Լրահոս
Օրվա լրահոսը

«Ջալալ Հարությունյանն ասել է՝ «մերոնք են, ասա չկրակեն», տղերքն էլ հետ են եկել․ 250 հոգանոց թշնամին էր՝ կեսը հայկական համազգեստով»․ փաստաբան

Սեպտեմբեր 03,2021 16:16

2020թ․-ի պատերազմի մասնակից, Արցախի ՊԲ N զորամասի մայոր, հրետանային դիվիզիոնի շտաբի պետ Գեւորգ Գեւորգյանը մեղադրվում է անգործություն դրսեւորելու համար, որն առաջացրել է ծանր հետեւանքներ։

ՀՀ փաստաբանների պալատում այսօր նրա շահերի ներկայացուցիչ, փաստաբան Գոռ Գեւորգյանը մի շարք հանգամանքներ ներկայացրեց։ Նախ նշեց, որ 2020թ․ հոկտեմբերին Գեւորգ Գեւորգյանը, ըստ հրամանի, տեղակայված է եղել Վարանդայի ուղղությամբ․ մարտական առաջադրանք է տրվել խոցել թշնամուն Հադրութի ուղղությամբ։ «Գեւորգ Գեւորգյանն ասում է, որ դիվիզիոնի հրամանատարը հրահանգել է անցնել շրջանաձև պաշտպանության։ Հրետանավորի համար դա վերջին ստադիան է, այսինքն՝ դու այնքան ես մնացել մի տեղում՝ առանց հետախուզության, առանց տվյալների, որ թշնամին արդեն քո տարածք է մտել։ Դու էլ, քո զինատեսակը թողած, պետք է անցնես շրջանաձեւ պաշտպանության։ Պաշտպանյալս ասում է, որ երբ արդեն պատրաստ էին շրջանաձեւ պաշտպանության եւ գիտակցում էին, որ դիմացից եկող հակառակորդ կա, երկրորդ հրամանն է եկել՝ «թողնե՛լ, չկրակե՛լ, մերոնք են»։ Հաջորդ հրամանը լինում է նահանջը, եւ երբ մեքենաները մոտեցնում են նահանջելու համար, հնչում է հրաման՝«թողնե՛լ»։ Այդ երկու հրամանների միջակայքում 10 րոպե կա»,-պատմեց փաստաբանը։

Նրա խոսքով՝ մեքենաները հետ են տարել իրենց դիրքերը, ընդ որում՝ մեքենաներից մեկի վարորդն ավելի դանդաղ է տեղ հասել․ «Ըստ իմ պաշտպանյալի՝ դիվիզիոնի հրամանատարը վազել է ու հեւալով ասել՝ «ով ոնց կարա, հելեք ըտեղից»․․․հենց այդ մեքենայով Գեւորգ Գեւորգյանը մի քանի զինվորների է տեղափոխում։ Հետո նորից հրամայում են հետ դառնալ։ Անորոշ վիճակ է եղել։ Իմ պաշտպանյալին մեղադրում են նրանում, որ նա հավաքել է մյուսներին եւ դուրս եկել, իսկ մարտկոցները մնացել են․ առաջին մարտկոցը 7 զոհ է տվել։ 14 անձից ոչ մի տեղեկություն չկա։ Մեղադրում են, որ եթե ինքը մնար ու կատարեր իր պարտականությունը, տղաները չէին զոհվի»։

Փաստաբան Գոռ Գեւորգյանը նշեց․ «Երբ դիվիզիոնի հրամանատար Հայկ Թովմասյանը հրետանու պետին զեկուցել է, որ շարժ են նկատում, որ ասեն, թե ովքեր են, նոր գործեն, հրետանու պետ Բաղդասարյանն այդ մասին զեկուցել է Ջալալ Հարությունյանին։ Վերջինս կապ է տվել հրետանու պետին՝ «մերոնք են, ասա չկրակեն», տղերքն էլ հետ են եկել։ 250 հոգանոց թշնամին է եղել՝ կեսը հայկական համազգեստով։ Ջալալ Հարությունյանն ասում է՝ «ես էդտեղ չունեի ԱԹՍ-ներ, տեսախցիկներ, չէի կարող ասել՝ մերո՞նք են, թե չէ, ասել եմ, որ կարող ա մերոնք են, կարող ա եւ՝ չէ, զգույշ լինեն, որ մերոնց չկրակեն»․․․բա սա պատասխա՞ն է։ Ոչ մի բացատրություն չի տվել, ՊԲ հրամանատար էր։ 10 րոպեում տրվել են հակասական հրամաններ, ստեղծել անորոշ վիճակ»։

Գոռ Գեւորգյանի խոսքով՝ մայոր Գեւորգ Գեւորգյանին այս տարվա օգոստոսին հրավիրել էին հարցաքննության, նա էլ շտապել էր իրականությունը պատմել, որովհետեւ ինքը եւ իր հարազատները ոչ արդարացի կերպով թիրախավորվել են եւ մեղադրվում են զոհերի համար։ «Նա ասել է, որ երբ իրեն տվել են նշանակետերի կոորդինատը, նա հրանոթի հնարավորություններով եւ հեռախոսային ծրագրով պարզել է, որ թիրախը 4200 մետրի վրա է եղել, մինչդեռ իրենց հրանոթները խոցում են մինչև 17 կմ։ Նա մտահոգվել է՝ ինչո՞ւ են հեռահար խոցման հրանոթները տեղակայված նշանակետերին այդքան մոտ։ Նա հրամանատարությանը հայտնել է, որ թշնամու հետեւակը կարող է կարճ ժամանակում մոտենալ եւ իրենց ծուղակը գցել։ Դրանից հետո իրենց տեղափոխել են Հադրութի «Ջրաշխարհ» անվամբ տարածք, որտեղից թիրախների հեռավորությունը եղել է 8 կմ: Ըստ Գեւորգ Գեւորգյանի՝ երբ բանակի հրետանու պետին զեկուցել են այդ տեղափոխության մասին, նա բարկացել է եւ հրահանգել վերադառնալ նույն տեղը, ինքն էլ կատարել է հրամանը։ Մայոր Գեւորգյանն այդ ժամանակ զանգել է կնոջը, ասել, որ իրենց այնպիսի տեղ են ուղարկում, որ զոհվելու հավանականությունը մեծ է․․․»-պատմեց փաստաբանը։

Այլ մանրամասները՝ տեսանյութում։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930