Լրահոս
Օրվա լրահոսը

Սովետական միությունը մեռել է, սովետահայ մենթականությունը՝ ոչ

Սեպտեմբեր 03,2021 14:00

Սոցցանցերը եւ նույնիսկ իրենց հարգող էլեկտրոնային որոշ կայքեր այսօր լցվել են Նիկոլ Փաշինյանի՝ երկու տեղանվան թուրքերեն արտաբերման գույժով: Թեեւ որեւէ մեկի մտքով առ այսօր չի անցել Փաշինյանին խորհուրդ տալ կամ թեկուզ աղմուկ բարձրացնել, որ նա փոխի իր թուրքական «փաշա» հիմքով ազգանունը, ինչպես դա արեցին Հայաստանի Առաջին Հանրապետության առաջին եւ վերջին վարչապետները՝ Քաջազնունին (ծննդականով՝ Իգիթխանյան) եւ Վրացյանը (ծննդականով՝ Գրուզինյան), բայց հիմա երկինք բարձրացող «իրեքմանեթանոց» լաց են կապել Էյվազլը եւ Չայզամի տեղանունների՝ նրա արտասանության համար:

Հանկարծահաս «հայրենասերներին» առաջարկում եմ.
1. Որեւէ սկզբնաղբյուրում ցույց տալ Էյվազլըի եւ Չայզամիի երբեւէ հիշատակված հայերեն անվանում, որը իբրեւ «թրքացրել» է Փաշինյանը:

2. Ցույց տալ որեւէ հայալեզու մատյան եւ գիրք, ուր դրանցից որեւէ մեկը աշխարհագրորեն գոնե հեռավոր կապ ունի հայկական Շուռնուխի եւ հայկական Կարմրաքարի հետ:

Տգիտությունը, սրիկայությունը, սովետահայ մենթությունն այդպես էլ չեն լքում սովետական մնացած ժամանակակից մանիպուլյատորներին: Նույնիսկ անարդարին արդարամտորեն է պետք դատել, այլապես դատողն է դառնում անարդարը:

Զոմբիների գենետիկ խորշանքը գրի, գրքի, ամենայն հոգեւորի հանդեպ չբորբոքելու համար մեջբերում եմ այդ բառահոդվածները «Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարանից»:

ԷՅՎԱԶԼԸ – Գյուղ Ադրբեջանական ՍՍՀ Ղուբաթլուի շրջանում, Ղափան-Գորիս ճանապարհի վրա… 1960-ական թթ. ուներ 30 տուն բնակիչ… Մինչեւ 1940-ական թթ. մտնում էր ՀՍՍՀ-ի կազմի մեջ: «Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարան», հատոր 2 (Դ-Կ), Եր., ԵՊՀ, 1988, էջ 341-342:
ՉԱՅԶԱՄԻ – Գյուղ Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառում, Գորիսի ոստիկանական շրջանում: Տե՛ս ՓԱՅՏԱՄՇԿՄԱՆ ԳՈՐԾԱՐԱՆԻՆ ԿԻՑ ԱՎԱՆ: ՀՀ Գորիսի շրջանում: «Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարան», հատոր 4 (Ն-Վ), Եր., ԵՊՀ, 1998, էջ 207:
ՓԱՅՏԱՄՇԿՄԱՆ ԳՈՐԾԱՐԱՆԻՆ ԿԻՑ ԱՎԱՆ – Չայզամի – Ավան ՀԽՍՀ Գորիսի շրջանում, Գորիս քաղաքից 11 կմ հեռավորության վրա: 1970թ. ուներ 195, 1981թ.՝ 55 բնակիչ: Հատոր 5 (Տ-Ֆ), Եր., ԵՊՀ, 2001, էջ 231:

Հնգհատորյա բառարանը կազմած լուսահոգի գիտնական իմ դասախոսներն այնքան բծախնդիր էին, որ բացառված է, թե այդ տեղանքներն ունենային հայալեզու անվանումներ, եւ նրանք չնշեին: Իսկ Հայաստանից խոսող այդ հանկարծահաս «հայրենասերները» գոնե մեկ անգամ նայե՞լ են հայկական որեւէ քարտեզի: Եթե նայեին, ապա կտեսնեին, որ Չայզամին այնքան է հեռու Կարմրաքարից, որքան իրենք գրից ու գրականությունից, կտեսնեին, որ Էյվազլըն այնքան է հեռու Շուռնուխից, որքան իրենք հայի բուն արմատից: Խոսքը տասնյակ կիլոմետրերի մասին է: Պատմական Կարմրաքարն ու Շուռնուխը միշտ իրենց տեղում են եղել ու միշտ իրենց նույն՝ հայկական անուններով: Այլ հարց է, որ կոմունիստ ղեկավարները թիզ առ թիզ ծախել են ՀԽՍՀ իրավազորության սահմանները՝ արտոնելով իրենց ադրբեջանցի եղբայրներին մակաղելու այնտեղ:

Եթե տգետ, սրիկա ու սովետահայ մենթ չեն մանիպուլյացիայի հեղինակները, ապա կատարում են հստակ գործառույթ՝ երկրում փոխատելության մթնոլորտը հանուն ռուս-թուրքական շահերի է՛լ ավելի սրելու: Ու եթե այդպիսին չեն, ապա առաջարկում եմ, որ նույն Փաշինյանի կոկորդից բռնեն ու պահանջեն.

