Լրահոս
Օրվա լրահոսը

20 տարի առաջ «Առավոտի» օգոստոսյան հրապարակումները խորհրդարանից

Սեպտեմբեր 03,2021 13:00

«Առավոտը» պարբերաբար ներկայացնում է երկու տասնյակ տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների լուսաբանումները: Մինչ այդ ներկայացրածս արխիվային հրապարակումներն առավելապես վերաբերել են հնչեղ քրեական գործերին, դատական գործընթացներին: Ներկայացնում եմ 20 տարի առաջ օգոստոսին խորհրդարանում կատարվող գործընթացների մասին, ինչ հարցեր են քննարկվել, ինչ ներխորհրդարանական մարտահրավերներ են եղել, բախումներ, հետապնդումներ ու «գնումներ»:

«Հոկտեմբերի 27»-ի խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովը 20 տարի առաջ հուլիսի 31-ին լսել էր եւ «Առավոտը» հաջորդ օրը օգոստոսի 1-ին տեղեկացրել էր, որ խորհրդարանը լսել է հրավիրված մասնագետներին։ «Դոկտոր, պրոֆեսոր Ալեքսանդր Ալավերդյանը եւ պրոֆեսոր Նելլի Խոստիկյանը հանձնաժողովի խնդրանքով «Հոկտեմբերի 27»-ի գործով մեղադրյալ, մեկուսարանում մահացած Նորայր Եղիազարյանի մահվան հանգամանքների պարզաբանման նպատակով կատարել էին լրացուցիչ փորձաքննություն։ Մասնագետները շեշտեցին, որ իրենք ուսումնասիրել են հանձնաժողովի անդամների ներկայությամբ իրենց ներկայացված հյուսվածքների փորձանմուշները։

Այսպիսի պնդման առիթ էր այն, որ հանձնաժողովի անդամներն ուզում էին պարզել՝ մասնագետները վստա՞հ են, որ զննել են հենց այն փորձանմուշները, որոնք պատկանում են Նորայր Եղիազարյանին»,-գրել էր «Առավոտը»։ Առավել ուշագրավ էր մեր գործընկերոջ հետեւյալ տեղեկությունը նիստի ժամանակ հնչածից. «Պրոֆեսոր Ալավերդյանը հանձնաժողովի նիստի ընթացքում ժամանակ առ ժամանակ զարմանում էր, թե ինչպե՞ս կարող է էլեկտրիկը մահանալ հոսանքահարումից։ Իր զարմանքը պրոֆեսորն արտահայտել է հենց առաջին օրը, երբ հարկ է եղել ուսումնասիրել հյուսվածքների նմուշները. «50 տարի դիահերձումներ եմ արել, բայց սա բացառիկ դեպք է, դա արդեն ինձ համար զարմանալի է» («Առավոտ», 2001թ. օգոստոսի 1, «Ինչպե՞ս կարող էր էլեկտիկը մահանալ հոսանքահարումից):

