Լրահոս
Օրվա լրահոսը

Լավրովը մանրամասնել է, թե ինչ գրություն է հղել Նալբանդյանին հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից առաջ

Սեպտեմբեր 03,2021 14:43

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Նոր գիտելիք» մարաթոնի ժամանակ մանրամասներ է պատմել հայ-թուրքական Ցյուրիխյան արձանագրությունների ստորագրումից՝ մեկնաբանելով իր երկտողը Հայաստանի այն ժամանակվա արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին. «Էդուարդ, համաձայնիր արարողությանն առանց հայտարարության»:

Լավրովը պատմել է, որ 2008թ. Հայաստանից իրենց հայտնել են, որ թուրքական կողմն առաջարկել է պայմանավորվել դիվանագիտական հարաբերությունների վերականգնման, հարաբերությունների կարգավորման, համագործակցության և համատեղ նախագծերի իրականացման շուրջ: Ռուսական կողմը պաշտպանել է այդ գաղափարը, բայց հարցրել՝ արդյոք կա՞ն նախապայմաններ: Ասել են՝ նախապայմաններ չկան:

«Երբ գործը հասավ ստորագրմանը, իսկ ստորագրումը նախատեսվում էր Ցյուրիխում՝ իհարկե, Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարների մասնակցությամբ, այնտեղ եկել էր ԱՄՆ այն ժամանակվա պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, ԵՄ ներկայացուցիչը, ձեր խոնարհ ծառան և էլի որոշ դեմքեր: Մենք պետք է դառնայինք այդ լուրջ իրադարձության վկան, բայց ստորագրությունից առաջ պարզվեց, որ մեր թուրք գործընկերներն ասացին՝ այո, մենք դա կստորագրենք, բայց պետք է վերապահում անենք Լեռնային Ղարաբաղի հարցով»,- պատմել է Լավրովը:

Նա նշել է, որ վերապահման տեքստը տարբերվում էր Հայաստանի դիրքորոշումից, և այդ ժամանակ ինքն ասել է Նալբանդյանին՝ քեզ զգուշացնում էի չէ՞, այնքան էլ չէի հավատում, որ դա կարող էր լինել առանց նախապայմանների:

«Բայց ունեինք այն, ինչ ունեինք. եկել-հասել էինք … և փակուղի է: Արդյունքում որպես փոխզիջում առաջարկվեց, որպեսզի թուրք գործընկերը համաձայնի հետ կանչել այդ ձևական պայմանը, բայց հայ գործընկերներն ասացին, որ իրենք պետք է հայտարարություն անեն, որում Հայաստանն իր դիրքորոշումը կշարադրի Լեռնային Ղարաբաղի հարցում: Այդ ժամանակ թուրք նախարարն ասաց՝ եթե դու հայտարարություն անես, ապա ես էլ կանեմ: Դե, մենք էլ նստած, ի դեպ ֆուտբոլ էինք նայում, իսկ երկու նախարարները նստած վիճում էին մինչև ուշ գիշեր: Մենք արդեն հասկացել էինք, որ պետք է ինչ-որ կերպ դուրս գալ այդ իրավիճակից, դրա համար ես նրան (Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին-խմբ.) երկտող գրեցի, որպեսզի նա չպնդի մեկնաբանություն անելու թեման: Այդպես էլ եղավ»,- ասել է Լավրովը:

Նա նշել է, որ արդյունքում փաստաթղթերը ստորագրվեցին, բայց այդպես էլ «անհետացան» հենց նույն պատճառով, քանի որ կողմերը տարբեր դիրքորոշումներ ունեին Ղարաբաղյան կարգավորման հարցում:

«Այժմ, երբ պատերազմը Լեռնային Ղարաբաղում ավարտվել է, հիմքեր կան քաղաքական գործընթացի, տրանսպորտային և տնտեսական կապեր ապաշրջափակման համար, տրամաբանական կլիներ, եթե Հայաստանն ու Թուրքիան վերսկսեին հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը»,- ասել է Լավրովը՝ վերահաստատելով Մոսկվայի պատրաստակամությունը՝ ամենաակտիվ կերպով աջակցելու այդ գործընթացին:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930