Լրահոս
Օրվա լրահոսը

«Նոր պատերազմն անխուսափելի է, եւ էլի թշնամին է այն սկսելու»․ «Մարտական եղբայրություն» նախաձեռնության անդամ

Սեպտեմբեր 03,2021 17:35

Ինչպես հայտնել էինք, օրերս հայտարարվեց «Մարտական եղբայրություն» նախաձեռնության ստեղծման մասին։ Aravot.am-ը զրուցել է նախաձեռնության անդամ, 2020թ․-ի պատերազմի մասնակից Ավետիս Ավետիսյանի հետ։

Պարոն Ավետիսյան, ովքե՞ր են նախաձեռնության անդամները, ի՞նչ գաղափարներ եւ նպատակներ են կրում։

-Հիմնականում պատերազմի դաշտով անցած տղաներն են՝ այնպիսիք չէ, որոնք գնացել են 2 ժամով ու փախել-եկել։ Նրանք, ովքեր մինչեւ վերջ տեսել են ամեն ինչ։ Նրանք ոչ միայն գնացել են պատերազմ, այլեւ մինչեւ այդ էլ ակտիվ հասարակական-քաղաքական գործունեության մեջ են եղել։ Դավիթ Սանասարյանին գիտեք, ես էլ նախկինում քաղբանտարկյալ եմ եղել՝ Շանթ Հարությունյանի արժեքների հեղափոխության մասնակից, եւ դատապարտվել եմ։ Մեր նախաձեռնությունը խորը նպատակներ ունի իրականում։ Այն պետք է կարողանա լրացնել ինքնավստահության պակասը, որն այսօր առկա է։ Մարդկանց մոտ համատարած վախի, անորոշության մթնոլորտ է։ Հիմա պատերազմից խոսում եւ պատերազմի մասին վերլուծություններ են անում այնպիսի մարդիկ, որոնք անգամ խաղաղ ժամանակ սահմանին 7 կմ չեն մոտեցել, բայց որակավորումներ են տալիս։ Ուզում ենք շտկել այս ամենը, որպեսզի նախ ժողովուրդն իրականում իմանա, թե ինչ է եղել։ Մեր տեսածը, այն, ինչի միջով մենք անցել ենք, այսօր սխալ ձեւով են ներկայացնում, խաբում են։ Ուզում ենք մարդիկ ճիշտն իմանան, դասեր քաղեն եւ գալիս պատերազմներին պատրաստվեն, որոնք անխուսափելի են։

-Որպես պատերազմի մասնակից՝ ո՞ր հարցերն են ձեզ համար մինչեւ հիմա խնդրահարույց ու հարցական մնացել, ո՞րն է ձեր ասած «ճիշտը», որը մինչեւ հիմա հասանելի չի եղել հանրության լայն զանգվածներին։
-Ամենափոքր մարտական գործողությունները ծրագրավորելուց սկսած՝ մինչեւ քաղաքական հարցեր։ Ոչ մի բանն էլ պարզ չի։ Խավար է բոլոր հարցերում՝ սկսած տեղային մարտական գործողություններից, վերջացրած մեծ գործողություններով, օրինակ՝ «Լելե-Թեփե»-ով։ Շուշիի անկման մասին առհասարակ կարելի է չխոսել․․․մութ ու խավար է։

Իսկ տեղում ի՞նչ խնդիրներ եք արձանագրել, որոնցից մարդիկ տեղյակ չեն։
-Որտեղ որ ես եմ եղել՝ «Եղիկներում», մինչեւ այսօր 94թ․-ի խրամատներն էին․․․ մեզ տարիներ շարունակ խաբել են, որ մենք վատ ենք ապրում, որովհետեւ բանակն են սարքում, որովհետեւ գումարները բանակի վրա են գնում․․․ սո՛ւտ․․․ անգամ ռադիոկապ չունեինք։ Որ լիներ, երբ ես եմ վիրավորվել, տղաներից հինգը մահացել են․ գուցե այդ դեպքից խուսափեինք։ Ընդամենը ռադիոկապի մասին է խոսքը։ Մեր ստեղծած միաբանությունն իրականում մեծ նպատակներ ունի, ուստի չէի ուզենա հիմա նման փոքր խնդիրներով ձեզ ծանրաբեռնել։ Միաժամանակ, ճիշտ է, փոքր են թվում, բայց այդ փոքր բաներից մարդկանց կյանքեր են խեղվել ու կործանվել։ Ժամանակը գա՝ ամփոփ կասենք ամեն ինչը։

