Լրահոս
Օրվա լրահոսը

Զինված ուժերի նկատմամբ քաղաքացիական վերահսկողությունը ՀՀ-ում. Զարուհի Հովեյան

Սեպտեմբեր 03,2021 11:32

ՆԱԽԱԲԱՆ

Պետության քաղաքակրթության աստիճանը բնորոշվում է նաև հասարակության և զինված ուժերի փոխհարաբերությամբ։ Լայն իմաստով տվյալ հարաբերությունները բնորոշվում են 2 հիմնական գործոնով, որոնք սերտորեն փոխկապակցված են զինված ուժերի նկատմամբ քաղաքացիական հասարակության վերահսկողության աստիճանով և բանակի նյութական ապահովվածության մակարդակով։ Հարկ է նշել, որ դրանք լրջորեն ազդում են պետության ներքին կայունության վրա, որն էլ իր հերթին կանխորոշում է պոտենցիալ սպառնալիքի աստիճանը։ Օրինակ, ՆԱՏՕ անդամ պետություն դառնալու համար երեք կարևոր քաղաքական պահանջներից մեկը պատշաճ ժողովրդավարական հասարակության վերահսկողության հաստատումն է զինված ուժերի նկատմամբ։

Ընդհանուր առմամբ, անհրաժեշտ է փաստել, որ զինված ուժերի նկատմամբ քաղաքացիական վերահսկողությունը լայն հասկացություն է և ներառում է զինված ուժերի նկատմամբ ժողովրդավարական ճանապարհով ընտրված մարմինների ու նրանց կողմից նշանակված պաշտոնատար անձանց վերահսկողությունը և հասարակական կառույցների՝ հասարակական միավորումների, իրավապաշտպան կազմակերպությունների, լրատվամիջոցների և անհատ քաղաքացիների կողմից իրականացվող վերահսկողությունը:

Ի՞ՆՉ Է ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԵՎ Ի՞ՆՉ ՆՊԱՏԱԿՆԵՐ Է ՀԵՏԱՊՆԴՈՒՄ

Զինված ուժերի նկատմամբ քաղաքացիական վերահսկողությունը ենթադրում է, որ յուրաքանչյուր որոշում, լինի դա խաղաղ պայմաններում կամ պատերազմի ժամանակ, ընդունվում կամ հաստատվում է ժողովրդի կողմից ընտրված ներկայացուցիչների կողմից։ Քաղաքացիական-զինվորական հարաբերությունների մարտահրավերի հիմնական էությունը հետևյալն է՝ զինվորականները պետք է միևնույն ժամանակ լինեն և՛ բավականաչափ ուժեղ` քաղաքացիականների բոլոր պահանջները կատարելու համար, և՛ բավականաչափ հնազանդ, որպեսզի կատարեն միայն այն, ինչի համար լիազորված են քաղաքացիականներից: Քաղաքացիական վերահսկողությունը կարևոր է զինված ուժերը քաղաքականացվելուց կամ երկրի ռազմականացվելուց խուսափելու համար։

Զինված ուժերի նկատմամբ հասարակության կողմից իրականացվող վերահսկողությունը ենթադրում է մի քանի գլխավոր նպատակ՝
1. բանակաշինության կազմակերպում,
2. բանակի կողմից երկրի և հասարակության անվտանգության ապահովման երաշխավորում,
3. հասարակությունում բանակի ինտեգրման գործընթացի ապահովում,
4. զինված ուժերի ապաքաղաքականացում,
5. զինվորական փոխհարաբերությունների բարելավում,
6․ երկրի ռազմականացման բացառում:

ԻՆՉՊԵ՞Ս Է ՀՀ-ՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

ՀՀ-ում զինված ուժերի նկատմամբ քաղաքացիական վերահսկողությունն իրականացվում է հետևյալ մարմինների միջոցով՝

• Ազգային ժողով

Խորհրդարանական վերահսկողությունը զինված ուժերի նկատմամբ քաղաքացիական վերահսկողության կենտրոնական տարրն է: Արդյունավետ խորհրդարանական վերահսկողությունը կարևոր նշանակություն ունի ժողովրդավարության որակի համար: Խորհրդարանը պետք է կայուն հարաբերություններ ձևավորի քաղաքացիական հասարակության և զինված ուժերի միջև։ Շատ կարևոր հանգամանք է, որպեսզի խորհրդարանում լինեն այնպիսի պատգամավորներ, որոնք ունեն գիտելիքների անհրաժեշտ պաշար զինված ուժերի և դրան առնչվող տարաբնույթ հարցերի վերաբերյալ։ Սա ևս ամուր հիմք կարող է ստեղծել հասարակություն-բանակ կապի համար։

