Լրահոս
Օրվա լրահոսը

«Արամ անունը, Գույումջյան ազգանունը միշտ կմնա մեր մեջ՝ որպես ընկեր մեր շարքերում, մեր ամեն պահի մեջ». հերոս Արամ Գույումջյանի ընկերներ

Սեպտեմբեր 03,2021 14:19

«Ասում էր՝ մա՛մ, գլուխդ բարձր պահիր ու միշտ հպարտ եղիր: Երբեք էլ Արամը չթողեց, որ մեր գլուխը կախենք»,-Aravot.am-ի հետ զրույցում արցունքն աչքերին ասաց հերոս Արամ Գույումջյանի մայրը՝ Քրիստինե Գույումջյանը:

Արամ Գույումջյանը ծնվել է 2001-ի մարտի 1-ին՝ Երևանում: 2019-ին ընդունվել է ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի թուրքագիտության բաժին: Հուլիսի 9-ին զորակոչվել է զինծառայության: Վեց ամիս ուսումնական զորամասում՝ որպես հրետանավոր անցկացնելով, կրտսեր սերժանտ, բանակի գերազանցիկ շքանշանակիր Արամը 2020-ի հունվարի 10-ից ծառայությունը շարունակել է ԱՀ Պաշտպանության բանակում: Մասնակցել է 44-օրյա պատերազմին: Նա զոհվել է հոկտեմբերի 7-ին՝ Հորադիսում: Արամ Գույումջյանը պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով:

Մայրը հպարտությամբ է հիշում՝ Արամը շատ սիրում էր պատմական գրքեր կարդալ, շատ երազանքներ ուներ, բայց մնացին կիսատ: Արամն այնքան էր սիրում կարդալ, որ ծառայության ընթացքում էլ միշտ իր հետ գրքեր են եղել, իսկ մայրիկի նվիրած գիրքը տվել էր ծառայակից ընկերոջը: Արամի զոհվելուց հետո նա գիրքը վերադարձրեց տիկին Քրիստինեին:

Հետաքրքրվեցինք՝ ի՞նչ էր պատմում ծառայության մասին, տիկին Քրիստինեն ասաց. «Արամն ընդհանրապես չի դժգոհել: Ասում էր՝ մամա՛, ամեն ինչ լավ է, դուք լավ եղեք»: Ծառայությունից հետո Արամի նպատակները բոլորը կապված են եղել կրթվելու հետ: Մայրը հիշեց. «Պետք է գար, ուսումը շարունակեր, շատ էր սիրում սովորել, շատ նպատակներ ուներ, ասում էր՝ մա՛մ, մարդ պիտի կրթված լինի, ինքն ուրիշ էր… որ փոքր էր, ասում էր, որ մեծանամ, կարո՞ղ եմ նախագահ դառնալ, ասում էի՝ կդառնաս: Շատ նպատակասլաց էր, որ մի նպատակ դնում էր, պիտի անպայման հասներ ու կհասներ»:

Արամի քույրը՝ Ալլան, շատ է կարոտում եղբորը, ծառայության ընթացքում նրան նամակներ էր գրում: Մեզ հետ զրույցում չկարողացավ զսպել հուզմունքը, արտասվեց՝ նշելով, թե շատ է եղբորը կարոտում, կուզեր՝ ինքն իր կողքին լինել:

Արամի տատիկը՝ տիկին Ալլան, ասում է՝ Արամն այնքան ամաչկոտ էր, կարծես այս դարի երեխա չլիներ: Նա հիշում է՝ Արամը հայրիկի հետ առանձնահատուկ հարգանքով ու ակնածանքով էր շփվում:
Ընկերները մի այլ սիրով, հպարտությամբ ու ջերմությամբ են հիշում Արամին: Մեկը պատմեց իրենց ծանոթության մասին, մյուսը, թե ինչպես էր իր գրադի վրա գործ անում: Նրանք հավաստիացրին. «Միշտ Արամ անունը, Գույումջյան ազգանունը կմնա մեր մեջ որպես ընկեր մեր շարքերում, մեր ամեն օրվա, ամեն պահի մեջ»:

Արամի հայրիկի՝ Գագիկ Գույումջյանի հետ այցելեցինք Եռաբլուր պանթեոն: 2021-ի ապրիլի 7-ին Արամի մարմնի՝ հարազատներին հասած մասունքը հուղարկավորվել է այստեղ: Գագիկ Գույումջյանն ասաց՝ մինչև 44-օրյա պատերազմը Արամը եղել է մարտական դիրքերում: Ու մանրամասնեց. «Սեպտեմբերի 26-ի գիշերը շատ լարված էր. խոսակցությունից հասկացա, հետո զգաց՝ ինչ-որ բան զգում եմ, անջատեց հեռախոսը: Հետո Արամը զանգեց ավելի ուրախ տրամադրությամբ: Բայց երբ առավոտյան արթնացանք, հասկացանք՝ պատերազմ է սկսվել, հասկացա Արամի այդ լարվածության պատճառը»:

Արամի հայրը պատմում է՝ պատերազմի առաջին երկու օրը զանգ չեն ստացել, երրորդ օրն է որդին կապ հաստատել՝ տրամադրությունը բարձր, մարտական: Գագիկ Գույումջյանն ասում է՝ որդին ուզում էր իմանալ՝ մեզ մոտ ինչ է կատարվում, քանի որ իրենք ավելի շատ բան էին տեսնում և սպասում օգնության. «Հարցնում էր՝ ռուսը ի՞նչ է ասում, քանի որ օրեցօր մարտերը թեժանում էին, մինչև հոկտեմբերի 6-ը: Արամը հեռախոս չուներ, տարբեր հեռախոսներից զանգում էր: Մինչև հոկտեմբերի 6-ի գիշերը դուրս են գալիս դեպի Ջեբրայիլ, չեն հասնում. Հորադիսում շրջափակման մեջ են ընկնում, եւ Արամը ու էլի մի քանի տղաներ այդ օրը զոհվում են: Ոչ մեկի չէի թողնում զանգեր Արամին, ասում էի՝ հենց հարմար լինի, Արամը կզանգի, բայց Արամը չզանգեց: Հոկտեմբերի 9-ի գիշերն եմ իմանում, հոկտեմբերի 10-ից Կարմիր խաչ, հետո գերիների ցուցակ, որով մի քանի ամիս էլ մեզ կարողացան այդ հրաշքի մեջ պահել, ինչպես շատերին: ԴՆԹ պատասխանը գալիս է հունվարի մեջ, ավելի հավաստիանալու համար կնոջս հետ Գերմանիա ենք մեկնում, գերմանացիք էլ են հաստատում ԴՆԹ պատասխանը. արդեն ուրիշ բան չէր մնում: Ապրիլի 7-ին՝ Արամի զոհվելուց վեց ամիս հետո, գալիս ենք արդեն Եռաբլուր: Արամը գալիս, միանում է իր հերոս ընկերներին»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930