1. Փոխել «փաշա» թուրքական արմատով իր ազգանունը:

2. Պարտադրել, որ կառավարության եւ իր խմբակցության բոլոր այն ներկայացուցիչները, ում անունները կամ ազգանունները թուրքական են կամ ռուսական, պարտադիր դարձնել հայկական (նման շարժում սկսելու առաջարկ ես արել եմ դեռեւս 2008թ. ընդհատակում գտնվածս ժամանակ Լեոյի «Անցյալից» աշխատությունը հրատարակության պատրաստելիս, իմ գրած ծավալուն առաջաբանում):

3. Հայաստանի բոլոր բնակավայրերին վերադարձնել հայերեն անվանումները՝ սկսելով Ալավերդուց:

4. Սեփական խոսքում եւ առնվազն իր կառավարության ու խմբակցության անդամները հանրային խոսքում չօգտագործել թուրքերեն եւ ռուսերեն բառեր:

Եթե նկատեցիք, բառարանից մեջբերումներում հստակ ասվում է, որ դրանք Սովետական Հայաստանի մաս են կազմել տարբեր ժամանակներում: Առաջարկում եմ անուն առ անուն հրապարակել սովետահայ այն կոմունիստ առաջնորդների անունները, ովքեր գյուղեր ու ավաններ, անտառներ ու արոտավայրեր, դաշտեր ու ցանքատարածություններ են զիջել իրենց եղբայր Սովետական Ադրբեջանին եւ մեր սերնդին դրել այսպիսի վիճակի մեջ:

Հերթական անգամ հաշվի առնելով սովետահայ մենթերի գենետիկ խորշանքը գրի, գրքի, ամենայն հոգեւորի հանդեպ՝ հրապարակում եմ Սովետական Հայաստանի բոլոր ժամանակների կոմունիստ առաջնորդների անունները, որոնց այսօր սկսել են սրբացնել, նրանց արձաններն ու կիսանդրիները կառուցել, նրանց մասին ներբողական հուշեր գրել: Հանուն արդարության պետք է արձանագրել, որ սրանց մեջ կան որոշները, որոնց օրոք այդպիսի զիջումներ չեն եղել:

Սարգիս Լուկաշին (Սրապիոնյան), Աշոտ Հովհաննիսյան, Հայկ Հովսեփյան, Հայկազ Կոստանյան, Աղասի Խանջյան, Ամատունի Վարդապետյան, Գրիգորի Հարությունով(յան), Սուրեն Թովմասյան, Յակով Զարոբյան, Անտոն Քոչինյան, Կարեն Դեմիրճյան, Սուրեն Հարությունյան, Վլադիմիր Մովսիսյան, Ստեփան Պողոսյան, Արամ Գասպարի Սարգսյան, նաեւ՝ Ալեքսանդր Մյասնիկյան, Սարգիս Համբարձումյան, Սահակ Տեր-Գաբրիելյան, Աբրահամ Գուլոյան, Արամ Փիրուզյան, Աղասի Սարգսյան, Սահակ Կարապետյան, Բադալ Մուրադյան, Գրիգոր Արզումանյան, Ֆադեյ Սարգսյան, Վլադիմիր Մարգարյանց:

Առաջին հերթին այստե՛ղ փնտրեք հողատուներին՝ ձեր ռուսահաճ-թուրքահաճ կուռքերին, որոնց մասին մեր նոր սերունդը պարտավոր է բացառապես պարսավանքով հիշել, նողկալ նրանցից:

Նողկալի եք, պարոնայք, ինչպես ձեր բոլշեւիկ հայրերն ու պապերը, որ Սովետական Հայաստանին Նժդեհի թողած Զանգեզուրի սահմաններից թիզ առ թիզ տվեցին 70 տարում: Եվ ինչո՞ւ միայն Զանգեզուրի. թող խոսեն տավուշցիները, արարատցիները, գեղարքունիքցիները. թե՞ լեզուները չի պտտվի իրենց ստոր կոմունիստ պապերի անունները բարձրաձայնել: Երիցս նզովյալ լինեն նրանք, ում օրոք թեկուզ մեկ բուռ հող զիջվել է թուրքին:

Սիրելի՛ քույրեր եւ եղբայրներ, ուստրեր եւ դուստրեր, հայ գիտակցության դեմ ռուս-թուրքական հիբրիդային պատերազմը նոր թափ է հավաքում. զգոն եղեք եւ մի՛ տրվեք մանիպուլյացիաների: Եթե պետք է Նիկոլին կամ ցանկացած մեկին հայհոյել, ապա արեք դա անզիջում, բայց արդարամտորեն, ո՛չ գրպանը պլան գցող սովետահայ մենթի պես: Աստված արդարների՛ Աստվածն է:

Միքայել ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Պահպանողական կուսակցության
նախագահ

«Առավոտ» օրաթերթ
02.09.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930