Օգոստոսի 2-ին տեղեկացնում ենք՝ «Միասնություն» խմբակցությունը կանոնադրություն չունի. «Արդեն երկու տարի քաղաքական մեծամասնությունը խորհրդարանում Անդրանիկ Մարգարյանի թեթեւ ձեռքով գործում է առանց կանոնադրության։ Թեպետ խմբակցության այսօրվա ղեկավար Գալուստ Սահակյանը պնդում է, թե պարտադիր չէ կանոնադրություն ունենալը, բայց, ի վերջո, նորմալ աշխատանքի համար կանոնադրություն ունենալը պարտադիր է։ Փաստորեն, երկու տարի շարունակ խմբակցությունը չգիտի՝ որոշումները քանի ձայնով պետք է ընդունվի, ինչ ձեւով պետք է այս կամ այն հարցը դրվի քվեարկության։ Այսինքն, կարելի է նաեւ ասել, որ մինչեւ այժմ խմբակցության ընդունած որոշումները անօրինական են եղել։ «Միասնություն» խմբակցության քարտուղարի պաշտոնից Վարդան Մկրտչյանին ազատելը եւ անկուսակցական Գագիկ Ոսկանյանին այդ տեղում նշանակելը եւս անօրինական է։ Փաստորեն, ՀԺԿ-ն խմբակցությունում փոքրամասնություն է, բայց նույնիսկ այդպես, եթե դեռեւս իներցիայի ուժով կամ ինչ-ինչ շահերի պատճառով ոմանք առայժմ ատամներով պահում են դաշինքը, ուրեմն ավելի հեռուն գնացող խնդիրներ ունեն»: «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհուրդը Ա. Բազեյանի գլխավորությամբ հանդես է գալիս հայտարարությամբ. «Գործադիր իշխանության հետեւողական եւ ապօրինի ճնշումների ներքո, Ազգային ժողովում տեղի են ունենում վերադասավորումներ, որոնք ուղղված են «Միասնություն» խմբակցության կազմալուծմանը եւ խորհրդարանական նոր «մեծամասնության» ձեւավորմանը»:

Օգոստոսի 15-ին ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Գեղամ Մանուկյանն «Առավոտին» տված հարցազրույցում նշում է. «Բոլոր քաղաքական կուսակցություններում տեղի են ունենում ինչ-ինչ խժդժություններ։ Անդամներ են հեռացվում, ինքնակամ են հեռանում, կուսակցությունները բաժանվում են։ Թվում է՝ իսկական Սոդոմ-Գոմոր։ Դաշնակցությունը եւս, կարծես թե, զերծ չէ նման խմորումներից։ Հարցը շատ ընդգրկուն է եւ, անշուշտ, խոսքը վերաբերում է Հայաստանում քաղաքական կուսակցությունների կայացածությանը։ Հայտնի է, որ Դաշնակցությունն այս կամ այն անդամին հեռացնում է, բայց երբեք դա Դաշնակցության վրա՝ որպես կառույց, չի ազդել եւ չի կարող ազդել, որովհետեւ կա մի կարեւոր հարց՝ կուսակցությունն ինչի՞ շուրջ է ձեւավորվում. անձի՞ շուրջ, որեւէ կարճ ժամանակի քաղաքական նպատակի՞, թե՞ ավելի գլոբալ գաղափարի։ Առաջին երկու դեպքերում, բնականաբար, հետեւելու է այն, ինչ ցավալիորեն տեղի է ունենում։ Եվ շատերի աչքի փուշը դարձել է Դաշնակցությունը, որտեղ այս երեւույթները բացառվում են։ Եվ սկսված ասեկոսեները, որ իբրեւ թե Դաշնակցությունում տեղի են ունենում խմորումներ, խոսում է մի բանի մասին։ Կամ շատերն, իրոք, ուզում են, որ Դաշնակցության մեջ եւս տեղի ունենան խմորումներ, որն անհնար է, եւ երկրորդ՝ փորձում են կեղծ լուրեր տարածել, որը կարող է ծնվել միայն Դաշնակցությունից չհասկացող անձնավորությունների մոտ»:

Օրակարգային հարց դարձած կուսակցական խմորումների մասին առավել ուշագրավ է եղել Աշոտ Մանուչարյանի օգոստոսի 15-ին «Առավոտում» ասածը. «Միեւնույն ժամանակ, ըստ Ա. Մանուչարյանի, արհեստական ընդդիմությունը վտանգավոր է այնքանով, որ, միեւնույն է, ի վերջո, կոչված է ծառայել այն արատավոր իշխանական համակարգին, որից մյուս բոլոր ընդդիմադիր ուժերը փորձում են ընդմիշտ ազատվել: Փորձենք փոքր-ինչ բացել փակագծերը եւ որսալ պարոն Մանուչարյանի նուրբ ակնարկների էությունը՝ խարդավանքների եւ արհեստական ընդդիմության մասին: Բանն այն է, որ այսօր արդեն խոսք է գնում երկու տարբեր ընդդիմադիր ալյանսների ձեւավորման մասին: Ոմանք պնդում են, թե համագործակցությունը լինելու է 5+1 ֆորմատով՝ Ճակատ, ՀԺԿ, «Հանրապետություն», «Ազգային միաբանություն», ԱԺԴ եւ Կոմկուս: Բայց դիտորդներից ոմանք կանխատեսում են, որ ավելի հավանական է, որ ՀԺԿ-ն, Կոմկուսն ու «Ազգային միաբանությունը», այնուամենայնիվ, մի առանձին ալյանս կազմեն՝ դրսում թողնելով «Հանրապետություն» կուսակցությանն ու ԱՀՃ-ին»:

Օգոստոսի 17-ին «Առավոտը» գրում է. «Ամիսներ առաջ, վարչապետ Անդրանիկ Մարգարյանի որոշմամբ, իր զբաղեցրած պաշտոնից ազատվել էր առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Զեյնալյանը: Այդ պաշտոնանկությունը, որ զուտ քաղաքական ենթատեքստ ուներ, ո՛չ այն ժամանակ, ո՛չ այսօր, վիճահարույց հարց չի եղել: Բանն այն է, որ Ա. Զեյնալյանը՝ լինելով նախարարի տեղակալ, համարձակվել էր հրապարակավ հանդես գալ իշխանությունների՝ դեղորայքը ավելացված արժեքի հարկով հարկելու, օրենսդրական նախաձեռնության դեմ: Բացի այդ՝ լինելով ՀՀԿ խորհրդի անդամ, նա մի քանի համախոհ զինակիցների հետ միասին համապատասխան հայտարարությամբ դուրս էր եկել կուսակցությունից՝ համալրելով «Հանրապետություն» ընդդիմադիր կուսակցության շարքերը: Իր պաշտոնանկությունից առ ժամանակ անց պարոն Զեյնալյանը դիմել էր դատարան՝ զբաղեցրած պաշտոնում վերականգնվելու ակնկալիքով: Կենտրոն, Նորք-Մարաշ առաջին ատյանի դատարանը մերժել էր Արտակ Զեյնալյանի հայցը ընդդեմ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի: Ապա Զեյնալյանը դիմել է վերաքննիչ դատարան»:

Օգոստոսի 18-ին ԱԺ պատգամավոր Խորեն Սարգսյանը հարցազրույց է տալիս խորհրդարանական մեր լրագրողին. «Խորեն Սարգսյանը պատմում է, որ իրեն Յուրի Մանուկյանը հարցրել է. «Ինչի՞ չես գնում Անդրանիկ Մարգարյանի մոտ»: Ինձ համար դա շատ վիրավորական խոսակցություն էր։ Իրոք, ես շատ ծանր վիճակի մեջ եմ ապրում. երկու սենյակ, 8 անձ։ Վիրավորական էր, որ մարդու ցավոտ տեղը բռնելով փորձում էին դա օգտագործել իրենց նպատակին։ Եվ ուզածներն ի՞նչ էր, որ ես ԱԺ-ում ելույթ չունենամ։ Ես ջղայնացած դուրս եկա՝ դուռը խփելով»։ Խորեն Թռչունիչին հիշեցրինք, որ, ըստ Հրանտ Ոսկանյանի, խոսակցությունը տեղի է ունեցել Կենտկոմի քարտուղարի ցուցմունքով։ Թռչունիչի ասելով. «Եթե դա Կենտկոմի ցուցմունքով էր, ես էլ Կենտկոմի անդամ քարտուղար եմ, մեկնումեկն ինձ կասեր՝ Թռչունիչ, այսպիսի բան ենք մտածել, համաձա՞յն ես, թե՞ չէ։ Կամ՝ Հրանտ Ոսկանյանը գիտեր, որ իմ լեզվին արգելք չեմ դնելու եւ ինչ-որ մի տեղ հայտարարելու եմ սա։ Նա կարող էր ինձ ասել՝ ընկեր Սարգսյան, Կենտկոմի հանձնարարությունն եմ ես կատարում»։ Խորեն Թռչունիչն ասաց, որ ինքը երբեք չի տրտնջացել իր խնդիրներով եւ ասաց, որ ինքը կսկսի մինչեւ «այս երկիրը երկիր դառնա»:

Օգոստոսի 23. «ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Դալլաքյանը եւ պատգամավոր Վարդան Բոստանջյանը 17 կուսակցությունների են ուղարկել «ՀՀ ազգային անվտանգության հիմնադրույթների մասին» օրենքի նախագիծը, ակնկալելով, որ մեկամսյա ժամկետում նախագիծը կքննարկվի եւ առաջարկություններ կարվեն։ Օրինագիծն առայժմ շրջանառության մեջ չի դրվում, խումբ-խմբակցությունները քննարկելուց հետո կարող են նաեւ համահեղինակ դառնալ։ Նախագծի հեղինակները մտադիր են այս առիթով խորհրդարանական լսումներ կազմակերպել։ Բոլոր կուսակցությունները, քաղաքական ուժերը կարեւորել են այս օրենքը, բայց մինչեւ այսօր օրենքը դեռեւս գոյություն չունի։ Հնարավոր է, լուրջ քննարկումներից, վերանայումից հետո օրենքի նախագիծը հիմնարար փոփոխությունների ենթարկվի։ Օրինագծի համահեղինակ Վիկտոր Դալլաքյանը մեզ հայտնեց, որ իրենք հավակնություն չունեն օրենքի նախագիծն իրենց մենաշնորհը համարելու, ընդհակառակը, պատրաստ են քննարկումների եւ գտնում են, որ սա այն կարեւոր օրենքն է, որի ստեղծմանը պետք է մասնակցեն բոլոր քաղաքական ուժերը։ Օրենքի նախագծում ՀՀ ազգային շահեր են համարվում «քաղաքական, տնտեսական, սոցիալական, միջազգային, ինֆորմացիոն, պաշտպանության, էկոլոգիական եւ այլ ոլորտներում անհատի, հասարակության եւ պետության հավասարակշռված շահերի ամբողջությունը»:

Օգոստոսի 31-ին կարդում ենք. «Վերջերս «Առավոտին» տված հարցազրույցում ԱԺ պատգամավոր Հմ. Հովհաննիսյանն, ակնարկելով գյուղատնտեսության նախարար Զավեն Գեւորգյանին, ասաց, թե որոշ նախարարներ իրենց նախարարական աթոռը պահպանելու համար կուսակցություն են ստեղծում։ Ինքը՝ Զավեն Գեւորգյանը չժխտեց, որ կուսակցություն «ունի», բայց, իր ասելով, ոչ թե անձամբ ինքն է ստեղծել, այլ՝ 1992-ից ի վեր ստեղծված Ագրարային կուսակցության մասին է խոսքը, որի հիմնադիրը եղել են Թելման Դիլանյանը եւ Մելս Մկրտչյանը. «Ես, ճիշտն ասած, ակտիվացրել եմ այդ կուսակցության գործունեությունը, չեմ թաքցնում»։ Գյուղնախարարը, հասկանալի է, որ մշակույթի աշխատողների կուսակցություն չէր ստեղծելու (թեպետ մեզանում ոչինչ այլեւս զարմանալի չէ եւ բոլոր արտառոց բաները օրինաչափ են դարձել), այլ՝ ագրարային։ Որն, ի դեպ, ըստ գյուղնախարարի՝ «կենտրոնամետ է լինելու, ուղղված է լինելու գյուղացիության խնդիրների լուծմանը, գյուղացիության համար հենարան դառնալու նպատակ ունի։ Ըստ էության, կուսակցությունը կայացած է, բավականին մեծ տարածում ունի, գյուղացիների մեջ մեծ ոգեւորություն կա։ Ես կարծում եմ, մեծ ապագա ունի»:

Պատրաստեց
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
02.09.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930