Հարկ է նշել, որ խորհրդարանը պետք է հնարավորություն ունենա անարգել ստանալ տարատեսակ տեղեկատվություն, որի հիման վրա կայացնի որոշում՝ զերծ մնալով կառավարության ուղղակի կամ անուղղակի ազդեցությունից։

Շատ կարևոր է Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի դերը և նշանակությունը։ Խորհրդարանական հանձնաժողովի աշխատակազմն ու քաղաքացիական հասարակությունը պետք է սերտորեն համագործակցեն վերահսկողության իրականացման գործում:

Պաշտպանության և անվտանգության բնագավառներում քննիչ հանձնաժողովի լիազորություններ կարող է իրականացնել միայն Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը: Ներկայումս խորհրդարանական վերահսկողության վառ օրինակ է Ապրիլյան պատերազմի հանգամանքների ուսումնասիրման քննիչ հանձնաժողովը։ 2020թ․ սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը տևած Արցախյան պատերազմի հանգամանքների քննության առնչությամբ հասարակության կողմից ևս պահանջ կա ստեղծել նմանօրինակ հանձնաժողով։ Սակայն շատ կարևոր է, որ հանձնաժողովը լինի լեգիտիմ և վայելի առնվազն հասարակության լայն շրջանակի վստահությունը։

Արդյունավետ խորհրդարանական վերահսկողությունը նպաստելու է զինված ուժերում կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը, մարդու իրավունքների պաշտպանության բարձրացմանը և բարեվարքության ամրապնդմանը:

2) Վարչապետ/ Կառավարություն/ Պաշտպանության նախարարություն/ Ազգային անվտանգության խորհուրդ

Կառավարությունը մասնակցում է ՀՀ ռազմական քաղաքականության հիմնական ուղղությունների ծրագրերի մշակման աշխատանքներին և ապահովում դրանց կատարումը: Պաշտպանության բնագավառի կառավարման մակարդակների վերլուծությունից պարզ է, որ Հանրապետության վարչապետը և պաշտպանության նախարարն իրականացնում են երկրի զինված ուժերի քաղաքականության մշակում և դրա իրականացման վերահսկողություն։

Որպես քաղաքացիական վերահսկողության տարրեր` կարելի է դիտարկել Հանրապետության Վարչապետի կողմից բարձրագույն սպայական կազմի կոչումների շնորհման ու պաշտոնների նշանակման ընթացակարգի կատարելագործումը‚ նաև զինծառայողների‚ նրանց ընտանիքների անդամների իրավունքներին ու օրինական շահերին վերաբերող հարցերի փոխհամաձայնեցված քննարկումների ընդլայնումը՝ պետական իշխանության մարմինների և հասարակական կառույցների միջև:

Զինված ուժերի նկատմամբ ժողովրդավարական վերահսկողություն սահմանելու առաջին լուրջ քայլերից էր պաշտպանության նախարարի պաշտոնը քաղաքացիական պաշտոն համարելը, որի հետևանքով պաշտպանության նախարար նշանակվեց արդեն քաղաքացիական անձ:

2020թ․ ապրիլի 21-ին Անվտանգության խորհրդի քարտուղարի ղեկավարությամբ ստեղծվել է պաշտպանական ոլորտի բարեփոխումների միջգերատեսչական հանձնաժողով, որի նպատակն է պաշտպանական ոլորտում առկա խնդիրների վերհանումը, դրանց պատճառների բացահայտումը, հետևանքների կանխարգելումը, ռիսկերի նվազեցումը և պաշտպանական ոլորտի բարեփոխումների իրականացման ուղղությամբ առաջարկությունների ներկայացումը։

3) Մարդու իրավունքների պաշտպան

Զինված ուժերի նկատմամբ քաղաքացիական ժողովրդավարական վերահսկողության գործուն մեխանիզմ է մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը, որը, որպես անկախ պաշտոնատար անձ, իրականացնում է մարդու խախտված իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը զինված ուժերում:

Նկատի ունենալով զինծառայողների թիվը, զինծառայողների ու նրանց ընտանիքների անդամների սոցիալ-իրավական պաշտպանվածության արդի վիճակը և զինծառայողների ու նրանց ընտանիքների անդամների իրավունքների ու օրինական շահերի պաշտպանությանն առնչվող մի շարք այլ կարևոր հարցեր` կարելի է նպատակահարմար համարել գերմանական փորձի օգտագործումը և համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելով գործող օրենսդրության մեջ՝ ստեղծել նաև զինծառայողների ու նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանի ինստիտուտը։

Զինվորական գործերով օմբուդսմենն իրավական պետության մեջ օբյեկտիվորեն գործող և անհրաժեշտ ինստիտուտ է: Դրա հիմնական հատկանիշներն են` անկախությունը գործադիր իշխանության մարմիններից, Պաշտպանության նախարարությունից և զինվորական կառավարման այլ մարմիններից, օրենսդրության ճշգրիտ պահպանումն ու կիրառումը, զինվորական կառավարման մարմինների գործունեության վրա ներգործելու իրական իշխանական ու իրավական լիազորությունները։

Որպես անկախ և անկողմնակալ ինստիտուտներ՝ նրանք կարևոր դեր են խաղում ոչ արդյունավետ կառավարման և մարդու իրավունքների խախտումների կանխարգելման հարցերում և հասցեագրում են դրանք` անկախ նրանից՝ դրանք վերաբերում են քաղաքացիների՞, թե՞ զինծառայողների իրավունքներին: Օմբուդսմենի ինստիտուտները բողոքներ ստանալու և քննելու, ըստ ոլորտների և համակարգային խնդիրների՝ զեկույցների պատրաստման և հրապարակման միջոցով կարող են ազդեցություն ունենալ ինչպես անհատների, այնպես էլ անվտանգության ոլորտի և ընդհանուր առմամբ օրենսդրական միջավայրի վրա: Ոչ արդյունավետ կառավարումն ու մարդու իրավունքների խախտումների կանխարգելումը կարևոր է ժողովրդավարական հասարակության համար: Այն մասամբ պայմանավորված է թափանցիկ և հանրության առջև հաշվետու անվտանգության ոլորտով: Նման թափանցիկությունը և հաշվետվողականությունը կարող են միայն երաշխավորվել անկախ և անաչառ մարմինների ձևավորմամբ, որոնք օժտված են անհրաժեշտ ռեսուրսներով և լիազորություններով:

4) Զանգվածային լրատվամիջոցներ

Զանգվածային լրատվության միջոցները մեծ նշանակություն ունեն ԶՈՒ-ում առկա խնդիրների բարձրաձայնման գործում։ Շատ կարևոր է հասարակության մեդիագրագիտությունը մասնավորապես պաշտպանության ոլորտին վերաբերվող հարցերում։ Փորձը ցույց է տալիս, որ հասարակության անվստահությունը հիմնականում ձևավորվում է տեղեկատվության բացակայության պայմաններում: Որոշ դեպքերի վերաբերյալ ստանալով կցկտուր տեղեկություններ` քաղաքացիները սկսում են յուրովի դատողություններ անել, որոնք միշտ չէ, որ համապատասխանում են իրականությանը: Իրավիճակն ավելի է բարդանում, երբ որոշ ԶԼՄ-ներ, օգտվելով պաշտոնական տեղեկատվություն չլինելու հանգամանքից, փորձում են սենսացիոն բնույթի նյութեր «հայթայթել» և առանց պատշաճ մասնագիտական վերլուծության ենթարկելու հրապարակել` դրանով իսկ փորձելով բարձրացնել իրենց վարկանիշը: Հասարակությունն էլ, իր հերթին, ցանկանում է լիովին իրազեկված լինել այն ամենի մասին, ինչ կատարվում է երկրում։

Պետական մարմինները հատկապես պատերազմական իրավիճակում հաճախ լրատվամիջոցներից պահանջում են հրապարակել միայն պաշտոնական հաղորդագրությունները՝ համարելով, որ միայն դրանք են պարունակում հավաստի և ճշգրտված տեղեկություններ: Սակայն հանրությունն ավելին իմանալու իրավունք ունի: Ուստի առաջնագծում կամ այլ լարված իրավիճակներում, իրադարձությունների վայրում աշխատող լրագրողը հարկ է, որ ներկայացնի նաև իր արձանագրածն ու այլ աղբյուրներից ստացածը՝ փորձելով չազդել հանրության զգոնության և սթափ դատողություններ անելու վրա, քանի որ միայն պաշտոնական տեղեկությունների հրապարակումը հղի է պետական քարոզչությանն ակամա մասնակցելու վտանգով:

