիվ իրենք լցվեն, գնան: Իսկ կարիքավոր ու տարիքով ընտանիքները մնում են: Այդպես շատ էլ չենք, որ հաշվես՝ մի տասը ընտանիք»:

Կութում բնակիչների հիմնական եկամտի աղբյուրն անասնապահությունն է, այն էլ արոտավայրերի հրդեհման պատճառով հարցականի տակ է հայտնվել: Հողակտոր ունեցողներն էլ մշակելիս են խնդրի առջեւ հայտնվում: Թամարա Մելքումյանը այս «հոգսերից» ազատված է, իր գյուղում ոչ անասուն ունի, ոչ էլ հողակտոր: Աշխատում է դպրոցում ու ամսական 50 հազար դրամ աշխատավարձով ապրում:

Չնայած իշխանությունները Թուրքիայից խաղաղության դրական ազդակներ են ստացել, բայց կութեցին համոզված է, որ թուրքի հետ խաղաղություն հաստատել հնարավոր չէ. «Այս պահին, եթե կառավարությունը զբաղվի ժողովրդի հոգսերով, Ազգային ժողովում հաշտության գան, միավորվեն, ինչ-որ մի բան անեն՝ էլի հույս կունենանք: Բայց որ իրենք էլ այնտեղ են իրար ուտում, թշնամին առիթից օգտվում է»:

Թամարա Մելքումյանը հեռավոր Կութից հետեւում է Ազգային ժողովի նիստերին ու շատ վատ տպավորություն ունի նոր խորհրդարանից. «Մեր Ազգային ժողովում ներկա դրությամբ ինչ կատարվում է, անընդունելի է: Եթե մի ընտանիքի մեջ մեծահասակները կռվեն, օրինակ, այն երեխան ի՞նչ է սովորելու: Նույնն էլ մեր Ազգային ժողովը: Իրենք ի՞նչ օրինակ են ցույց տալիս: Ազգային ժողովը մեղավոր է, իշխանություն-ընդդիմություն կապ չունի: Եթե իրենք համաձայնության գային… Իրենք այնտեղ իրար ուտում են, բայց մենք այստեղ գյուլլի բերանն ենք, ինչի՞ կռիվ եք տալիս, աթոռակռի՞վ եք տալիս: Մի հատ մտածեն մեր ժողովրդի համար, կարգավորեն, մեր հողերը հետ վերադարձնեն, մեր զինվորներին, մեր գերիներին: Իրենք այնտեղ պատգամավորներով իրար ուտում են, բայց գյուլլի բերան 18 տարեկան մատղաշ երեխեքն են կանգնած: Ինչի՞ համար է էն երեխեն կանգնում, որ դուք աթոռակռի՞վ տաք: Ախպորս 3 տղեն կանգնած են սահմանին, ամենքը 3 երեխա ունեն քյոռփա, իրենց քյոռփեքին թողած՝ գնացել են սահմանին կանգնել: Իրենք գնացել են գյուլլի բերան կանգնել են, որ նրանք այնտեղ իրար ուտե՞ն: Թող կանգնեն մեր երեխեքի կողքը: Թող հաշտվեն, ամեն ինչը ուղղեն, հետո շարունակեն: Խնդրե՜մ, շարունակե՜ք, ձեր աթոռակռիվը տվեք»:

Կութեցին համոզված է՝ թշնամին ուշիուշով հետեւում է Հայաստանի ներքաղաքական գործընթացներին ու տեսնում է, որ ներսում աթոռակռիվ են անում. «Թուրքն ասում է՝ ես իմ գործը կանեմ, ու ինքն իր գործն անում է: Եթե Ազգային ժողովը, մեր ղեկավարությունը գա սահմանին կանգնի, թուրքը ոչ մի ղալաթ էլ չի անի, չի կարա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930