Բռնցքամարտի աշխարհի 2021 թվականի առաջնությունը, որը մարզաձեւի միջազգային ֆեդերացիայի համար տարվա գլխավոր իրադարձությունն է լինելու, կկայանա Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում, հոկտեմբերի 24-ից նոյեմբերի 6-ը:
Armnoc.am-ի փոխանցմամբ՝ կազմակերպիչները վստահեցնում են, որ կանեն ամեն բան, որպեսզի առաջնությունն ընթանա բարձր մակարդակով եւ անմոռանալի հիշողություններ թողնի մասնակիցների մեջ:
Բռնցքամարտը վերջին տարիներին ծանր ժամանակներ էր ապրում, անգամ մարզաձեւը օլիմպիական խաղերի ծրագրից հանելու իրական վտանգ կար: Բարեբախտաբար, ՄՕԿ-ը բռնցքամարտը պահեց Տոկիոյի օլիմպիական խաղերի ծրագրում, սակայն ԱԻԲԱ-ին զրկեց ճանաչման կարգավիճակից: Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի նորընտիր նախագահ, ռուսաստանցի Ումար Կրեմլյովը հայտարարել է, որ ֆեդերացիան ներկայումս սերտ համագործակցություն է հաստատել ՄՕԿ-ի հետ, հեղինակավոր փորձագետների դիտողություններն ու առաջարկները հաշվի առնելով՝ իրականացնում է անհրաժեշտ բոլոր բարեփոխումները, ուստի ոչ մի խաչընդոտ չի տեսնում 2024 թ. Փարիզում կայանալիք օլիմպիական խաղերից առաջ ֆեդերացիայի օլիմպիական կարգավիճակը վերադարձնելու համար:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