Լրահոս
Օրվա լրահոսը

«Շահագրգռում եք, որ առաջիկա համերգին ստուգեմ՝ մեր հանդիսատեսն ունի՞ որակավորման դիպլոմ»

Սեպտեմբեր 03,2021 12:30

Հարցազրույց կոմպոզիտոր Գեւորգ Հովհաննիսյանի հետ

– Վերջին անգամ ձեր ստեղծագործությունը՝ «Ադաջիո», հնչել է, եթե չենք սխալվում՝ 2016 կամ 2017թ., Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի մատուցմամբ։ Քանի որ ձեր գործերը հազվադեպ են կատարվում, գուցե դա՞ էր պատճառը, որ երեկոյի ընթացքում հնչած այլ ստեղծագործությունների թվում հատկապես «Ադաջիո»-ն էր դարձել խոսք ու զրույցի թեմա։ Հետաքրքրական է, որ կարծիքները ոչ թե մեծամասամբ, այլ միանշանակ դրական էին եւ ընդգծվում էր ստեղծագործության հիմնական վառ մեղեդային գիծը։ Ինչ վերաբերում է Հայաստանում համերգային ձեւաչափով ձեր գործերին սակավ անդրադարձը, նշենք, որ հայաստանցի ձեր գործընկերներն էլ հաճախ սրտնեղում են պետական կոլեկտիվների կողմից իրենց ստեղծագործությունները հազվադեպ հնչեցնելուց։

– «Սրտնեղելը» դուրս եկավ։ Ի վերջո, ցանկացած ստեղծագործություն քեզ համար չես գրում, ուզում ես, որ այն հասնի հանդիսատեսին, որ նա լսի, ինչու ոչ՝ սիրի։ Միաժամանակ գիտակցում ես, որ ակադեմիական երաժշտությունը բոլորի համար չէ…

– Ուզում եք ասել, որ մեր երկրում պրոֆեսիոնալ հանդիսատեսի պակա՞ս կա։

– Ես այդ արտահայտությունը չեմ հասկանում. ի՞նչ է նշանակում «պրոֆեսիոնալ հանդիսատես»։ Այսինքն՝ հանդիսատես, որն ունի որակավորման դիպլո՞մ։ Հայաստանում, ինչպես նաեւ Եվրոպայում, բազմիցս հանդիպել եմ տարբեր մասնագիտությունների տեր մարդկանց, որոնք չունենալով նույնիսկ երաժշտական տարրական կրթություն, սիրում են ու տարված են դասական երաժշտությամբ։ Ի վերջո, դասական երաժշտության համերգներին դահլիճում թող լինի 30-40 հանդիսատես, բայց դասական արվեստի երկրպագու։ Այ, դա է ինձ համար ամենակարեւորը։ Մի բան էլ. ես ոչ ոքի հատուկ չեմ հրավիրում համերգի, ընդամենը տեղեկացնում եմ, որ այդ երեկո կկատարվեն նաեւ իմ գործերից։ Սա հարցի մի կողմն է։ Մյուս կողմից պետք է գիտակցել, որ ոչ միայն երաժշտարվեստում, այլ ընդհանրապես ցանկացած նոր դժվարությամբ է ընդունվում։ Նկատել եմ, որ հանդիսատեսի մեծ մասը նախընտրում է գնալ համերգների, որոնց ընթացքում հնչելու են իրենց ծանոթ ու սիրելի կոմպոզիտորների գործերից, թեկուզ նույն ստեղծագործություններն արդեն հարյուր անգամ լսել են։ Կրկնում եմ՝ նոր անունները, նոր ստեղծագործությունները դժվար են ընդունվում։

– Որ ասացիք թող լինի 30-40 հանդիսատես, բայց դասական արվեստի երկրպագու, հիշեցինք, որ Երկրորդ համաշխարհայինի տարիներին լեգենդար թավջութակահար Ռոստրոպովիչը մենահամերգ է ունեցել ընդամենը մեկ հանդիսատեսի համար… Դուք ասացիք, թե չեք հասկանում ինչ է նշանակում «պրոֆեսիոնալ հանդիսատես»։ Մենք էլ հավաստիացնենք, որ «Առավոտի» հետ զրույցներում աշխարհահռչակ երաժիշտները հենց «պրոֆեսիոնալ» են որակել հայաստանցի հանդիսատեսին…

– Դուք շահագրգռում եք, ստիպում ինձ, որ առաջիկա համերգին ստուգեմ՝ մեր հանդիսատեսն ունի՞ որակավորման դիպլոմ (ծիծաղում է-Ս.Դ.)։

– Երբ մասնագիտական շրջանակներում հիշատակվում է ձեր անունը եւ այն, որ սիմֆոնիայի ժանրը ձեր տարերքն է, հետեւում է հետաքրքրությունը, թե ինչու հայրենիքում երբեւէ չեն կատարվել ձեր մեծակտավ գործերը։

– Մեծակտավ ստեղծագործության կատարումը ենթադրում է մեծ կազմ, մեծ ծախս եւ այսպես շարունակ։ Ի դեպ, դա խնդիր է բոլոր կոմպոզիտորների համար։

– Մեր առաջին զրույցն է ձեզ հետ եւ թույլ տվեք նկատել, որ գոնե մինչ այս պահը շատ չեք խոսել ձեր ստեղծագործությունների մասին, չեք սիրում դրանք ներկայացնել։

– Համամիտ եմ դիտարկման հետ։ Ընդհանրապես չեմ սիրում երաժշտությունը պատմել, այն լսելու համար է, ոչ պատմելու կամ ներկայացնելու։ Այլ բան է, որ կարող եմ հիացմունքս արտահայտել գործընկերոջս ստեղծագործության մասին ու ներկայացնել այն շատ վառ ու տպավորիչ։ Այս պահին հիշեցի Դավիթ Օյստրախի հետ կապված մի դիպված. երբ լրագրողը նրան հարցնում է՝ նվագելիս այլ բանի մասին մտածո՞ւմ է, ջութակահարը պատասխանում է. «Այո, մտածում եմ՝ գրողը տանի, ինչ լա՜վ եմ նվագում ես»։

– Մեզ քիչ հանդիպած քչախոս արվեստագետներից եք, որը առիթը չի օգտագործում իրեն, մեղմ ասած՝ գովազդելու նպատակով։ Բայց, խնդրում ենք, խոսեք ձեր մեծակտավ ստեղծագործությունների մասին, որոնք, ենթադրում ենք՝ մեկ-երկուսն են։

– Չեմ խոսում այն գործերիս մասին, որոնք դեռ հանդիսատեսին անծանոթ են։ Այ, եթե մեկ անգամ հնչած լինեին՝ ուրիշ հարց։ Առավել եւս չեմ խոսում նախաձեռնածս գործերի մասին, որոնք, չգիտեմ՝ ավարտին կհասցնե՞մ… Մի քանի տարի է՝ ինչ ժամանակս հիմնականում տրամադրում եմ երկվորյակներիս։ Բալիկներս են տնօրինում ժամանակս՝ ստեղծագործականը մղելով երկրորդ պլան (ժպտում է-Ս.Դ.)։

Զրուցեց
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
02.09.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930