Լրահոս
Օրվա լրահոսը

Կկանգնի՞ արդյոք Ադրբեջանը միջազգային տրիբունալի առաջ

Սեպտեմբեր 03,2021 16:02

Ֆրիդրիխ-Ալեքսանդր Էռլանգեն Նյուրնբերգի համալսարանի իրավաբանական գիտությունների դոցենտ, հայ-գերմանական իրավաբանների միության նախագահ, Գուրգեն Պետրոսյանի հետ զրուցել ենք Ղարաբաղյան հակամարտության համատեքստում Ադրբեջանի իրագործած պատերազմական հանցագործություններին միջազգային իրավական գնահատականներ տալու հնարավոր ուղիների և այս պահին տարվող աշխատանքների մասին։

Ադրբեջանը դեռևս 80-ականների վերջերից բազմիցս զինված բախումներ է հրահրել ինչպես ՀՀ սահմանամերձ բնակավայրերում, այնպես էլ Ադրբեջանական հանրապետության հայաբնակ համայնքներում, որոնք ուղեկցվել են հայերի բռնաճնշումներով, լայնածավալ տեղահանություններով…Արդյոք երբևէ միջազգային քրեական իրավունքի տեսանկյունից այս իրադարձությունները որևէ ակնառու գնահատական կամ բնորոշում ստացե՞լ են:
-Նախ հստակեցնենք՝ Սումգայիթում, Բաքվում և Ադրբեջանի այլ հայաշատ բնակավայրերում տեղի ունեցած ոճրագործություններն ոչ այնքան պատերազմական հանցագործություններ են, որքան մարդկության դեմ հանցագործություններ, քանի որ դժվար է հստակեցնել, կար արդյո՞ք այդ ժամանակ զինված ընդհարում, թե ոչ։ Մարդկանց արտաքսելը, կամ խոշտանգելը, սպանելը…կարող են դիտարկվել մարդկության դեմ հանցագործությունների շրջանակում։ Բայց հիշեցնեմ, որ մարդկության դեմ հանցագործությունների մասին եզրույթը միայն երկուհազարականներից հետո է ձևակերպվել Հռոմի ստատուտի շրջանակներում, Հայաստանը ստորագրել է այս ստատուտը, սակայն չի վավերացրել, բացի այդ նախորդ հազարամյակի վերջերին տեղի ունեցած իրադարձությունների մասով կիրառելի չէ, քանի որ ստատուտը հետադարձ ուժով չի գործում։ Հակամարտության նախորդ փուլում տեղի ունեցած պատերազմական հանցագործությունների մասին միջազգային իրավունքի շրջանակներում որևէ քրեական դատավարության, որևէ իրավական վարույթի մասին տեղյակ չեմ։ ։ Գիտական ասպարեզում խոսվել է այս մասին, բարձրաձայնել են խնդիրները, բայց փաստացի երբեք որևէ գործընթաց չի սկսվել, լավ կլիներ, եթե գիտական հետազոտությունները կիրառական նշանակություն ունենային նաև այս ոլորտում։