ԶԼՄ-ները երբեմն նաև կարող են հանրությանը ներկայացնել ռազմական գաղտնիքներ պարունակող տեղեկություններ, որն այս կամ այն կերպ կարող է լրջորեն վնասել պետության ներքին և արտաքին անվտանգությունը՝ խաթարելով գործընթացների ու գործողությունների բնականոն ընթացքը։

Մեր օրերում սոցիալական ցանցերի շնորհիվ տեղեկատվությունը դարձել է ավելի սոցիալական, այն մեծ արագությամբ և կարճ ժամանակահատվածում տարածվում է հասարակության լայն շերտերում՝ ունենալով առավել օպերատիվ ազդեցություն: Սոցիալական ցանցերն ապահովում են յուրաքանչյուր անձի ձայնի իրավունքը: Այժմ բանակում նաև սոցիալական ցանցերի օգնությամբ որպես այլընտրանքային և օպերատիվ տեղեկատվական աղբյուր իրականացվում է տեղեկատվության տարածում: Ռազմական տեղեկատվության սակավության, ինչպես նաև օպերատիվության պակասը (հատկապես ֆորսմաժորային իրավիճակներում) զինված ուժերի անձնակազմը (մասնավորապես սպայակազմը) լրացնում է սոցիալական ցանցերի (հիմնականում ֆեյսբուքի) լրատվության միջոցով: Բանակայինները, որպես «ոլորտային մասնագետներ», տվյալ «տարածություններում» շրջանառվող ռազմական տեղեկատվության վերաբերյալ տալիս են մասնագիտական վերլուծականներ և կարծիքներ:

5) Հասարակական կազմակերպություններ, քաղաքացիների հասարակական նախաձեռնություններ

Զինված ուժերի նկատմամբ ժողովրդավարական վերահսկողության ձևերից է նաև զինված ուժերի կառավարման գործընթացում հասարակության ուղղակի ներգրավվածությունը, որի նպատակը հակակշիռների և զսպումների մեխանիզմներ պարունակող համակարգի գործադրման միջոցով զինված ուժերն այլ նպատակներով օգտագործելու բացառումն է:

Եթե մյուս բոլոր պետական մարմիններն իրենց աշխատանքը հիմնականում կազմակերպում են` հիմնվելով բողոքների և ահազանգերի վրա, ապա հասարակական վերահսկողությունն առավել նախաձեռնող է: Թեև հասարակական հատվածը բավական ակտիվ է գործում պաշտպանական ոլորտում, այն դեռ զարգանալու միտում ունի: Հետագա զարգացումը պետք է ուղղված լինի պետական կառավարման մարմինների հետ համագործակցության ընդլայնմանը, հանրային բնույթի որոշ լիազորությունների պատվիրակման վերաբերյալ նոր առաջարկությունների քննարկման գործում վերջիններիս առավելագույն ներգրավմանը:

6) Դատական իշխանություն

Զինված ուժերի նկատմամբ ժողովրդավարական վերահսկողության մեխանիզմ է նաև քաղաքացիական դատարանների կողմից զինծառայողների նկատմամբ արդարադատության իրականացումը: Այժմ՝ հետպատերազմյան օրերին, մեծ քննարկումների տեղիք են տալիս պատերազմի ընթացքում դավաճանական գործողությունների մեջ ներգրավված, դավաճանություն իրականացրած առանձին անհատներին, զինվորականներին, ռազմական ոլորտին առնչվող անհատներին, ինչպես նաև դասալիքներին արդարադատության առաջ կանգնեցնելու հրամայականը։ Սա, թերևս, ժողովրդավարական երկրների կարևոր նախադրյալներից է, և այս կարևոր հանգամանքը հաշվի առնելով՝ հարկավոր է նման գործընթացը սկսել դատական համակարգի վերափոխումից՝ ապահովելով դրա լիակատար անաչառությունը և վերջինիս նկատմամբ հանրության վստահության մթնոլորտը։

ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՆԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ-ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