Որո՞նք են ձեր հիմնադրած միաբանության անելիքները եւ ինչպե՞ս եք պատկերացնում դրանք իրագործելու ճանապարհային քարտեզը։
-Մենք յոթ գլխավոր արժեքներ ենք ամրագրել։ Առաջինը՝ հավատարմություն եւ նվիրվածություն։ Նկատի ունենք, որ մենք ՀՀ ինքնիշխանությանը եւ հայ ժողովրդի ազատագրական պայքարին ենք նվիրված։ Դա մեր թիվ մեկ խնդիրն է։ Երդվում ենք երբեք չդադարել պայքարել հանուն հայ ժողովրդի եւ ՀՀ-ի։ Երկրորդ․ արիություն եւ քաջություն․ դա միայն «դուխով» հոգեբանական վիճակը չէ, այն ավելի լայն իրողություն է՝ աշխարհայացք։ Հավատամք հայ ժողովրդի հանդեպ․ մենք հավատում ենք, որ չենք սպառել մեր ներուժը, որպես ազգ եւ պետություն։ Ճիշտ գնահատականներ տալով նախկին եւ ներկա սխալներին՝ կարող ենք անիվը հետ պտտել։ Հաջորդը՝ սեր եւ ասպետություն․ մենք սեր ենք ամրագրում մեր զինակից եղբայրների հանդեպ եւ ասպետական վերաբերմունք ունենք անգամ թշնամու հանդեպ։ Մարտի դաշտում էլ է եղել, որ գնահատել ենք թշնամու քաջությունը․ քաջությունն անգամ թշնամու մեջ պետք է գնահատել։ Ատելություն․ այն դրսեւորում ենք ժողովրդի եւ պետության ինքնիշխանության դեմ ուղղված ցանկացած բանի հանդեպ՝ դասալիքի, հայրենիքի դավաճանների հանդեպ։ Պատիվ․ միաբանությունը տեր է կանգնում հայ ժողովրդի պատվին։ Մենք հասկանում ենք, որ պարտվել ենք, եւ պարտությունն էլ պետք է կարողանանք պատվով կրել։

Իմիջիայլոց, չեք վախենո՞ւմ, որ ձեզ կդատապարտեն ռեւանշիստ լինելու համար․ այսօր թշնամի պետության ղեկավարներից մինչեւ մեր քաղաքական վերնախավ՝ խոսում են ռեւանշի բացառման մասին։
-Նոր պատերազմն անխուսափելի է, եւ էլի թշնամին է այն սկսելու, ուզենք, թե ոչ։ Անգամ, եթե հավաքվենք հրապարակում ու ասենք՝ «սիրելի թշնամիներ, խնդրում ենք, պատերազմ մի սկսեք», այն միեւնույնն է, սկսելու են։ Ալիեւը հստակ ծրագիր ունի․ նա ասում է, որ Երեւանն էլ է իրենցը։ Նա որոշակի հաջողություն ունեցավ Արցախի հարցում, հիմա հասել է Գեղարքունիքին ու Երեւանին։ Սա խոսում է այն մասին, որ նա նոր ծրագիր ունի եւ ըստ դրա է մոտիվացնում իր ժողովրդին։ Մենք չենք սկսելու պատերազմ, թշնամին է սկսելու, ոնց որ միշտ է սկսել։

Մեր զրուցակիցը հավելեց, որ միաբանությունը նոր որակի, նոր մոտեցումներով կառույց է լինելու, եւ առաջիկայում շատ հարցերի առնչությամբ հստակ պատասխաններ կտրվեն։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930