Ե’վ 1994-ի, և’ 2020-ի հրադադարի համաձայնագրերից հետո պարբերական և լայնածավալ հարձակումներ թե’ ՀՀ պետական սահմանի երկայնքով, թե’ Արցախի պարագայում մշտապես եղել են։ Դիտորդական առաքելություն իրականացնող մարմինների մոնիտորինգներից, արձանագրություններից, քննադատություններից զատ արդյոք Ադրբեջանի այս գործելաոճը երբևէ իրավական գնահատական ստացե՞լ է։
-Հատկապես 2014-ի հունվար, հուլիս, օգոստոս ամիսներին, 2016-ի ապրիլին, 2020-ի հուլիսին, հետո արդեն՝ սեպտեմբերին պարբերաբար եղել են զինված բախումներ, մարտական գործողություններ, սակայն որևէ միջազգային քրեական իրավունքի շրջանակներում որևէ վարույթ չի սկսվել այս դեպքերի առնչությամբ։ Այս առումով իրավասություն ունի մարդու իրավունքների Եվրոպական դատարանը, որը, սակայն, քննում է ոչ թե քրեական տեսանկյունից, այլ պետական պատասխանատվության տեսանկյունից և մասնավորապես, եթե պետությունը խախտել է Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիան։ Պետք է հաշվի առնել, որ ատյանները քիչ են, իսկ հակամարտություններ բռնկվում են աշխարհի տարբեր հատվածներում ու պարբերաբար։ Հայաստանում և Հայաստանի շուրջ կատարվողը բացառիկ ուշագրավ պետք է լինի, կամ այդպիսին պետք է ներկայացվի, այստեղ դիվանագիտությունը մեծ անելիք ունի, հակառակ դեպքում աշխարհն այսօր հակամարտությունների պակաս չունի, իսկ դրանք ամենուր ուղեկցվում են զանազան հանցագործություններով։ Աշխարհում մի քանի այդպիսի ատյաններ կան, որոնք էլ իրենց հերթին իրավասությունների շրջանակներով են տարբեր։ Եվրոպական դատարանն, օրինակ` ոչ թե պատերազմական հանցագործություններն է քննում, այլ դրանց արդյունքում, կամ հետևանքով մարդու իրավունքների, սեփականության իրավունքի, կյանքի իրավունքի…այս կամ այն կերպ ոտնահարման դեպքերը։ Պատերազմական հանցագործություններ քննելու առումով իրավասություններ ունի Հաագայի Միջազգային քրեական դատարանը։ Սակայն նկատենք, որ Հայաստանը այս ատյանի անդամ պետություն չէ, ինչպես և Ադրբեջանը։ Որպեսզի որևէ գործով այս ատյանում վարույթ ընդունվի պետք է կողմերն անդամ պետություններ հանդիսանան։ Մյուս ատյանը Միազգային արդարադատության դատարանն է, որը ոչ թե անձնական պատասխանատվությունն է քննում, այլ պետական պատասխանատվությունը։ Հայաստանը Հռոմի ստատուտը չի վավերացել, որովհետև սահմանադրական դատարանը գտավ, որ այդ փաստաթղթում մեր սահմանադրության հետ հակասություններ կան. կարծում եմ՝ այստեղ ոչ թե իրավական խնդիր էր, այլ պարզապես քաղաքական որոշում էր։

Գուցե միամիտ հնչի, բայց մի՞թե Հայաստանում չկար այնքան հեռատեսություն, որպեսզի գիտակցեին, որ այս կոնֆլիկտը ոչ այսօր է լուծվելու և ոչ էլ՝ վաղը, և որ միջազգային իրավական մարմինների հետ հարաբերություններ կառուցելը պարզապես անհրաժեշտություն է. դա կարող էր անվտանգային երաշխիք լինել հայկական պետությունների համար։
-Կարծում եմ՝ այստեղ ավելի խորը քաղաքական պատճառներ կան։ Եթե մենք վավերացնենք Հռոմի ստատուտը, ոչ միայն Ադրբեջանի իրագործած պատերազմական հանցագործություններն են քննվելու, մեր մասով էլ կարող են հարցեր առաջանալ։ Դատարանի իրավասությունը ակտիվացնելու պարագայում բոլոր կողմերի գործողություններն են ենթարկվում բազմակողմանի քննության։ Սակայն պետք է հաշվի առնել, որ նույնիսկ դատարանի միակողմանի իրավասության ճանաչման շրջանակներում, դատարանը ուղղակի առումով չի ունենա իրավասություն ադրբեջանական պատերազմական հանցագործությունների նկատմամբ։ Մասնավորապես՝ Ադրբեջանը կարող է առաջ քաշել բազմիցս շահարկվող տեղահանված ադրբեջանցիների հարցը և այլն։ Տարիներ շարունակ այս հակամարտության շուրջ բազմաթիվ բացեր են եղել, բազմաթիվ ինչուներ, որոնք կարող էին և պետք է հիմնավոր պատասխաններ ունենային, կոնկրետ մենք, այս ուղղությամբ շատ քիչ բան ենք արել։ Ադրբեջանն ինքը ևս չի համագործակցում միջազգային դատական ատյանի հետ։ Ի դեպ, չմոռանանք, որ հակամարտության խաղաղ կարգավորման համար ընտրվել էր Մինսկի խմբի միջնորդությունը։

Կարծեք թե Հայաստանի և Արցախի իրավական և դիվանագիտական շրջանակները չեն պատրաստվում նախաձեռնողականություն դրսևորել։ Բաքվում արդեն խոսում են պատերազմի հետևանքով վնասի փոխհատուցում ստանալու մասին։
-Ինքս որպես իրավագետ զարմացած եմ, որ չկա համարժեք կոշտ արձագանք, բայց ավելի զարմացած եմ, որ Հայաստանն ինքն է լռում։ Հակամարտության համայնապատկերում սա իրենց ձեռքին բավական մեծ խաղաքարտ է։ Գանձակի թեման Ադրբեջանը շահարկեց բավական մեծ մասշտաբներով, իսկ Հայաստանում և Արցախում տեղի ունեցող մարդկության դեմ հանցագործությունների, պատերազմական հանցագործությունների վերաբերյալ համարժեք աղմուկ չի բարձրանում, սա հետագայում նույնպես խնդիրներ կարող է առաջ բերել։ Տեղեկատվական դաշտում նրանք կարողացան համոզել միջազգային հանրությանը, որ հայկական կողմը խոցել է ոչ ամենևին առաջնագծին մոտ բնակավայրերում միտումնավոր նախապես տեղակայված զրահատեխնիկան, այլ հենց խաղաղ բնակավայրերն է թիրախավորել։

