Լրահոս
Օրվա լրահոսը

Տոտալ պարտություն՝ խորտակվող նավում

Սեպտեմբեր 03,2021 12:00

Խորհրդարանում կա ամեն ինչ՝ բացի քաղաքականությունից

Արդեն որոշակի ժամանակ մեր հասարակությունը հնարավորություն ունի հետեւելու նորընտիր խորհրդարանի աշխատանքներին ու թեեւ ժամանակը դեռ մեծ չէ, սակայն բավարար է, պատկերացում կազմելու, թե ՀՀ Ազգային ժողովը քաղաքական ինչ մակարդակի վրա է գտնվում: Այնտեղ կա ամեն ինչ՝ բացի քաղաքականությունից:

Խորհրդարանում հայտնված քաղաքական ուժերը, այո՛, արտացոլում են մեր հասարակության տրամադրությունները, ընդհանուր առմամբ, դա մեր հասարակության հայելին է: Ինչպես հաճախ ենք վերջերս մեր հասարակությանը մեղադրում նրանում, որ չեն գիտակցում, թե Հայաստանն այսօր ինչ բարդ իրավիճակում է հայտնվել, այնպես էլ նորընտիր խորհրդարանը խոշոր հաշվով ոչ միայն չի պատկերացնում տարածաշրջանային առումով կարեւոր գործընթացների խորությունը, առավել եւս՝ չունի լուծումներ, որոնք պարտավոր է ներկայացնել իշխանությանը, պահանջել նրանից ապահովել այս կամ այն խնդրի լուծումը:

Խորհրդարանում սովորական մրցակցություն է՝ խոսքի, ավելի ճիշտ՝ բառակույտերի տարափի, Ֆեյսբուքի օգտատերերին դուր գալու, նրանց «սրտիկներին», «ժպիտներին» արժանանալու, քաղաքական հակառակորդի հասցեին «ջղայնիկներն» ավելացնելու: Մեկը մնացել է որպես «հուժկու» ակտիվիստ, մյուսը՝ «ճարպիկ լրագրող», մյուսը՝ «տաղանդավոր իրավաբան», մյուսը՝ «խոսող»՝ ամեն ինչից, բայց՝ ոչինչ չասող, մյուսը մնացել է՝ Ֆեյսբուքի օգնությամբ «կենդանի եթեր» մտնող, «լայքեր» հավաքած, բայց անգործ մնացածի, «փողատերերից» անտեսվածի ու այդպես էլ «փող չկպցրածի» կարգավիճակում, մյուսը կարող է հավակնել՝ «ինչպես քծնել իշխանությանը» անվանակարգում, մեկին հաջողվում է լավ «թարս նայել», մյուսին՝ «ցինիկ ժպտալ» ու այսպես շարունակ…

Սա իսկապես իշխող քաղաքական ուժի համար խիստ բարենպաստ խորհրդարան է: Խորհրդարանական ընդդիմության առաջնորդները ՔՊ-ականների համար գլխավոր թիրախն են ու երկրի համար ցանկացած բարդ խնդրի վերաբերյալ քննարկում ծավալելու դեպքում նրանք բանավեճի նշաձողն իջեցնելու են «թալանի» մակարդակին: Սա այն դաշտն է, որում իշխող քաղաքական ուժը հաղթելու է ընդդիմությանը, վերջիններս այս հարցում, արդեն իսկ կարող ենք վստահ արձանագրել, որ պարտվել են իշխանությանը:

Խորհրդարանական ընդդիմությունը շարժվում է իշխող քաղաքական ուժի օրակարգով, նրանց չի հաջողվում ԱԺ-ում սեփական օրակարգը թելադրել՝ անգամ թեմաների ընտրության հարցում քննարկումները ուղղորդելու հարցում: Նորընտիր ԱԺ-ում, իհարկե, կան փորձված պատգամավորներ, որոնք նախորդ գումարման խորհրդարաններում խելացի մտքեր էին արտահայտում, սակայն մենք այսօր ունենք լիովին այլ քաղաքական մեծամասնություն, որը վարպետորեն տիրապետում է մանիպուլացնելու, ուղղորդելու, իրենց ուղղված մեղադրանքի սլաքները ցանկացած այլ ուղղությամբ պտտելու «արվեստին»:

Պետության օրենսդիր մարմնում պատգամավորների՝ միմյանց ուղղվող հարցերի, իրար քննելու թեմաների մակարդակն ուղղակի ծիծաղելի է, եթե հաշվի առնենք խնդիրների այն խորությունը, որում այսօր մխրճված է Հայաստանը: Խորհրդարանում պրիմիտիվիզմի շքերթ է, որտեղ թվում է, թե քաղաքական ուժերը հայտնվել են բախտի բերմամբ, իսկ որ ամենացավալին է, կգտնվի հասարակության մի հատված, որն այս պրիմիտիվիզմը կողջունի ու նրա համար խիստ դուրեկան կլինի՝ զուտ դիտելու, զբաղվելու տեսանկյունից:

Իրավիճակն, առանց չափազանցության, կարելի է տոտալ պարտություն որակել մի պետության համար, որը գտնվում է իր պատմության թերեւս ամենաբարդ փուլերից մեկում: Խորհրդարանում հայտնված ընդդիմադիրները ճիշտ չի լինի, եթե սկսեն սրտնեղել իրենց ուղղված արդարացի քննադատությունից: Խորհրդարանական աշխատանքի դեռեւս փոքր ժամանակահատվածի պայմաններում անգամ նրանք արդեն պարտվել են իշխող մեծամասնությանը, իսկ սա նշանակում է՝ պետության համար կենսական նշանակության խնդիրների ձախողման տեսանկյունից նրանք հավասարապես կիսելու են պատասխանատվություն՝ իշխանության հետ միասին: Քաղաքական փոքրամասնություն լինելու բեռը չի ազատում քաղաքական պատասխանատվությունից, անկախ նրանից, թե այսօրվա խորհրդարանը քաղաքական ինչ մակարդակի կրող է: Ընդամենը մեկ գործիչը, եթե նա ունի գիտելիք, խարիզմա, ազդեցիկ խոսք՝ կարող է մթնոլորտ փոխել, անկախ նրանից՝ իշխանություն է, թե ընդդիմություն:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
02.09.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930