Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոսկե ծիրանը» կրկին աշխարհահռչակ կինոդեմքերի կհյուրընկալի

Սեպտեմբեր 03,2021 16:32

Այս տարի «Ոսկե ծիրան» երեւանյան 18-րդ միջազգային կինոփառատոնը կանցկացվի հոկտեմբերի 3-10-ը: Արդեն պատրաստ է նաեւ փառատոնի պաստառը, որի հեղինակը ֆրանսաբնակ գրաֆիկ դիզայներ, գրաֆիկական բեսթսելեր վեպերի հեղինակ Վահրամ Մուրատյանն է:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը փառատոնի թեմայով հրավիրված ասուլիսի ժամանակ նշեց, որ «Ոսկե ծիրանը» վաղուց իր մասին խոսում է, եւ այն հատուկ ներկայացնելու հարկ չկա: Նա կարեւորեց փառատոնը` մեր երկրի վարկանիշի բարձրացման առումով ու հավելեց. «Աննկարագրելի դժվարություններով անցնելով, խոչընդոտներ հաղթահարելով` մենք գիտակցում ենք, որ որքան բարդ է արժեք ստեղծելը, նույնքան էլ բարդ է արժեք պահելը եւ այդ արժեքի ընթացքը անկասելի պահելը: Ուրախ եմ, որ անկախ օբյեկտիվ, պատմաքաղաքական խոչընդոտներից ու բարդություններից` ունենք «Ոսկե ծիրանի» թիմի` փառատոնի կյանքը շարունակելու ե՛ւ պետական գիտակցումը ե՛ւ պատասխանատվությունը, որ չենք ընդհատում միջազգային լավագույն փառատոնի ընթացքը»: Փոխնախարարի խոսքով, «Ոսկե ծիրանը» զուտ փառատոն չէ, որովհետեւ փառատոներն այսօր դարձել են հանրային ինքնահաղթահարման ակցիաներ»:

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի գեղարվեստական տնօրեն Կարեն Ավետիսյանը, նախ ներկայացնելով փառատոնի պաստառը, ասաց, որ դա ոչ թե զուտ սիմվոլիկ եւ տեսողական աչք շոյող բաղադրիչ է, այլ մի բան, որը թելադրում է այն հայեցակարգը, որով շարժվում է տվյալ տարվա տարի փառատոնը: Ինչ վերաբերում է պաստառի հեղինակ Վահրամ Մուրատյանին, Կ.Ավետիսյանը նշեց, որ նա Կաննի վերջին կինոփառատոնում ընդգրկված է եղել այդ փառատոնի ծրագրերից մեկի ժյուրիի կազմում եւ ստեղծել է վերջինիս պաստառը:

Կարեն Ավետիսյանը, ներկայացնելով հյուրերի մի մասին, ասաց, որ այս տարի բարդ էր իրավիճակը՝ հրավերներ անելու առումով, քանի որ ողջ աշխարհում խնդիր է երկրից երկիր տեղափոխվելը. «Բացի այս կամ այն երկրի ընթացակարգերից` կա նաեւ անձնական մտավախություն` յուրաքանչյուր անձի ճանապարհորդության հետ կապված»:

Նա ասաց, որ աշխարհահռչակ հյուրերի թվում են 20-րդ դարի կինոյի խոշորագույն սցենարիստներից Փոլ Շրեդերը, իսրայելցի ռեժիսոր, «Ոսկե արջի» դափնեկիր Նադավ Լապիդը եւ հունգարացի, կինոյի եւ թատրոնի հայտնի ռեժիսոր Կոռնել Մունդրուցոն: Հիշեցրեց, որ Փոլ Շրեդերը հեղինակել է Մարտին Սկորսեզեի «Տաքսիստը», «Կատաղած ցուլը», «Քրիստոսի վերջին գայթակղությունը» կինոնկարների սցենարները, նաեւ բազմաթիվ ֆիլմեր է նկարահանել իբրեւ ռեժիսոր` Նիկոլաս Քեյջի, Սյուզան Սարանդոնի, Նաստասիա Կինսկիի եւ այլ հայտնիների մասնակցությամբ: Փոլ Շրեդերի հետ Հայաստանում նախատեսված է վարպետության դաս, ֆիլմերի ցուցադրություն: Կարեն Ավետիսյանը նշեց, որ Կոռնել Մունդրուցոն եւս վարպետության դաս կունենա, որը կմիավորի ե՛ւ կինեմատոգրաֆիստական, ե՛ւ թատերական հանրությանը:

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի միջազգային բաժնի ղեկավար Վարյա Հովհաննիսյանն էլ ներկայացրեց «Երեւանյան պրեմիերաները»` ասելով, որ այս տարի առավել, քան երբեւէ շեշտը դրվել է ֆիլմերի վրա, քանի որ աշխարհում տիրող իրավիճակի պատճառով հնարավոր չէ մեծ թվով հյուրեր ունենալ բոլոր փառատոներում:

«Փոխհատուցելով այդ բացը` մենք որոշել ենք հանդիսատեսին մեծ թվով հրաշալի ֆիլմեր ներկայացնել ոչ միայն մեր մրցութային ծրագրերում, այլեւ մրցույթից դուրս»,-ասաց Վարյա Հովհաննիսյանը` ներկայացնելով «Երեւանյան պրեմիերաների» մի մասը:

Այդ ֆիլմերի թվում են` Լեոս Կարաքսի «Անետը», որով բացվել է Կաննի կինոփառատոնը, Ասղար Ֆարհադի «Հերոս», Փոլ Վերհովենի «Վենդետա», Շոն Բեյքերի «Կարմիր հրթիռը» եւ այլ կինոնկարներ:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930