Իսկ մարդու իրավունքների պաշտպանի ինստիտո՞ւտը։ Թե’ ՀՀ և թե’ Արցախի ՄԻՊ-երը պարբերաբար բարձրաձայնում են Ադրբեջանի՝ մարդու իրավունքների խախտումների մասին, պատերազմական հանցագործությունների մասին, արդյոք մարդու իրավունքների Եվրոպական դատարանը կարո՞ղ է վարույթ ընդունել այդ հաղորդումների հիման վրա։
-Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունները մեծ մասամբ հանրային իրազեկման համար են։ Դրանք կարող են դատարաններում քննությունների համար որպես փաստական հիմք օգտագործվել, բայց չեն կարող հիմք հանդիսանալ, որպեսզի իրավական գործընթացներ սկսվեն։

-Չի՞ կարող արդյոք միջազգային կոնսենսուսով հատուկ տրիբունալ ստեղծվել, այդպիսի նախադեպերը քիչ չեն։
-Դրանք հիբրիդային դատական համակարգերն են։ Օրինակ Սիրիայի պարագայում նույնպես միջազգային քրեական դատարանը որևէ իրավասություն չուներ, և քննարկվում էր ստեղծել ինչ-որ հատուկ դատական մարմին, որը նման կլիներ Ռուանդայի, կամ Հարավսլավիայի դատական մարմիններին, սակայն այս տարբերակը կյանքի չկոչվեց։ Արցախի հակամարտության պարագայում ավելի ճկուն մոդել կարող է կիրառվել, որի միջոցով ավելի արագ կարելի է արդյունքների հասնել, քրեական գործեր կերտել Եվրոպական, Լատինամերիկյան ազգային դատարաններում կամ Ռուսաստանի դատարաններում։ Երբ ամերիկացիները ռմբակոծում էին Եմենի քաղաքացիական շինությունները, Եմենի փախստականները, որոնք տուժել էին այդ ռմբակոծություններից, եկել էին Գերմանիա և հայց էին ներկայացրել, այն ավիաբազայի աշխատակազմի վերաբերյալ, ով օժանդակում էր ավիադրոններին, որոնք Գերմանիայի միջոցով գնում էին դեպի Եմեն, նրանք գտել էին միջազգային ատյանների վրա ազդելու այլընտրանքային իրավական ճանապարհ և սա շատ ողջունելի է, նման նախադեպերը կարող են լավ օրինակ լինել նաև մեզ համար։

-Անհատական գործերի մասի՞ն է խոսքը։
-Գոյություն ունի Universal Jurisdiction հասկացություն, այսինքն` անհատը, ով միջազգային հանցագործություն է գործել ենթարկելի է պատասխանատվության անկախ հանցանքի կատարվելու վայրից, անկախ անհատի քաղաքացիությունից և այլն։ Օրինակ, եթե անհատը գիտի իր հարազատին ով է սպանել պատերազմի դաշտում, ով է գլխատել, խոշտանգել, կարող է կոնկրետ այդ անձի նկատմամբ մեղադրանք առաջադրել։ Գերմանիան այս առումով մեծ փորձառություն ունի, օրինակ, Սիրիայի, Լիբիայի, Իրաքի մասով։ Փախստականների հոսքի տակ նաև բազմաթիվ հանցագործներ էին գալիս Եվրոպա, և նրանց կարողանում էին իդենտիֆիկացնել նույն այն տեսանկարահանումների միջոցով, որոնք նրանք տարածում էին հիմնականում սոցիալական մեդիայի հարթակներում իբրև հերոսապատում, կամ տեռորիստական ուժի ահ ու սարսափ սփռելու միջոց։ Արդեն նմանատիպ գործերի տասնյակ ավել դատավճիռներ կան, այդ մարդիկ քրեական տարբեր պատասխանատվություններ են կրել ու կրում։

