Էկոնոմիկայի նախարարությունը շրջանառության մեջ է դրել մի նախագիծ, որով առաջարկում է ՀՀ-ում թուրքական ծագման արգելված
ապրանքատեսակների ցանկից հանել մի քանիսը։
Անցյալ տարի 44 օրյա պատերազմի օրերին կառավարությունը որոշում ընդունեց արգելել թուրքական ծագման բազմաթիվ ապրանքատեսակների ներմուծումը Հայաստան։
Այժմ էկոնոմիկայի նախարարության առաջարկած փոփոխությունը, ըստ հիմնավորման, պայմանավորված է այդ արգելքի հետեւանքով տնտեսավարող սուբյեկտների շրջանում առաջացող բացասական ազդեցությունը մեղմելու անհրաժեշտությամբ։
Շրջանառության մեջ դրված այս նախագծում նշված է՝ որոշման ընդունման արդյունքում առաջացող հնարավոր բացասական հետեւանքների մեղմման նպատակով նախագծով տնտեսվարող սուբյեկտներին հնարավորություն է ընձեռնվում, արգելված ապրանքների ցանկից հանել այն ապրանքատեսակները, որոնք թեպետ հանդիսանում են պատրաստի ապրանք, սակայն մի շարք տնտեսվարող սուբյեկտների կողմից արտադրվող արտադրանքի համար վերջիններս համարվում են հումք կամ միջանկյալ արտադրանք եւ որոնց ձեռքբերումը այլընտրանքային շուկաներից գրեթե անհնարին է՝ հաշվի առնելով լոգիստիկ շղթան եւ գին-որակ համադրությունը։
Կարդացեք նաև
Այս նախագծով առաջարկվող արգելքը չի տարածվում նաեւ որոշ ապրանքների միայն մեկ խմբաքանակի ներմուծման վրա, եւ սա, ըստ նախագծի հեղինակների, կնպաստի մի շարք խոշոր հարկատու հանդիսացող տնտեսվարողների գործունեության բնականոն աշխատանքի շարունակականությանը՝ մինչեւ վերջիններիս կողմից այլընտրանքային շուկայի փոփոխության կամ ներքին արտադրության կազմակերպման գործընթացների ավարտը։
Հեղինակները վստահեցնում են՝ այս նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է նախագծում ներկայացված վերջնական սպառման ապրանք չհանդիսացող ապրանքների օգտագործմամբ ապահովել հայրենական արտադրության, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության տարածքից կատարվող արտահանման ծավալների ավելացումը եւ շարունակականությունը՝ դրանով իսկ նպաստելով տնտեսական աճի տեմպերի արագացմանը։ Նախագծով նախատեսվում է նաեւ ոչ թուրքական ապրանքանիշերի հայաստանյան ներկայացուցիչներին հնարավորություն ընձեռել մինչեւ 2022 թվականի հունվարի 1-ը ներմուծել թուրքական ծագման արտադրանքի մեկ խմբաքանակ։
Հիշեցնենք, որ անցալ տարի հոկտեմբերին թուրքական ծագման ապրանքներիի ներմուծման արգելքը այս տարվա հուլիսին եւս վեց ամսով երկարացվեց, սա ԵԱՏՄ կարգավորումներով առավելագույն ժամկետն է։ Ու չնայած արգելքին, բազմաթիվ քաղաքացիներ հայտնում էին, որ տարբեր խանութներում շարունակվում է թուրքական ապրանքի վաճառքը։ Մոտ մեկ ամիս առաջ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ասել էր՝ թուրքական ծագման ապրանքների ներմուծման արգելքի ներդրումից ի վեր Թուրքիայից ներկրման ծավալները նվազել են 70 տոկոսով, մինչ այդ նախարարն ինքն էլ չէր հերքել, որ թուրքական ապրանքը Հայաստան է մտնում զարտուղի ճանապարհներով։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
02.09.2021