Զարգացած երկրներում պաշտպանական կառույցների նկատմամբ հասարակական հսկողության հաստատման գործիքակազմի կիրառությունը, որպես կանոն, աչքի է ընկել արդյունավետությամբ և նպաստել այդ պետություններում պաշտպանական-քաղաքացիական հարաբերությունների կանոնակարգմանը, հասարակությունում զինված ուժերի ինտեգրմանը, զինված ուժերի նկատմամբ հասարակական կարծիքում առկա կարծրատիպերի հաղթահարմանն ու բանակի դրական կերպարի ամրապնդմանը։

Այսպիսով, դժվար է պատկերացնել կայուն, ժողովրդավար պետություն առանց գործուն քաղաքացիական-ռազմական հարաբերությունների: Այդ հարաբերությունների վրա ազդող գործոնները տարբեր են, և չկա համընդհանուր հայեցակարգ այդ հարաբերությունները զարգացնելու գործում։ Կախված տարբեր երկրների մշակութային, սոցիալական, քաղաքական առանձնահատկություններից՝ նման փոխհարաբերությունների զարգացման միտումներն էականորեն տարբերվում են։ Գործուն քաղաքացիական-ռազմական հարաբերություններն ավելի հավանական են այն պետություններում, որտեղ պետությունն ու քաղաքացիական ուժերն ունեն շարունակական լեգիտիմություն, ինչը ոչ ոքի մոտ կասկած չի հարուցում, երբ զինված ուժերը գործում են պետությանն ու լեգիտիմ կառավարությանը ծառայելու համար՝ լինի դա թագավոր, ազնվականություն, ժողովրդավար կառավարություն, թե այդ ամենի խառնուրդը:

Զինված ուժերը պետությանը ենթարկելու գործընթացը պետք է սկսվի պետության ներքին բարեփոխումներից ոչ միայն զինված ուժերում, ինչը դժվար է անել հատկապես մշտական կոնֆլիկտի և վտանգի առկայության դեպքում:

Հայաստանի Հանրապետության հասարակական կյանքում իրականացվող բարեփոխումների ընթացքում արդիական խնդիրներ են զինված ուժերի կազմակերպա-իրավական բարեփոխումները, որպեսզի դրանք ի վիճակի լինեն չեզոքացնելու երկրի ռազմական անվտանգության դեմ ուղղված թե՛ ներքին, թե՛ արտաքին սպառնալիքները։ Բնականաբար, պետության ռազմական կազմավորման արդյունավետ համակարգի ներդրումը, որը կապահովի պետության և քաղաքացիների շահերի փոխադարձ ու հավասարակշռված իրականացումը, իրավական պետության և քաղաքացիական հասարակության կայացման ընթացակարգի ամենաբարդ խնդիրներից է:

Ժողովրդավարական վերահսկողությունն ի վերջո հանգեցնում է զարգացած հասարակության ստեղծմանը, ինչպես նաև ժողովրդավարական արժեքների և ինստիտուտների երկարաժամկետ պրակտիկային, ինչը հնարավորություն է տալիս հեշտորեն լուծել սոցիալական կոնֆլիկտները՝ առանց զինված ուժերի մասնակցության սահմանադրական և օրենսդրական նորմերի գոյության պահպանման։

ՎԵՐՋԱԲԱՆ

Ժողովրդավարական վերահսկողությունը, այսպիսով, զինված ուժերի կայուն զարգացման գլխավոր նախապայմաններից է և անհրաժեշտություն է նաև մեր իրականությունում։

ՀՀ պաշտպանության ոլորտի հանդեպ հասարակության հսկողության գործիքակազմի հետևողական կիրառության ընդլայնման գործընթացը կնպաստի հասարակությանը բանակի ինտեգրմանը, զինված ուժերի վերաբերյալ առկա արատավոր կարծրատիպերի հաղթահարմանը, զինվորական հարաբերությունների բարելավմանը։

Մյուս կողմից, պաշտպանության ոլորտի զարգացման գործին հասարակության ակտիվ ներգրավումը հնարավորություն կտա երկրում ռազմական տեխնիկայի և սպառազինությունների արտադրության գործում ներդնել նոր տեխնոլոգիաներ, վերապատրաստել որակյալ մասնագետներ և զինվորականներ՝ այդպիսով բարձրացնելով զինված ուժերի մարտունակությունը։

Զարուհի ՀՈՎԵՅԱՆ
Ժողովրդավարության XXV դպրոցի շրջանավարտ

«Ժողովրդավարություն, անվտանգություն և արտաքին քաղաքականություն» ծրագիր (NED)
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930