-Հայ-գերմանական իրավաբանների միությունը նույնը փորձում է անել Ղարաբաղյան հակամարտությա՞ն համատեքստում։
-Պետությունները, որոնք անդամակցում են Հռոմի ստատուտին նրանք պարտավոր են ոչ միայն համագործակցել միջազգային քրեական դատարանի հետ, այլև անձամբ պատժել պատերազմական հանցագործներին իրենց իսկ դատարաններում, երբ տվյալ անձը կհայտնվի իրենց պետության տարածքում։ Այդպիսի գործեր մենք բացել ենք Շվեդիայում, Արգենտինայում, հիմա փորձում ենք Ֆրանսիայում և այլ երկրներում. մենք չենք կարող հետ գնալ ութսունականներ, բայց երկուհազարականների գոնե առաջին տասնամյակից սկսած, թե աճյունի փորձագիտական եզրակացությունների, թե դիակի հետաքննությունների միջոցով կարելի է գործընթացներ սկսել։ Օրինակ Քյարամ Սլոյանի գործով իդենտիֆիկացված է և տուժողը և հանցանք կատարող անձը, եթե հիշում եք, տեսագրություն կար, լուսանկարներ կային։ Բացի այդ անձի միջոցով կարելի է պարզել նաև ստորաբաժանումը, իսկ այս դեպքերում պատասխանատվություն են կրում նաև ստորաբաժանման մյուս ծառայողները, ովքեր այդ պահին ներկա են եղել և որևէ կերպ չեն կանխել ոճիրը, ինչպես նաև հրամանատարությունն է պատասխանատվություն կրում։ Իրականում անձնական գործի մասշտաբները կարող են բավականին ընդլայնվել և փաստացի դուրս գալ անձնականի տիրույթից, մի քանի նմանատիպ հաջող վարույթներից ու վճիռներից հետո, կարծում եմ՝ բոլորովին այլ իրականություն կարելի է կերտել, որը կարող է ազդեցություն ունենալ նաև այլ գործընթացների վրա։ Ուստի պետք չէ հապաղել։ Իրավական դաշտը մեծ անելիք ունի։

-Դուք բավական փաստական նյութ եք հավաքել, ո՞րն է լինելու հաջորդ քայլը։
-Պատերազմի ընթացքում հայ-գերմանական իրավաբանների միությունը Գերմանիայի գլխավոր դատախազին պատերազմական հանցագործությունների մասով հաղորդում ներկայացրեց։ Հիմնական հաղորդումը ներկայացրել ենք հոկտեմբերի քսանին, դրանից հետո մինչև դեկտեմբերի տասներկուսը հինգ- վեց լրացում ենք արել, հիմա ևս լրացումների վրա ենք աշխատում, մենք մեր սեփական միջոցներով ինչ-որ հայտնաբերում ենք, ընթացքում ներկայացնում ենք գերմանական իշխանություններին։ Այս պահին ամենաբարձր մակարդակով Ադրբեջանը խախտում է միջազգային օրենքը։ Ռազմագերուն պետք է պատերազմական գործողությունների ավարտից հետո վերադարձնել իր երկիր, սակայն նրանք այսօր վկայակոչում են այդ անձանց կողմից, իբր, պատերազմական հանցագործություններ կատարելու հանգամանքը, սա իրականում քաղաքական ճնշում գործադրելու համար է արվում, որը իր հերթին պատանդառություն է և ինչպես միջազգային պարտավորության ոտնահարում, այդ թվում նաև պատերազմական հանցագործություն։ Սա պետք է բարձրաձայնվի ամենաբարձր մակարդակով, ցավոք, գործիքներն առկա են, բայց մենք առայժմ չենք օգտվում այդ գործիքներից։ Ոլորտի մասնագետներն, ովքեր, լծվել են այս գործինանկախ են աշխատում։ Պետության տեսանկյունից չկա որևէ համակարգված մեխանիզմ, որը թույլ կտա և կօժանդակի բոլոր այն անձանց, ովքեր այս ուղղությամբ աշխատում են, միավորել իրենց ուժերը։

