Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

Ադրբեջանում անհետ կորածների իգական սեռի բարեկամներից սեքսուալ բնույթի գործողություններ կատարել պահանջողին՝ 12 տարի

Սեպտեմբեր 02,2021 22:22

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Նապոլեոն Օհանյանը սեպտեմբերի 2-ին հրապարակեց գորիսեցի 41-ամյա Ալիկ Հայրապետյանի դատավճիռը՝ 12 տարի ժամկետով ազատազրկում։ Ալիկ Հայրապետյանին մեղավոր ճանաչվեց ՀՀ քրեական օրենսգրքի 132 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի (մարդու թրաֆիքինգը կամ շահագործումը, որը կատարվել է երկու կամ ավելի անձանց նկատմամբ, կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով) եւ 132.2 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի (երեխայի կամ հոգեկան խանգարման հետեւանքով իր արարքի բնույթն ու նշանակությունը գիտակցելու կամ դա ղեկավարելու հնարավորությունից զրկված անձի թրաֆիքինգը կամ շահագործումը՝ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով) հատկանիշներով։ Մեղադրողը դատարանին միջնորդել էր ամբաստանյալին դատապարտել 20 տարվա ազատազրկման։ Դատարանը մեղմացուցիչ հանգամանք համարեց այն փաստը, որ նա ունի 4 անչափահաս երեխա։

Հիշեցնենք, որ Ալիկ Հայրապետյանը այս տարվա հունվար եւ փետրվար ամիսներին, համացանցային կայքերում կատարված որոնումների արդյունքում հայտնաբերել է Արցախյան վերջին պատերազմում իրենց անհետ կորած զինծառայող հարազատներին որոնելու կամ նրանց գտնվելու վայրի մասին տեղեկություններ ստանալու վերաբերյալ հրապարակումներ կատարած օգտատերերին եւ մասնավորապես առանձնացրել իգական սեռի ներկայացուցիչներին։

Ներկայանալով որպես Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող, «Азиз Мурадов» ֆեյսբուքյան էջով, Ալիկ Հայրապետյանը 103 օգտատերերի ուղարկել է հաղորդագրություն, իբր նրանց անհետ կորած հարազատները գտնվում են Ադրբեջանի քրեակատարողական հիմնարկներում եւ ինքը անմիջական շփում ունի նրանց հետ։ 103-ից միայն 17 հոգի են հավատացել նրան։ Ալիկ Հայրապետյանը իրեն հավատացողներին կեղծ խոստումներ է տվել, որ կկազմակերպի հեռախոսազրույց գերեւարված զինծառայողների հետ, կուղարկի նրանց լուսանկարները։ Համացանցից ներբեռնված լուսանկարները վերափոխելով ծրագրային հավելվածների միջոցով՝ տեղադրել է անհետ կորած զինծառայողի դեմքը եւ ուղարկել տուժողներին։

Ալիկ Հայրապետյանը իր տուժողներից պահանջել, ապա հարկադրել է սեքսուալ բնույթի այլ գործողություններ կատարել եւ ծառայություններ մատուցել։ Մասնավորապես, «Մեսենջեր» հեռահաղորդակցման հավելվածի միջոցով ուղարկել սեռական օրգանները ցուցադրող մերկ վիճակում կատարված լուսանկարներ ու տեսագրություններ՝ հակառակ պարագայում սպառնալով կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրել նրանց գերեւարված հարազատների նկատմամբ կամ սպանել վերջիններիս:

Դատաքննությունը ընթացավ դռնփակ, միայն դատավճիռը հրապարակվեց դռնբաց։ Նկատենք, որ Ալիկ Հայրապետյանի հարազատներից եւ ոչ մեկը ներկա չէր դատավճռի հրապարակմանը։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930