«Երկու տուկ խոտը վառվել է, 400 հազար քաշվեց: Ինչո՞վ աշխատի ու իր 3 քյոռփա երեխեքին պահի»,- Սոթքի բնակիչները գյուղամեջում նստած՝ այսպես հաշվում էին, թե համագյուղացիներից ով՝ որքան է տուժել ադրբեջանցիների կազմակերպած հրդեհներից:
Արդեն քանի օր է՝ Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Սոթք գյուղի արոտավայրերը հակառակորդը դիտավորյալ այրում է:
Սոթքի բնակիչ Ավետիս Զարգարյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ գյուղացիներն իրենց ջանքերով հրդեհները փորձել են մարել. «Բայց երեկ էլի էն սուր սարի ծերից վառում են, քամին էլ էս կողմի վրա է քշում, բերում»,- ասաց նա:
Հարցրեցինք՝ երբ կրակոցներ են լինում, ի՞նչ են անում, ապաստարաններ կա՞ն, Զարգարյանը պատասխանեց. «Հա հա՜: Ապաստարան սկի քաղաքում չկա, այստեղ որտեղի՞ց լինի: Կրակոցների ժամանակ էս պատի տակին նստում ենք, ի՞նչ պիտի անենք: Ճակատներիս ինչ գրված լինի, դա էլ պիտի քաշենք: Մի անգամ փախել եմ, եկել եմ, էլ ո՞ւր փախնեմ: Ես բնիկ գետաշենցի եմ: 91 թվականին եմ ես փախստական դարձել»:
Կարդացեք նաև
Հարցին ՝ ի՞նչ պահանջներ ունեք իշխանությունից, նա պատասխանեց. «Իշխանությունից ինչքան խնդրվես, այնքան ավելի վատն է լինում: Սաղ ջահելները պարապ, բառադի ման են գալիս, գոնե մի ստից աշխատատեղ լինի»:
Իսկ այն հարցին, թե ի՞նչ եկամտի աղբյուր ունեն՝ Ավետիս Զարգարյանը պատասխանեց, որ հույսը խոտն էր, որ պետք է քաղեին ու իրենց անասունները պահեին, բայց խոտհարքները հրդեհվել են:
Հարցին՝ չե՞ք պատրաստվում լքել գյուղը, նման մտադրություն չունե՞ք, նա պատասխանեց. «Մի անգամ արդեն լքել եմ գյուղս, էլ ո՞ւր լքեմ: Բայց կան արդեն լքողներ, սկիզբը դրվել է այս երկու օրը: Բա ի՞նչ պիտի անեն: Առաջին դասարանի, երկրորդ դասարանի երեխաներ ունեցողները… Որ մութը տալիս է, трассирующий патрон-ները օդում են՝ ոնց որ սալյուտ լինեն բաց թողնելիս: Անզեն աչքով երեւում է: Այս տարիքում իրենց պոստն էլ եմ տեսնում: Էն սարի գագաթին են բերել: Հարեւան գյուղում կրակոցներից տան պատերն են փլվել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