-Իսկ լրագրողական համայնքը՞, միջազգային տեղեկատվական դաշտում լավ մշակված տեղեկույթը չի՞ կարող արդյոք աղմուկ բարձրացնել, որը կշարժի միջազգային բարձր հարթակների հետաքրքրությունը։
-Լավ է, որ լրագրողները հետաքրքրված լինեն, բայց այս դեպքում անհրաժեշտ է ծայրագույն զգուշավորություն ցուցաբերել՝ ոչ մի դեպքում չխախտելով մասնագիտական էթիկայի գրված ու չգրված նորմերը, այլապես կարելի է մեծ վնաս հասցնել գործին։ Տեսեք, ինձ համար անհասկանալի է, մեր լրագրողների օպերատիվ արձագանքը գերությունից վերադարձած անձանց անձնական պատմություններին։ Սա, այո, գուցե արտաքին լսարանի վրա ներազդելու միջոց է, սակայն չպետք է մոռանալ, որ այդ տեղեկությունները նաև հասանելի է այն պետությանը, որտեղ դեռևս գերեվարված անձիք կան։ Բացի այդ այնպես չէ, որ բոլորը մինչև վերջ կարող են անկեղծանալ, և հաճախ ոչ անկեղծ այդ զրույցներն իրենց հերթին կարող են նաև որոշ միֆեր ստեղծել, օրինակ, որ Ադրբեջանում, այո, իսկապես լավ են վարվում ռազմագերիների հետ, և կարիք չկա իրավական պատասխանատվության հրավիրել այդ պետությանը։ Լրագրողները, միանշանակ, պետք է բարձրաձայնեն պատերազմական հանցագործությունների մասին՝ չվնասելով այլ ոլորտների մասնագետների աշխատանքին և, առհասարակ, չվնասելով կարևոր այլ գործընթացների։ Այսօր առավել, քան երբևէ մենք կարիք ունենք ամենատարբեր ոլորտների համակարգված միասնական աշխատաոճի հանուն մեր պետության շահի։

Ամփոփենք. ստացվում է՝ Ադրբեջանն ամեն հնարավոր կերպով խույս է տալիս դատական գործընթացներից, իր դեպքում սա բնական է։ Միևնույն ժամանակ, սակայն, Իլհամ Ալիևը համառորեն խոսում է մեկ միասնական պետության մասին՝ ներառյալ Արցախը՝ իր հայ բնակչությամբ, խոսում է համատեղ կեցության հնարավորությունների մասին, խոսում է փախստականների՝ իրենց նախկին բնակավայրեր երկուստեք վերադարձի մասին, գուցե այս համատեքստում իրավաքաղաքական հիմքերի ամրապնդման տեսանկյունից կարելի է վերանայե՞լ պատմական անցյալն ու հաշվի նստել վերջին եղելությունների հետ, օրինակ, քննարկել՝ ինչպե՞ս կարելի է համատեղ ապրել մեկի հետ, ով հադրութեցի պապիդ ու քեռուդ գնդակահարել է հենց Հադրութի հրապարակում, տեսանկարահանել գնդակահարությունն ու, իբրև հերոսական արարքի արձանագրություն, զետեղել այն սոցիալական մեդիայի հարթակներում։
-Օրինակ Ռուանդայի ցեղասպանությունից հետո, երբ ամբողջ Ռուանդայի իրավաբաններին և օրենքի ներկայացուցիչներին վերացրել էին, տեղում որոշել էին ստեղծել ազգային մոդելի ավանդույթներով առաջնորդվող մի դատական մարմին, որը կոչվում էր Գաչաչա, ու քննել, թե ստեղծված իրավիճակի համար ով էր մեղավոր, ով մեղավոր չէր։ Երկխոսության արդյունքում, ի վերջո, երկու ցեղերը հաշտվեցին։ Այսօր Ռուանդան համարվում է աֆրիկյան պետություններից ամենադեմոկրատներից մեկը։ Սակայն Սերբիայում երկխոսության բոլոր փորձերը անհաջողությամբ են պսակվում, կոնֆլիկտն էլ ավելի է սրվում։ Որքան սերբերին դատում են դատարանում, այնքան բոսնիացիների ու սերբերի միջև կոնֆլիկտը ծայրահեղության է հասնում։ Այդ տարածաշրջանում իրավիճակն այսօր այնքան է լարված, որ մեծ է պատերազմի վերսկսկման վտանգը։ Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի պարագայում նախ անհրաժեշտ է հասկանալ՝ արդյոք հասարակությունները երկխոսության ցանկություն ունե՞ն, ուզո՞ւմ են հետ նայել, հակամարտության ծագման էթնոքաղաքական նախադրյալների հետ պատրա՞ստ են, քաջություն ունե՞ն առերեսվելու անցյալի եղելությունների հետ, պատրաստ են դրա համար պատասխանատվություն կրելու, պատրաստ են իրենք այդ ցավով մեզ հետ միասին ապրել այս տարածաշրջանում։ Սա սոցիալհոգեբանական լուրջ խնդիր է։

Զրուցեց Նաիրա Համբարձումյանը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930